Արցախի խնդրում ներգրավված բոլոր տերությունների շահերի, դիվանագիտական ու քաղաքական տարատեսակ խաղերի պարագայում անգամ, համադրող մեծ դեր է ունենալու միջազգային իրավունքը: Մեր խնդիրն է այդ դերը վճռական դարձնելը: Գիտե՞նք արդյոք և կիրառո՞ւմ ենք մենք միջազգային իրավունքի այն սկզբունքներն ու նախադեպերը, որոնք կարող են Արցախի հարցում մեր փաստացի հաղթանակը հաջողությամբ պսակել նաև միջազգային իրավական ու դիվանագիտական հարթությունների վրա: Մեր կարծիքով, տարիներ շարունակ գնում ենք այդ հանգրվանին հասնելու հակառակ ուղղությամբ, այլապես հող՝ կարգավիճակի դիմաց, փուլային, փաթեթային ու նման անհեթեթություններ չէ, որ պիտի լինեին բանակցային սեղանին ու քննարկվող փաստաթղթերում: Հույս է ներշնչում Ն. Փաշինյանի ''Մյունխենյան սկզբունքներ'' արտահայտությունը, որը հավանաբար բանակցություններին այլ ենթատեքստ հաղորդի, հատկապես որ առաջին անգամ գերակա գնահատվեց Արցախի բնակչության անվտանգությունը:
Չեղարկելո՞ւ է այն փակուղային մադրիդյան, կազանյան ու նման փաստաթղթերի գոյությունը: Հուսանք, ու ներկայացնենք մեր տեսակետը, որն արմատական փոփոխություն է ենթնադրում բանակցային գործընթացում, և ոչ թե ''մինի'', այլ լիարժեք հեղափոխություն է նախանշում:
ԱՐՑԱԽՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ պաշտոնապես վերափոխեց իր անվանումն Արցախի Հանրապետության, անկախ պետություն է դեռևս 1991 թվականի սեպտեմբերի 2-ից: Լավ է դա, թե` վատ, ճիշտ էր արդյոք անկախություն հռչակելու քայլը, թե`ոչ, որքանով է կայացած կամ ինքնուրույն Արցախը, և նման հարցադրումներն այս քննարկման նյութը չեն: Արցախն իր անկախությունը հռչակել է, հանրաքվեով ամրագրել, և դա օբյեկտիվ իրականություն է արդեն գրեթե 30 տարի: Ուստի, Արցախի հարցում համայն հայությունը թելադրող մեկ գերխնդիր ունի, ամրապնդել ու զարգացնել Արցախը բոլոր ուղղություններով՝ սկսած ռազմաքաղաքականից ու տնտեսականից մինչև ժողովրդագրական: Միանշանակ է, որ նորանկախ որևէ պետության միջազգային ճանաչումը ոչ թե ձևավորում ու կառուցում է տվյալ պետությունն, այլ միայն հաստատում դրա գոյության փաստը: Մեր առաջնային խնդիրն է, ուրեմն, պահպանել Արցախի հանրապետության փաստական՝ դե ֆակտո, գոյութունը, հզորացնել այն, իբրև երկրորդ խնդիր ունենալով դրա համընդհանուր իրավական՝ դե յուրե ճանաչումը միջազգային իրավունքի հիմնադրույթներին համապատասխան:
Արցախի խնդրով մեզանում միանշանակորեն առկա է երկու վեկտոր՝ ներքին ընկալում ու արտաքին քաղաքական դիրքորոշում, այստեղից բխող եզրաբանության ու գործողությունների տարբերությամբ: Ավաղ, երկու պարագայում էլ այդ դիրքորոշումն ու եզրաբանությունները լի են չպատճառաբանված ու անհասկանալի անորոշություններով: Մանրամասնենք:
Ադրբեջանն իր դիրքորոշումը հայտնել է վաղուց ու շատ հստակ՝ նախագահական ու բանակցային մակարդակից մինչև Արցախին վերաբերող ամենօրյա լուրերի տարբեր լեզուներով հրամցվող եզրափակիչ պարբերություն: Ադրբեջանը դա անում է հետևողականորեն, տարիներ շարունակ, բոլոր հնարավոր ու աներևակայելի հարթակներից: Այդ իսկ պատճառով քիչ-թե շատ տեղյակներն ու անգամ խնդրով չհետաքրքրվածները գիտեն, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Ալիևը Մյունխենում անգամ մինչ այժմ խոստացվող ''ամենաբարձր կարգի ինքնավարությունը'' շատ համարելով, հայտարարեց, որ Ղարաբաղի հայերը կունենան բոլոր այն իրավունքներն, ինչ Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները: Ոչ մի ազգային փոքրամասնություն Ադրբեջանում ինքնավարություն չունի (ոչ էլ՝ իրավունք):
