ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հեռախոսազրույցը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ
Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ:
Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հնչեցրած աննախադեպ սպառնալիքի՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պատրաստակամության մասին հայտարարության վրա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ավետ Ադոնցը դատապարտեց նաև Թուրքիայի որդեգրած հակահայկական և Ադրբեջանին միակողմանի սատարող քաղաքականությունը, ինչն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը:
Ալեշ Խմելարժն իր հերթին նշեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են և շեշտեց, որ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը:
Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ զրուցակիցները քննարկեցին ՀԸԳՀ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ օրակարգային այլ հարցեր:
Կողմերը նաև անդրադարձան հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հեռանկարներին:
Զրուցակիցները ներկայացրին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Չեխիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: