ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այժմեական էր դարձել դեռևս 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևի ընդունումից ի վեր, ինչը տրամաբանական ավարտի կբերեր երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Վերջինս կարևորվում էր նաև այն տեսանկյունից, որ Չեխիան դասվում է խորհրդարանական ժողովրդավարական պետությունների շարքին։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դրական կեցվածքի մասին բացահայտ հայտնել էր դեռևս 2014 թ․-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա այցի ժամանակ, իսկ այնուհետև ակտիվորեն աջակցել Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի անցկացմանը։
Տարիներ անց սպասումներն արդարացան. Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի նախաձեռնությամբ և ջանքերով Սենատի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում մայիսի 20-ին Չեխիայի Խորհրդարանի Սենատն ընդունեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձև: Այն ոչ միայն բովանդակությամբ շատ նման էր դեռևս 2017թ․ Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևին, այլև առանձնահատուկ շեշտում էր երկու աշխարհամարտերում մարդկության դեմ գործած հանցագործությունների միջև պատճառահետևանքային կապը. բանաձևով ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը պատշաճ միջազգային համատեքստում։
Եթե թուրքական կողմն իր մամլո հաղորդագրությամբ փորձում էր կասեցնել բանաձևի բովանդակության հիմնական թեմայի շուրջ քննարկումները, ապա կարծես ստացվեց բոլորովին հակառակը, քանզի չեխական մամուլն էլ ավելի լայն արձագանք տվեց թեմային («ČTK», «zpravy.aktualne.cz», «Czech Radio», «Prague Morning», «Idnes», «cz.sputniknews», «echo24.cz», «tyden.cz» և այլն)՝ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությանն անդրադառնալիս, էլ ավելի մանրակրկիտ ներկայացնելով եղելությունն ու Հայոց Ցեղասպանության նախապատմությունը։
ՀՀ դեսպանի մեկնաբանությանն անմիջապես հետևեց նույն պարբերականում Չեխիայում Թուրքիայի դեսպանի արձագանքը, ով ոչ միայն ՀՀ դեսպանին ու հայ ժողովրդին մեղադրեց «ատելության սերմանման» և միջազգային սկզբունքների ու չափանիշների խախտման մեջ, այլև հարթակն օգտագործեց Թուրքիայի կողմից տարվող ցեղասպանության ժխտողականության քաղաքականության հիմնական թեզերի լայնածավալ մեջբերման համար։
Իրավիճակն անպատասխան չմնաց նաև չեխ ակադեմիական հասարակության կողմից․ չեխական հայտնի պարբերականներ «Mlada Fronta Dnes»-ի և «Idnes»-ի՝ հունիսի 9-ի թողարկումներում հրապարակվեց Ցեղասպանությունների ուսումնասիրման Թերեզինշտադտի կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցի մեկնաբանությունը՝ Սենատի բանաձևի ընդունման և վերջինիս շուրջ արձագանքների վերաբերյալ, որը վերջինս վերնագրեց «Ձայն՝ ցեղասպանության ժխտողներին»։ Շիմոն Կրբեցը բացահայտորեն հայտարարեց, որ Չեխիան դարձել է Թուրքիայի ապատեղեկատվության և ժխտողականության թիրախ՝ մատնանշելով և՛ Չեխիայի ԱԳ նախարարի՝ գոյություն չունեցող հայտարարության հղումը Թուրքիայի կողմից, և՛ ժխտողական պնդումների տարածումը մամուլում, ինչպես նաև Չեխիայի ԱԳՆ լռությունն իր երկրի ժողովրդավարորեն ընտրված օրենսդիրի հասցեին հնչեցված անհարիր հայտարարությունների ու իրեն վերագրած «հայտարարության» կապակցությամբ։
Պարոն Կրբեցի մեկնաբանության հրապարակմանը հետևեց նաև չեխական հայտնի մեկ այլ լրատվականի՝ «Aktualne.cz»-ի անդրադարձը թեմային՝ «Յաթաղան և ատելություն․ ցեղասպանության վերաբերյալ Սենատի բանաձևը բանավեճ հրահրեց երկու դեսպանների միջև» հոդվածի հրապարակմամբ։ Հոդվածի հեղինակը ներառել է նաև Չեխիայում ՀՀ դեսպանի պատասխանն իր թուրք գործընկերոջը, որտեղ ՀՀ դեսպանը ոչ միայն ժխտողականությունը որակում է որպես ցեղասպանության շարունակություն և Հայաստանի ու հայ ազգի անվտանգության սպառնալիք, այլև հույս հայտնում, որ Թուրքիայի դեսպանը «օրերից մեկ օր կզղջա իր ժխտողական կեցվածքի համար և կմիանա թուրք մտավորականության, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների այն խիզախ մեծ խմբին, ովքեր բացահայտորեն մարտահրավեր են նետում պաշտոնական հայտարարություններին և ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ այդպիսով ճանապարհ հարթելով հայերի և թուրքերի միջև հաշտեցման համար»։