Հայաստանի համար Արցախն Հայաստան է, ու վերջ, սակայն հենց սրանով էլ սկսվում են իրավագիտական, քաղաքական, անգամ տնտեսական այլևայլ անորոշություններ /մի կողմ թողնենք անգամ ռոմինգի հարցը, երբ Արցախի սահմանները պաշտպանող զինվորը Հայաստան զանգահարելիս ռոմինգի գումարներ է վճարում/։ ''Արցախը Հայաստան է'' մեր միանգամայն ճիշտ ընկալման միակ առհավատչյան բանակն է՝ այդ ընկալումն իրականություն դարձրած ռազմական հաղթանակներից սկսյալ մինչև ապրիլյան բեկման փորձի կասեցումն ու մինչ այսօր: Մինչդեռ բանակը պետք է միայն դրա պահապանը լինի: Վաղուց արդեն միջազգային իրավունքը պիտի մեր այդ ընկալմանը զորեղ վահան դարձած լիներ, մեր այս պնդումը նաև ''փափուկ ուժի'' օժանդակությունը պիտի ունենար, վաղուց անհրաժեշտ էր, որ այն ամենօրյա միջազգային լրատվական ամուր հենարան ունենար, իսկ մեր տարածաշրջանում երկու տասնամյակից ավելի գիրացող ու տուն-տունիկ խաղացող ԵԱՀԿ միակ պաշտոնյան տուն վերադարձվեր:
Իրականում մենք չգիտենք անգամ, ո՞րն է Հայաստանի Հանրապետության համակողմանի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ: Ավելին՝ արդյո՞ք առկա է համակողմանի մշակված դիրքորոշում ու դրանով պայմանավորված գործելաոճ, նպատակին հասնելու ծրագիր մինիմում ու ծրագիր մաքսիմում՝ գոնե մի քանի տարվա հստակ նախանշված քայլերով: Պարբերաբար, բոլոր իշխանությունների կողմից, այս ու այն առիթով հնչում են տարբեր, մինչև վերջ չորոշակիացված ընդհանուր հայտարարություններ միայն: Այսքանը սոսկ: Սա է պատճառը, որ ''Արցախը Հայաստան է ու վերջ' մեր ընկալման միջազգային հենարանը գոնե ձևավորման փուլում չէ, ոչ քաղաքական, ոչ անգամ փորձագիտական ու հանրային կարծիքի մակարդակով: Ի՞նչ ենք ուզում մենք բանակցային գործընթացից: Ի՞նչ դիրքորոշում ենք պաշտպանում: Ինչպիսի՞ն է մեր իրավիճակը միջազգային իրավունքի տեսակետից, ու ի՞նչ պետք է անել այդ առումով Հայաստան-Արցախ միացյալ դիրքերն հզորացնելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ՉԷ
Մենք հիշենք ու իրադարձություններին միայն գրքերից ու հոդվածներից տեղյակներին էլ հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 20-ին, այն ժամանակ դեռևս Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության - ԱԽՍՀ) մաս կազմող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի - ԼՂԻՄ) ժողովրդական պատգամավորները հատուկ հրավիրված արտահերթ նստաշրջանում որոշում ընդունեցին դիմել Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին, խնդրելով միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ու ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխել, այսպիսով շտկելով դեռևս Ստալինի կողմից դարասկզբին ստեղծված հանցավոր իրավիճակը: Այս խնդրանքին հաջորդեցին 1988թ. փետրվարի վերջին օրերի հայերի զանգվածային վայրագ սպանությունները Լեռնային Ղարաբաղի բուն տարածքից շատ ու շատ հեռու, Ադրբեջանի հյուսիսային Սումգայիթ քաղաքում: Դրանք կազմակերպվեցին ու իրականացվեցին իշխանությունների կողմից, ոստիկանության մասնակցությամբ ու թողտվությամբ: 1988թ. հուլիսի 12ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորները