Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը: Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները գնում են արկածախնդրության և խախտելով մարդու իրավունքների միջազգային բոլոր հնարավոր նորմերը հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ինչպես նախկինում, այժմ էլ հայոց փառապանծ և հաղթանակած բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ նորից ու նորից ետ շպրտելով հակառակորդին՝ պատճառելով մարդկային ու նյութական բազմաթիվ կորուստներ: Ցավոք սրտի ադրբեջանական կողմի արկածախնդրության ու սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմը ևս ունի մարդկային կորուստներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում:
Մենք ոչ միայն խստորեն դատապարտում ենք ադրբեջնական կողմի ագրեսիան և ռազմաշունչ, հայատյաց հայտարարությունները, այլև կոչ ենք անում Ռումանիոյ, Բուլղարիոյ և համայն Եվրոպայի հոգևոր, քաղաքական, պետական ու դիվանագիտական ներկայացուցիչներին արձագանքել ու դատապարտել Ադրբեջանին և իր աջակից Թուրքիոյ իշխանությունների ցանկացած ռազմական գործողություն կամ պատերազմ հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։
Ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը, ինչն անթույլատրելի է: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողություն ստանալու է իր համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը: Այլևս անհերքելի է այն փաստը, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան իր հայտարարություններում անթաքույց կերպով պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ սատարելու Ադրբեջանին: Այն ինչ որ չկարողացավ անել Թուրքիան շուրջ 100 տարի առաջ, այն է՝ բնաջնջել ու ցեղասպանել հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում, այսօր փորձում է իրականացնել իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի ձեռքով: Եվ սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև Հարավային Կովկասի ժողովուրդների համար և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում ողջ տարածաշրջանում:
Իբրև քաղաքակիրթ ազգ, Մենք դեմ ենք ցանկացած ագրեսիայի և ռազմական ճանապարհով որևէ խնդրի կարգավորմանը, հետևաբար կոչ ենք անում միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի ագրեսիան, կոշտ արձագանքել և խնդիրը բերել բանակցությունների սեղանի շուրջ: Հակառակ պարագային Մենք կստիպենք Ադրբեջանին վայր դնել զենքը և հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից և վերադառնալ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։
Մենք Մեր կոչն ենք ուղղում համայն հայությանը համախմբվելու, միասնական բռունցք դառնալու և ջախջախիչ հակահարված տալու ոսոխին: Համայն Սփյուռքը և աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է մեկնելու Հայրենիք և զենքը ձեռքին մարտնչելու թշնամու դեմ: Հարկ եղած պարագային ռումանահայությունը և բուլղարահայությունը ևս՝ հոգևորական ու աշխարհական, Մեր խիզախ ու հայրենասեր երիտասարդներն ու պատանիները, պատրաստ ենք միասնաբար մեկնելու ռազմաճակատ և կռվելու բիրտ թշնամու դեմ:
Աղոթում ենք նահատակված Մեր հերոսների հոգիների համար, հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Թող Աստված խաղաղ ու անառիկ պահի Հայաստան և Արցախ աշխարհները, հայ ժողովրդին և հայոց փառապանծ բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին:
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Ռումանիոյ հայոց թեմի
Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի