Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Կիրակի՝ հունիսի 21-ին Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող՝ Սերբիայի առաջադիմական կուսակացության (SNS) ընտրացուցակով պատգամավոր է ընտրվել հայկական ծագումով 29-ամյա Ջորջ Տոդորովիչը։ Չնայած երիտասարդ տարիքին, նա  նա  նախագահ Ալեքսանդար Վուչիչի գլխավորած կուսակցության ընտրացուցակում գրանցված է եղել 6-րդ համարի ներքո։ 250 պատգամավորներից բաղկացած խորդարանում առաջադիմականները կզբաղեցնեն 189  տեղ, կամ նախնական տվյալներով  գրեթե 65 տոկոսը։ Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի նվազումից հետո Եվրոպայում առաջին ընտրություններն անցկացվեցին Սերբիայում։ 

Ջորջի հայրը սերբ է, մայրը՝ հայուհի է, Կամիլա Մուրադյանը, ով 1990թ ամունասցել է եւ Երեւանից տեղափոխվել է Բելգրադ։ Նա իր երեք զավակներին տվել է հայեցի դաստիարակություն։ Ջորջը խոսում է նաեւ հայերեն։

Լուսանկարում՝ Ջորջ Տոդորովիչը Սերբիայի նախագահ Ա.Վուչիչի հետ

 Ինչպես անցյալ տարի ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նշեց Ջորջը, գերազանցությամբ ավարտել է թե դպրոցը, եւ թե Բելգրադի համալսարանը, ապա դիվանագիտական ակադեմիան։ Արդեն իսկ աշխատում է  Սերբիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների բաժնում, եւ ամեն կերպ  աջակցում է  Հայաստանի եւ Սերբիայի հարաբերությունների զարգացմանը։ Մասնագիտացել է նաեւ Եվրոպայի խորհրդի հարցերով։ Նա երբեք չի թաքցրել իր հայկական ծագումը, եւ միշտ խորհրդարանում շեշտել է, որ ինքը հայ է։

,,Երբ ավարտեցի դիվանագիտական ակադեմիան, ցանկությունս էր, որ նվիրվեմ հայ-սերբական հարաբերություններին, իսկ մինչ այդ ցանկանում եմ բարձրանալ սերբական քաղաքականության մեջ, որպեսզի օգնեմ Հայաստանին,- նշել է մեզ հետ զրույցում Ջորջը։ Նա ցավով է փաստում, որ սերբական քաղաքականության մեջ մեծ է  Ադրբեջանի ազդեցությունը, քանի որ այդ երկիրը փողոցներ ու ճանապարհներ է կառուցում Բելգրադում։

Առջեւում խորհրդարանական գործունեության նոր փուլ է սկսվում՝ արդեն պատգամավորի կարգավիճակում։ Կասկած չկա, որ նա լավագույնս իրեն կդրսեւորի նաեւ այստեղ, քանի որ լուսավոր, խելացի եւ հայրենասեր անհատ է։  Շնորհավորում ենք եւ մաղթում բեղուն գործունեություն։

Հակոբ Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր, orer.eu

 

Լուսանկարում ՝ Ջորջը եւ մայրը՝ Կամիլա Մուրադյանը