որոշում կայացրին Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ մտնելու մասին: Կրկին կազմակերպված սպանություններ՝ ամենավայրագն այս անգամ նոյեմբերին էր, հարավում՝ Կիրովաբադում: Խորհրդային կենտրոնական իշխանությունները խնդրի լուրջ քննարկման պատրանք էին ստեղծում տարբեր աճպարարություններով՝ հատուկ կառավարում, դրա լուծարում և այլն: Իսկ զուգահեռաբար կրկին զոհեր ու ջարդեր: Արդյունքում՝ 1989թ. դեկտեմբերի 1-ին Երևանում գումարվեց Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի ու Լեռնային Ղարաբաղում ձևավորված Ազգային խորհրդի համատեղ նիստ, որի ժամանակ Հայաստանի ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում կայացվեց: Հաջորդողը Բաքվի ահավոր ջարդերն էին 1990թ. հունվարին: Խորհրդային Միության փլուզման շրջանում տակտիկական քայլ կատարվեց, և Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեց: Այն ժամանակ կարծիք կար, որ դա Հայաստանի հետ վերամիավորման լավագույն հանգրվանն է: Իսկ զուգահեռ կրկին ջարդեր էին, կոտորածներ, Մարաղայում ու երկու տասնյակից ավելի գյուղերում, խաղաղ բնակավայրերի հրետակոծություններ, պատերազմական գործողություններ։ Ղարաբաղի ազատագրում, անվտանգության գոտու ձևավորում, ի վերջո Բիշկեքյան հրադադարի արձանագրության ստորագրում 1994թ. Մայիսին՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից:
Անկախ ապրելու իր իրավունքն Արցախի բնակչությունը նվաճելի է քայլ առ քայլ, անցնելով պարտադրված ռազմականից մինչև օրինական, իրավական բոլոր փուլերով: Վերը նշված կարճ հիշեցումը բացի դրա վկայությունը լինելուց հստակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղցիների իրավական ամեն քայլին հետևել է ադրբեջանցիների սպանելու, ոչնչացնելու, վերացնելու ազգային բնազդ-նկարագրին բնորոշ պատասխան։
Ու որքան էլ ասվի, որ Կոսովոյի հռչակած անկախության միջազգային ճանաչումը նախադեպ չի կարող լինել այլ նորահռչակ պետությունների կամ նման ձգտում ունեցող ժողովուրդների համար, Արցախի պարագայում Կոսովոն լիարժեք նախադեպ է: Երկար ժամանակ միջազգային իրավունքն ընտրողաբար անհնար է կիրառել: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական կացությունն ու պետությունների որոշ շահեր, փոխվում են ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների ղեկավարներն ու նրանց հայացքները: Այն, ինչ հնարավոր չէր երեկ, հնարավոր է դառնում այսօր, կամ՝ վաղը:
Ուշադրությամբ հետազոտելով Կոսովոյի անկախության հռչակման ու ճանաչման գործընթացը, հանգում ենք այն եզրակացությանը, որ նախ անհրաժեշտ է ամրագրել, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ: Ղարաբաղյան հակամարտությունն, այո, ունի երկու կողմ, բայց այդ կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են: Հայաստանն ընդամենը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն է: Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց հետո, իր նոր կարգավիճակով հանդերձ մնացել է Ղարաբաղի բնակչության հատուկ բանագնաց և բանակցություններում ներկայացնել է ոչ թե Հայաստանի հանրապետության պետական, այլ Լեռնային Ղարաբաղի ու դրա բնակչության դիրքորոշումն ու տեսակետները: Այսպիսով, նա բանակցային գործընթացից դուրս է թողել ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ՝ Հայաստանը: Նույնը