Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է  հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի թաղման կառավարական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 
Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա  հուլիսի 12֊ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է։ Ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման ու կառավարման ոլորտում` Կ.Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Այս առնչությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։

Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»:

 Տարոն Առաքելյան.  «ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ - մեծ սիրտ և հզոր միտք ունեցող իսկական մտավորական, հայրենապաշտ մեծ ստրատեգ, գիտնական, ազնիվ ու նվիրյալ ընկեր - ավելի քան 30 տարվա` սկսած Արցախյան շարժման առաջին օրերից... Կարենի մահը մեծ կորուստ է Հայաստանի կրթական համակարգի համար, առաջավոր և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար, ռազմական արդյունաբերության և բանակի համար, հայ ժողովրդի համար!!! Անդառնալի, ծանր կորուստ...»։

 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում ասված է՝

«Հարգելի հայրենակիցներ, զգացված ենք ցավակցական խոսքերի և մեր ընտանիքին զորակցություն հայտնելու համար: Որոշում ենք կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել ներքոնշյալ հաշվեհամարին՝ Կարենի ծրագրերի իրականացմանն ուղղելու համար: Կարծում ենք, որ Կարենը միայն հպարտ կլիներ` իմանալով մեր այս որոշման մասին»:

Հաշվեհամար` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» 2050653748651001

Ստացող՝ Վահան Վարդանյան

Հարցերի համար զանգահարել՝ 055-98-28-35

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։