Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

86 տարեկան հասակում հուլիսի 28-ին Ֆրանսիայում վախճանվել է հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը,/ Թորոս - Թորոս Ռասթ - Կլան/։  Նա Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի  գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ է 2003 թվականից։

Թորոս Ռասթկելենյանն արմատներով Արեւմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է, ծնվել է Հալեպում 1934 թվականի դեկտեմբերի 12-ին։ Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ։ 1966  թվականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում Թորոսի յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակը և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում։

1967 թվականից բնակվում է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում։ 1968 թվականից ցուցադրվում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում։  Միայն Ֆրանսիայի 30 քաղաքների հրապարակներում եւ պարտեզներում տեղադրված են նրա արձանները։ 

Թորոսի բրոնզե եւ պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ( Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Մարսելի, Էքս Ան Պրովանսի, Վալանսի, Վիենի  և Սենտ Էտիենի կոթողները և այլն), որոնք առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով («Սրնգահարը», բրոնզ,1978, տեղադրվել է Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք», բրոնզ, 1999, «Սիրեն», համաձուլվածք, 2001 և այլն)։

Կերտել է նաև  դիմաքանդակներ՝ «Սայաթ-Նովա», Ստեփան Շահումանյան, Գալուստ Գյուլբենկյան և այլն։

2009 թվականի հոկտեմբերի 16-ին Թորոսի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում` սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

Նա Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի I և II աստիճանների շքանշանակիր է  ( 1984,2000)։

Փարիզի Նուվել դը Արմենի ամսագիրը տպագրել է նրա հետ վերջին հարցազրույցը, որն անցկացրել է հայտնի լրագրող Գրիգոր Ամրիզայանը։ 

Դեռեւս 2005 թվակականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրում տպագրել էինք Ալեքսանդր Թոփչյանի ծավալուն հոդվածը Թորոսի մասին՝ ,,Ես քանդակեցի Հայոց ցեղասպանությունը,, վերնագրով։ Նա համարում էր, որ իր գործերից յուրաքանչյուրը պատմության վերակենդանացումն է։ 

,, Ոտք ունենալը բավական չէ մարդ ըլլալու համար, կարեւորը երկու ոտքով չսողալն է,,- ասում էր Թորոսը։ 

ՕՐԵՐ ամսագիրը ցավակցում է մեծ արվեստագետի կնոջն ու ընտանիքի անդամներին, հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։ 

 

ՕՐԵՐ

Սայաթ-Նովային նվիրված հուշարձանը Երեւանում՝ Սայաթ -Նովա փողոցի սկզբնամասում