շարունակել է նրան հաջորդած Սերժ Սարգսյանը, որը ևս Ղարաբաղից լինելով, բանակցություններում ներկայացրել է Ղարաբաղի ժողովրդին՝ իբրև Ղարաբաղի բանակցական ներկայացուցիչ, ով պարզապես միաժամանակ Հայաստանի նախագահն էր: /Գոնե մեկ քաղաքական դիվիդենտ պետք է շահել կորսված այդ տարիներից... /: Հարկավոր է ամրագրել նաև, որ Հայաստանը կանխամտածված է նախագահ ''ընտրել'' Ղարաբաղից, և որ նախկին երկու նախագահները ստիպված են եղել դիմելու նման հնարքի, քանի որ Ադրբեջան պետությունն անգամ չի ցանկացել խոսել ու հիմա էլ մերժում է խոսել իր տեսակետից իր երկրի քաղաքացիների՝ ղարաբաղցիների հետ: Ավելին, դեռևս 1991թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակելուց հետո լուծարել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: /Ճիշտ ու ճիշտ նույնն էր արել Սերբիան Կոսովոյի պարագայում/: Ըստ որում, ԼՂԻՄ-ի լուծարման մասին Ադրբեջանի որոշումը Խորհրդային Միության Սահմանադրական հսկողության կոմիտեն օրեր անց՝ նոյեմբերի 28ին հասցրեց ճանաչել իբրև ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող։
Ուրեմն, Հայաստանը հակամարտության կողմ չէ, ու բանավեճը պետք է շարունակվի ոչ թե Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, այլ՝ Հայաստանը բանակցությունների ընթացքի մեջ ներգրավելու շուրջ, իբրև Ղարաբաղի անվտանգության երաշխավորի: Սա է հարկավոր ամրագրել: Կարգավորման գործընթացում սա կլինի իրական հեղափոխություն: Հարց է ծագում, ի՞նչ է մեզ տալու այս ''տեղաշարժը'' և ինչո՞ւ է այն անհրաժեշտ:
Ադրբեջանն անվերջ, տարիներ շարունակ, մանտրայի նման շեշտում է իր տարածքային ամբողջականության սկզբունքի անձեռնմխելի իրավունքն ու հայտարարում, որ Հայաստանն օկուպացրել, բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը: Մոտ 8-9 տարի է, որ սովոր հանգերգում ՝ /20% բռնագրավված տարածք, մեկ միլիոն փախստականներ և այլն/, նաև ադրբեջանական լրատվամիջոցներն են փոփոխություն մտցրել ու հատուկ շեշտում են ղարաբաղյան Հայաստանա-Ադրբեջանական հակամարտություն եզրույթը: Սրանով Ադրբեջանն ընկալման դաշտ է ձևավորել իր համար՝ ցույց տալու, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, որ Հայաստանը գրավել է Ադբրեջանի յոթ շրջանները, ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Այս պարագայում, անշուշտ կարող է ստացվել, որ Հայաստանը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ երբ Ադրբեջանի մաս կազմած Լեռնային Ղարաբաղն է հակամարտության կողմ, որն ինքնորոշվել, ապա միակողմանիորեն անջատվելով անկախություն է հռչակել՝ ինքնապաշտպանության բանակի ուժերով ձևելով այսօրվա սահմանագիծը, ապա սրանով չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս պարագայում է, որ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման երկու սկզբունքների միջև որևէ հակասություն չի առաջանում:
Այս նրբությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն իր ''Միջազգային իրավունքին՝ Կոսովոյի միակողմանի հռչակած անկախության համապատասխանության մասին խորհրդատվական կարծիքի'' մեջ դեռևս 2010 թվականին է ոսկերչական ճշգրտությամբ ներկայացրել:
Ամբողջությամբ մեջբերեմ, օրինակ, Ֆինլանդիայի կարծիքը.
ա. Անկախության հռչակումը քաղաքական գործողություն է,
բ. Կոսովոյի անկախությունը փաստ է և բանակցությունների ձախողման հետևանք...
գ․ Միջազգային իրավունքը չի վերաբերում անկախության հռչակումներին, և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը կիրառվում է պետությունների միջև, ոչ թե՝ ներքին միավորների։
Հայտնի խաղի առաջադրանքը վերափոխելով կարելի է ասել՝ գտեք երեք... նմանություն: Անշուշտ միակողմանիորեն անջատվելու միջազգային իրավունքն իրավական է միայն ապագաղութացման դեպքում, բայց Կոսովոն եկավ ապացուցելու, որ նաև այն պայմաններում, երբ պետությունն անմիջականորեն սպառնում է իր կազմի մեջ մտնող մի հատվածի բնակչության ֆիզիկական գոյությանը:
1988-ին ղարաբաղյան շարժմանը հաջորդած ամենատգետ ու անմեղսունակ հարցը հնչում էր այսպես. ''Չե՞ն կարողանում ադրբեջանցիներն ու հայերը միանալ ու Ղարաբաղի հարցը լուծել'': Այսքան տարիներ հետո, ի՞նչ ենք հասցրել անտարակուսելի փաստ դարձնել գոնե ամենակարևորի մասին առնվազն փորձագետների շրջանում և միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակում՝ ինչի համար է պայքարում Արցախ-Ղարաբաղը: Ավաղ, հարցը հռետորական է ստացվում։ Բայց դեռ ուշ չէ:
Բոլոր հավանական և աներևակայելի հարթակներն ամեն օր օգտագործելով անհրաժեշտ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ապացուցողական հենքը կառուցել. խաղաղ հանրահավաքներին հաջորդել են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի, այլ տասնյակ գյուղերի հայ բնակիչների կոտորածներն ու էթնիկ մաքրազտումները, քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորների գլխատումներ են եղել, պետական մակարդակով հակահայ տրամադրություններ են սերմանվում ու տարածվում Ադրբեջանում սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից, կացնով քնած հայ սպանող քստմնելի ոճրագործը պետական պարգևներ ու հերոսի դափնիներ է ստանում, ու նրա արարքի ընդօրինակումը քաջալերվում է, աշխարհի որևէ երկրի հայ քաղաքացի չի կարող մուտք գործել Ադրբեջան կամ մուտք գործելուց հետո ձերբակալվում է, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորման համար պարբերաբար կոչ է անում գրավել Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի մայրաքաղաքը... Այս ամենի հստակ ամրագրումը կբացատրի, թե ինչի համար է պայքարում Ղարաբաղը, ու օրինական կդարձնի ցեղասպան ու բռնարար պետությունից անջատվելու և անկախություն հռչակելու միջազգային իրավունքի կիրառումը:
ՈՐՏԵ՞Ղ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ
Ի վերջո, իր ո՞ր տարածքային ամբողջականության մասին է խոսում Ադրբեջանը: Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Ադրբեջանն իր սահմանադրությունը փոխել է, բայց Թումանյանի հեքիաթի թագավորի նման խորամանկություն բանեցնելով հայտնվել է դասական ծուղակային կացության մեջ, երբ կամ՝ թագավորության կեսը, կամ՝ մի կոտ ոսկի:
Հնարավորինս հակիրճ ձևակերպելու եթե լինենք, ապա Ադրբեջանի նոր սահմանադրությունում նշվում է, որ ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը 1918թ. մայիսի 28ից մինչև 1920ի ապրիլի 28ը գոյություն ունեցած Ադրբեջանի իրավահաջորդն է: /Փաստենք, որ այդ ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը կրկին ինքնավարություն էր և ղեկավարվում էր Ազգային խորհրդի կողմից: Փաստենք նաև, որ Ազգային Լիգան այդպես էլ չճանաչեց պատմության մեջ իր այդ առաջին պետական միավորը ճանաչելու Ադրբեջանի դիմումը/: