Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել է. »Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։ 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

 Արցախում հայտարարվել է ռազմական դրություն. Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ արտահերթ նիստում հանդես է եկել ելույթով, ինչի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ 

Սիրելի՛ հայրենակիցներ
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:
Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:
Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:
Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը:
 
Արցախի նախագահը նաեւ գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:
Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության:
Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս:
 
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք:
Ըստ հրամանագրի՝ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել զորահավաքային առաջադրանքների և միջոցառումների իրականացումը:
 
Արցախի նախագահի մամուլի ասուլիսը եւ ելույթը կարող եք դիտել այստեղ