Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Լուսանկարում՝ Խոսե Լուիս Օրեյա
Վերջին օրերին բազմաթիվ իսպանացի քաղաքական և մշակութային գործիչներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ մտահոգ այն ամենով, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։
Հայտնի իսպանացիների կոչերին և ուղերձներին միացան նաև գրող, հրապարակախոս, լրագրող, բազմաթիվ գրքերի, այդ թվում նաև՝ "Արարատի հիշողությունը" ("La memoria del Ararat") աշխատության հեղինակ Խավիեր Մորետ Ռոսը (Xavier Moret Ros), ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետևյալ տողերը. "Հայաստանը մեր մտքերում. Այս օրերին մտահոգ եմ Հայաստանի համար։ Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի, և բռնությունն ու սպառնալիքները կնահանջեն։ Գրկում եմ իմ հայ բարեկամներին"։ ("Pensando en Armenia. Es una pena lo que está pasando. Pienso mucho en Armenia en estos días. Confío en que se imponga la paz en Nagorno Karabakh y en que cesen la violencia y las amenazas. Un abrazo a los amigos armenios").
Լուսանկարում՝ Խավիեր Մորետ Ռոսը
Ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ, իր մտահոգությունն է հայտնել նաև պատմաբան, գրող, պատմական գիտությունների դոկտոր, Մադրիդի Սան Պաբլո համալսարանի դասախոս, "Սուրբ Իգնասիո Մալոյանը հայկական Գողգոթայում" ("El beato Ignacio Maloyan, en el Gólgota de los armenios") Խոսե Լուիս Օրեյան (Jose Luis Orella), ով ներքոնշյալ տեսանյութում մասնավորապես նշում է հայ ժողովրդի տարած բազմաթիվ արհավիրքների մասին և հույս հայտնում, որ խաղաղությունն ի վերջո կվերականգնվի, որում մեծ դեր պիտի ունենա միջազգային հանրությունը։
Իր անվերապահ աջակցությունն է հայտնել նաև պատմաբան, փաստաբան Կառլոս Ռոլդան Լոպեսը ( Carlos Roldán López), ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանային ընդհարումների վերաբերյալ իսպանական պարբերականում լույս տեսած նյութը՝ նշելով հետևյալ վերտառությունը. "Հանգի՜ստ թողեք հայերին, թշվառնե՜ր" ("¡Dejád en paz a los Armenios, malditos bastardos").
Լուսանկարում՝ Կառլոս Ռոլդան Լոպեսը
Ադրբեջանական ագրեսիայի դեմ քննադատական կոչերը իսպանական հասարակության կողմից չեն դադարել վերջին օրերին։ Դրանցից հիշատակության է արժանի նախկին պատգամավոր, բասկյան խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆայել Լառեյնայի (Rafael Larreina) թվիթերյան գրառումը։ Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների համապարփակ պատկերը ներկայացրել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանություն Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (Vladimir Karmirshalyan), ով հարցազրույցներով է հանդես եկել իսպանական մամուլում և լրատվամիջոցներում, որոնցից հիշատակության է արժանի Իսպանիայի Հանրային ռադիոյում տված հարցազրույցը, որտեղ վերջինս լավագույնս է ներկայացնում ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև վերջին սահմանային ընդհարումներին նախորդած իրադարձությունները՝ կապված Արցախյան հիմնախնդրի հետ։
Լուսանկարում՝ Վլադիմիր Կարմիրշալյանը
Ընդհանուր առմամբ, ներկայումս նկատելի են, թեև՝ դեռևս զգուշավոր, այդուհանդերձ՝ արդեն իսկ հասցեական մեղադրանքներ աշխարհի զարգացած երկրների, այդ երկրում գործող հասարակական, քաղաքական, մարդասիրական և կրոնական կազմակերպությունների, անհատների, հայտնիների կողմից, որոնք առավել հասցեական են դառնում, երբ սպառնալիքբեր են հնչում ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, այլև այդ երկրին դաշնակից այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք Թուրքիան կամ Պակիստանը։
Կարծում եմ, համեմատությունն իսկ ավելի հստակ է դարձնում միջազգային հանրության դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որը գրեթե ոչնչով չի տարբերվում Հայաստանի և Մինսկի խմբի հանձնաժողովի դիրքորոշումներից, այն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի և այն հիմնված պետք է լինի ինքնորոշման իրավունքի վրա։
Արարատ Ղուկասյան
Իսպանիայի Արարատ Հայկական միության նախագահ
Վալենսիա
20/072020