Նոր սահմանադրության համաձայն, 1991թ. Ադրբեջանն անկախություն է հռչակում Ադրբեջանի 1918-1920թթ. հանրապետությունը ՙբռնակցման՚ ենթարկած Խորհրդային Ռուսաստանից ու անօրինական է հայտարարում խորհրային ողջ օրենսդրությունը: Ստացվում է, որ 1920-1991թթ. ողջ օրենսդրությունն ու պայմանագրերը, որոնցով ձևավորվել է Խորհրդային Ադրբեջանն իր սահմաններով, անօրինական են հայտարարված: Ի՞նչ տրամաբանությամբ է ուրեմն օրինական Ռուսաստանի կումունիստական /բոլշևիկյան/ կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան պլենումի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին:
Անշուշտ միամտություն չէ Ադրբեջանի արածը: Ադրբեջանը հրաժարվում է խորհրդային օրենսդրությունից, քանի որ այդ օրենսդրությամբ Ղարաբաղի հայտարարած անկախությունը նույնքան օրինական է, որքան Ադրբեջանի, Հայաստանի և մյուս բոլոր խորհրդային հանրապետությունների: Մի հանգամանք, ի դեպ, որ ընդունել է Եվրախորհրդարանը դեռևս 1999 թվականին: Ի՞նչ իրավունքի հիման վրա է ուրեմն օրինական ու միջազգայնորեն ճանաչված անկախություն հռչակում ինքն՝ Ադրբեջանը, եթե ԽՍՀՄ օրենքներն իրավական ուժը կորցրած են հայտարարվում Ադրբեջանում: Ըստ նոր սահմանադրության՝ միակողմանիորեն անջատվելով իրենց բռնակցած ու 70 տարի գաղութացրած պետությունից. մի սկզբունք, որով անկախություն հռչակեց Կոսովոն 1990 և 2008 թվականներին, և որի անկախությունը ճանաչել է աշխարհի 100ից ավելի պետություն, նաև Թուրքիան, սակայն ոչ՝ Ադրբեջանը: /Թե ինչու Հայաստանը չի ճանաչել, քննարկման այլ նյութ է/։
Ադրբեջանն իր համար իրավաբանական ծուղակ է հյուսել. անօրինական է հայտարարում խորհրդային ողջ օրենսդրությունը, որպեսզի ստիպված չլինի ընդունել այդ օրենսդրության համաձայն Լեռնային Ղարաբաղի հռչակած անկախության օրինականությունը, ու ''մոռանում է'', որ առանց այդ օրենսդրության Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ: Բայց ամենամեծ ծուղակը. իր անկախությունն օրինական դարձնելու համար Ադրբեջանի նոր սահմանադրությունը նույնքան օրինական դաշտ է ձևավորում Լեռնային Ղարաբաղի համար՝ միակողմանի անջատում բռնազավթող ու ցեղասպան մի պետությունից, որն իր անկախության հռչակումից անմիջապես հետո լուծարել է անգամ մարզի ինքնավարությունը:
Չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցական գործընթացի ձախողման արդյունքում հարցը մտնի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Կոսովոյի օրինակով: Նման ակնարկներ արդեն հնչեցին: Հաշվի առնելով, որ այս դատարանը, բացի միջազգային իրավունքի գերակայությունից կրում է նաև տարբեր պետությունների աշխարհաքաղաքական շահերի ու հետաքրքրությունների բեռը, պետք է իրավաբանորեն և դիվանագիտորեն պատրաստ լինել հնարավոր նման զարգացումների, չմոռանալով միջազգային հանրային կարծիքի ձևավորման կարևորությունը:
Չգիտեմ, տարօրինակորեն, թե օրինաչափորեն, սակայն Բիշկեքյան հրադադարի հայտարարումից հետո հայկական ու ադրբեջանական կողմերը փոխեցին իրենց տեղերը գործելաոճով: Մենք մտանք պասիվ սպասողական դիրքի մեջ, ինքնահոսի թողնելով բոլոր զարգացումները: Պետք է ի վերջո դադարեցնել արձագանքողի արատավոր դերակատարումը ու կրկին ստանձնել սեփական ճակատագրի ու պատմության կերտման նախաձեռնությունը:
Աննա Կարապետյան
Պրահա
Տպագրվել է ՕՐԵՐ ամսագրում՝ 5-8 /85/ 2019 թվական