Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Օրերս Բարսելոնաբնակ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանը հյուրընկալվել էր իր հայրենի Արցախում։ Ինչպես Արցախի մայր բուհում,այնպես էլ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում ջերմ մթնոլորտում անցավ նրա հանդիպումները ուսանողների եւ դասախոսական կազմի հետ։
 
Մաշտոցի համալսարանում բանաստեղծի հետ հանդիպումը բացեց ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը,հիշելով,որ բանաստեղծն իր ուսանողն է եղել։ Գրական երաժշտական կոմպոզիցիային զուգահեռ,որ կատարում էին ուսանողները,արտասանելով հեղինակի բանաստեղծությունները, ելույթ էին ունենում գրողներ, նախկին ու ներկա դասախոսներ, գրականագետներ։ Արցախի պետական համալսարանում հանդիպումը վարում էր բանաստեղծի կուրսընկեր, ռեկտոր Արմեն Սարգսյանը։
 
Նա սիրով ներկայացրեց ներկաներին իր բանաստեղծ ընկերոջ անցած ուղին։ Հանդիպմանը ներկա էին ինչպես բանաստեղծի բազում երկրպագուներ,այնպես էլ Արցախի ԱԺ պատգամավորներ, պետական գործիչներ։
 
Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնվել է Արցախի Չլդրան գյուղում։ Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում,Ստեփանակերտից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի բուհերում,ասպիրանտուրայում,պաշտպանել է ատենախոսություն եւ ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մի շարք ֆիլմերի, գիտական հոդվածների հեղինակ է։
 
Նրա բանաստեղծական շարքերը տպագրել են աշխարհի հանրահայտ ամսագրեր,թերթեր՝ Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Մեքսիկայում, բանաստեղծական միջազգային փառատոնների (ԱՄՆ , Իտալիա, Իսպանիա) մասնակից ու դափնեկիր է: Հայերենից բացի գրքերը տպագրվել են ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն լեզուներով։
 
Վաճառվում են աշխարհի խոշորագույն ՝ Casa del libro,Fnac,Carfur խանութների ցանցերում, լատինական Ամերիկայում, Amazon եւ այլ հարթակներում։ Նրա գրքերի շնորհանդեսները անցել են Բարսելոնայում,Մադրիդում, Վալենսիայում։
 
Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծություններից ընդգրկվել են Հայաստանի եւ Արցախի դպրոցների 11-րդ դասարանի,Արցախի համալսարանների մագիստրատուրայի եւ Նյու-Յորքի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ծրագրերում։ Վերջին տասը տարիներին բանաստեղծը ապրում է Բարսելոնայում։
 
Կարինե Հակոբյան