Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը

2020թ․ օգոստոսի 12-ին ՀՀ պետական մեղադրողը առաջարկեց Սասնա Ծռեր ապստամբ խմբավորման տղաներին դատապարտել խստագույն պատժամիջոցներով, որին ձգտում էր նախկին հանցագործ վարչակարգը։

Սասնա Ծռեր զինված ջոկատի տղաները իրականացրին մեր ժողովրդի ապստամբության իրավունքը՝ կանխելու համար Սերժ Սարգսյանի կողմից նախապատրաստվող հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին։ Դրանով նրանք նաև աննախադեպ ուժգնությամբ թուլացրեցին ռեժիմի դիրքերը, թեև այն վերջնականապես կոտրել չհաջողվեց։

Ներկա իշխանությունը իր վարած քաղաքականությամբ հանգեցրել է նրան, որ Սասնա Ծռերը, որոնք պայքարում էին նույն ռեժիմի դեմ, ինչ 2018 թ. հեղափոխությունը, պատժվում են այդ ռեժիմի դատախազների ու դատավորների կողմից, նրանց կայացրած անարդար արդարադատությամբ: Սա բացարձակապես անընդունելի է և հակասում է հեղափոխության նպատակներին և տրամաբանությանը:

 

Եթե ներկա իշխանությունը շարունակի գործել նախկին համակարգի տրամաբանությամբ՝ ապա մենք նույնպես ստիպված կլինենք սփյուռքում որդեգրել ընդդիմադիր կեցվածք։ Մենք մշտապես զորավիգ ենք եղել ՀՀ-ում ժողովրդավարական շարժումներին՝ ընդհուպ մինչև 2018 թ։ Մեր հույսերը, սակայն, չարդարացան և այժմ հստակ տեսնում ենք հեղափոխական տրամաբանության ոչնչացում, որի դեմ մենք պատրաստ ենք պայքարել։

 

Ներկա իշխանությունը ի դեմս վարչապետ Փաշինյանի՝ իր իսկ տված խոստումները չկատարելու պատճառով դժգոհության մեծ ալիք է առաջացնում Հայաստանում և Սփյուռքում։ Այդ պատճառով հաճախակի են դարձել Փաշինյանին նախկինների հետ նույնականացնելու պնդումները:

Սասնա Ծռերին նախկին ռեժիմի տրամաբանությամբ և խստությամբ մեղադրանք առաջադրելը ամենացցուն փաստն է: Միայն Փաշինյանը կարող է այս կասկածները ցրել՝ ձեռնարկելով հեղափոխությանը հարիր որոշումներ և գործողություններ։

 

Վարչապետ Փաշինյանից պահանջում ենք.

  1. Վերահաստատել նախկինում արտահայտած իր իսկ դիրքորոշումը, որ Սասնա Ծռերն ահաբեկիչներ չեն, այլ հերոսներ
  2. Պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին և Սասնա Ծռերին մեղադրանք ներկայացրած դատախազներին
  3. Օգտվելով հեղափոխական ժողովրդի կողմից ընձեռնված գործադիր և օրենսդիր իշխանությունից, և ելնելով հեղափոխության թելադրանքից՝ միջոցներ ձեռնարկել Սասնա Ծռերին դատական հետապնդումից անհապաղ ազատելու համար:

 

Հարգանքներով՝

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

17․08․2020թ․

 

Հիշեցնգնք, որ օգոստոսի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է 2016 թվականի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատավարությունը։ Այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։

Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ  մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
 
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։
 
Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։ 
 
Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: