Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ:

Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից  թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել էր հետեւյալ հայտարարությունը.

«Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն», ասվում է հրապարակված հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել Թուրքիայի անկախությանն ու ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։
Հայտարարությունը Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով է Սևրի պայմանգրի օգնությանը դիմում։
Հայտարարությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ ինչպես միշտ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։

 

orer.eu