Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Օրերի»-ի հարցին պատասխանում է Բեյրութի  ,,Ազդակ,, օրաթերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանը։

Ի՞նչպես եք մեկնաբանում Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն ընդգծում է Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին եւ Կիպրոսին։  Այդ մասին  օրերս հայտնել  էր նաեւ Զոհրաբ Մնացականյանը՝ Կիպրոսի եւ Հունաստանի իր գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Աշխարհաքաղաքական առումով ի՞նչ է տալիս դա Հայաստանին։

 - Մի քանի հանգամանք կարծում եմ անհրաժեշտ է մանրամասնել։ Նախ այն, որ բացի բազմաոլորտ միջպետական համաձայնագրերից, Երեւանը երկու երկրների հետ հատուկ ռազմական համագործակցության ավանդույթ ունի։ Երկրորդ՝ եռակողմ ձեւաչափով Երեւանը-Աթենքն ու Նիկոսիան սփյուռքյան հարցերով ունեն փոխըմբռնման եւ  համագործակցության հուշագիր։ Այստեղ շատ տեղին են ընդհանուր, համատեղ կարեւորագույն հանգամանքները։ Երեք երկրների սփյուռքները հիմնականում գոյացել են իբրեւ հետեւանք Թուրքիայի վարած տեղահանման, ցեղասպանական, ցեղային զտման քաղաքականության։ Այժմ էլ երեք երկրների անվտանգության եւ տարածքային ամբողջականության ուղղությամբ Անկարան վարում է ագրեսիվ  քաղաքականություն։ Հունաստանի ուղղությամբ թե՛ հունական կղզիների, թե՛ օդային եւ ջրային հունապատկան տարածքների դեմ ոտնձգություններ իրականացնելով,  Կիպրոսի ջրային տարածքներում գազի պեղումների նկատմամբ սահմանային հատումներ արձանագրելով եւ  Հայաստանի Հանրապետության գերիշխանության ներքո գտնվող տարածքների ուղղությամբ ադրբեջանական հարձակումներ քաջալերելով։  

Աշխարհաքաղաքական դիտանկյունից Հունաստանն ու Կիպրոսը իբրեւ ԵՄ-ի անդամ երկրներ միշտ համաեվրոպական ատյաններում զորավիգ են եւ կշարունակեն զորավիգ լինել ՀՀ-ին եւ արգելակել Անկարայի նկրտումները քաղաքական նույն միջավայրերում։  Չմոռանանք, որ Ֆրանսիան որոշել է Արեւելյան Միջերկրականում աշխուժացնել իր ծովուժի ներկայությունը՝  իր քայլերը համակարգավորելով ԵՄ-ի անդամ պետությունների եւ հատկապես Հունաստանի հետ։  Այսպիսով, Անկարայի դեմ ձեւավորվում է Եվրոպական բեւեռ։ Եւ Երեւանի հայտարարած զորակցությունը բնականաբար ընկալվում է ոչ միայն Աթենքի եւ Նիկոսիայի աջակցության համատեքստում, այլեւ ապահովում է համաեվրոպական հնչեղություն եւ նշանակություն։

 

ՕՐԵՐ ամսագիր

orer.eu