Հոդվածի հեղինակը մեջբերում է նաև Սենատի բանաձևի առնչությամբ Չեխիայի ԱԳ նախարարին վերապահված՝ թուրք դեսպանի խոսքերն, որոնց համաձայն նախարար Պետրժիչեկը թուրք դեսպանի հետ հանդիպմանը իբր նշել է, որ Սենատի կողմից ընդունված բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը, և Չեխիայի ԱԳՆ մամլո խոսնակ Զուզանա Շտյիխովայի մեկնաբանությունն առ այն, որ Չեխիայի կառավարությունը դատապարտում է այդ իրադարձությունները, սակայն գտնում, որ դրանց գնահատմամբ առաջին հերթին պետք է զբաղվեն անկախ պատմաբանները:
Չեխիայի ԱԳՆ նման դիրքորոշմանը կրկին արձագանքեց Թերեզինշտադտի կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցը, ով ֆեյսբուքյան էջում իր ցասումն արտահայտեց Չեխիայի ԱԳՆ խոսնակի՝ հոդվածում տեղ գտած մեկնաբանության կապակցությամբ՝ նշելով, որ «Mlada Fronta Dnes»-ում իր հրապարակված հոդվածում անդրադարձ էր կատարվել այն հարցին, որ Չեխիայի ԱԳՆ չի արձագանքել Սենատի բանաձևի առնչությամբ լրատվական դաշտում Թուրքիայի կողմից հարձակումներին, այդ թվում՝ Սենատի հասցեին մեղադրանքներին, Չեխիայի ԱԳՆ՝ գոյություն չունեցող հայտարարությանը հղմանը և Օսմանյան Կայսրությունում 1915-1918թթ․ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մամուլում ապատեղեկատվության տարածմանը, մինչդեռ միայն հունիսի 11-ին «Aktualne.cz»-ում հրապարակվում է Չեխիայի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը, որով վերջինս ոչ միայն նույնիսկ չի արձագանքում Չեխիայի ժողովրդավարական հաստատությունների հասցեին հարձակումներին ու, առհասարակ, ցեղասպանության ժխտմանը, այլև հանդես է գալիս նման հայտարարությամբ։
Նշենք, որ, ի տարբերություն Թուրքիայի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ ներառված պնդման՝ բանաձևի ընդունման կապակցությամբ չեխական ԱԳՆ պաշտոնական հայտարարություն իսկապես չէր հրապարակել, ինչը, ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ-ից, առնվազն երկու անգամ Չեխիայի ԱԳՆ կողմից վերահաստատվել էր Չեխիայում ՀՀ դեսպանությանը։ ԱԳՆ-ից տեղեկացանք նաև, որ Չեխիայում ՀՀ դեսպանը Չեխիայի ԱԳՆ-ում ունեցած հանդիպման ժամանակ փոխանցել է հարցի շուրջ մամուլում նմանօրինակ շահարկումների առնչությամբ իր դժգոհությունը։
Հոդվածում տեղ են գտել նաև Սենատի բանաձևի հեղինակ, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի խոսքերն առ այն, որ պատմական աղբյուրները վկայում են այն փաստը, որ նացիստները ոգեշնչվել են նրանով, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանությունը բավականաչափ չի դատապարտվել։ Հոդվածի հեղինակը նաև հիշեցնում է, որ երկրի նախագահ Միլոշ Զեմանը նույնպես հայերի բնաջնջումը որակել է ցեղասպանություն։ Բացի այդ, թուրք դեսպանի պնդումների շուրջ իր տեսակետն է ներկայացրել նաև Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, ով թուրք դիվանագետին հստակ հայտնել է, որ բանաձևի ընդունումն՝ «անկախ Սենատի» կամքի արտահայտումն է։ Հետաքրքրական է, որ թեմայի շուրջ իր կարծիքն է ներկայացրել նաև Չեխիայի ԱԳՆ կողմից հիմնադրված, միջազգային հարաբերությունների ոլորտում հետազոտական աշխատանքներ իրականացնող Պրահայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ երկրի ԱԳՆ կողմից նշանակվող տնօրեն Օնդրժեյ Դիտրիխը, ով Թուրքիայի նմանօրինակ արձագանքը Սենատի բանաձևի ընդունմանը բնութագրել է որպես «թուրքական կոլորիտ»-ի մի մաս, երբ թուրքական կողմը այլ պետությունների կողմից նմանատիպ բանաձևերի ընդունման պարագայում գործում է ընդունված գործելաոճի համաձայն։
Այս ամենի ֆոնին Չեխական հեռուստատեսությունը հունիսի 9-ից սկսած երեք օր շարունակ ցուցադրում էր ֆրանսիական «Le Genocide Armenien» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան եղել էր դեռևս 2008թ․ և չէր ցուցադրվել հեռուստատեսությամբ 2009թ․-ից ի վեր։ Հետաքրքրական է նաև, որ դեռևս ապրիլի 24-ին, ի թիվս բազմաթիվ այլ հրապարակումների, Չեխական հեռուստատեսության կայքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանւթյան 105-րդ տարելիցին նվիրված հոդված, որի հեղինակ Յակուբ Սլավիկն իր ֆեյսբուքյան էջում հոդվածը զետեղելիս նշել էր․ «Այսօր ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Կայսրության կողմից իրականացված այս սպանդին զոհ է գնացել 1․5 միլիոնից ավելի հայ։ Սա Չեխական հեռուստատեսության համար գրված իմ ամենաօգտակար հոդվածն է»։
Նման մեկնաբանությունների և ժողովրդավարության անկյունաքարային ինստիտուտի երկու պալատների կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտման ֆոնին խոսել այն մասին, որ ցեղասպանության դատապարտումը Չեխիայի դիրքորոշումը չէ, կարծում ենք ավելորդ է։
Անի Սեյրանյան