Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայտարարությունը
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները նույնպես թիրախավորվել են։
Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ ետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։
Այս դժվարին և փորձություններով լի պահին, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր Հայրենիքի կողքին և առաջարկենք հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողերը, տները և ազգային արժանապատվությունը։
Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր Ազգի հաղթական ոգու վրա։
ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը։
Միությունը զորություն է։
ՀԲԸՄ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: