Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ելույթը «Կովկասի ձայներ» խորագրով առցանց հանդիպմանը 

Հունիսի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը որպես բանախոս մասնակցեց իտալական «Rondine Cittadella della Pace» կազմակերպության կողմից հրավիրված «Կովկասի ձայներ» (Voices for Caucasus) խորագրով առցանց միջոցառմանը։

Բանախոսների շարքում էին նաև Իտալիայում Վրաստանի դեսպանը, «Rondine» կազմակերոպության հայ, վրացի ուսանողներն ու շրջանավարտները: Հանդիպման նպատակն էր մեկ հարթակում համախմբել երիտասարդ ուսանողներին և դիվանագետներին, խրախուսել անմիջական երկխոսությունը նրանց միջև։ Քննարկման հիմնական թեման էր հետհամաճարակային աշխարհում երիտասարդ առաջնորդների հանձնառությունը, քաղաքական, հանրային և տնտեսական մակարդակներում,  կանխատեսել ի հայտ եկող հակամարտություններն ու բախումները և նոր, ստեղծագործ մոտեցումներով առաջարկել դրանց լուծման և տարածաշրջանի համագործակցության տարբերակներ։

Քննարկմանը դեսպան Նազարյանը հիշատակել է դեռևս 2018թ․-ին ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնատեղիում Հայաստանի, Իտալիայի և մի շարք այլ երկրների աջակցությամբ մեկնարկած «Խաղաղության առաջնորդների համաշխարհային քարոզարշավին» ու կարևորել այն՝ հատկապես համավարակի պայմաններում հակամարտությունների կանխարգելման, միջազգային հարաբերություննների համակարգում միասնությանը ձգտնելու և խաղաղաշինության գործընթացներում երիտասարդության ներգրավման անհրաժեշտության համատեքստում։

Դեսպանը նշել է, որ երիտասարդության առաջխաղաղացման համար ներդրում կատարելը, մասնավորապես հակամարտությունից տուժած հանրությունում, կնպաստի նաև միջազգայնորեն համաձայնեցված կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։ Նա այնուհետև խոսել է Հայաստանում երիտասարդության ակտիվ դերակատարման, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավման, գործադիր և օրենսդիր իշխանություններում, հանրային կյանքում նրանց ակտիվ մասնակցության մասին։

Կ․Նազարյանն անդրադարձել է խաղաղ կարգավորման գործընթացներում, ու մասնավորապես երկխոսության ու վստահության ամրապնդման խրախուսման հարցերում երիտասարդների դերին ու հավելել, որ Հայաստանը վճռական է շարունակելու համար իր ջանքերը Հարավային Կովկսսում կայուն խաղաղությանը հասնելու համար՝ բանակցային լուծումների, բարիդրացիական հարաբերություննների, հիմնարար իրավունքների և, մասնավորապես, իրավահավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Կ Նազարյանը անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման ու համագործակցության հնարավորություններին և այդ համատեքսում խոսել ԱլԳ ձևաչափում ՀՀ ակտիվ մասնակցության, ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության, ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ որպես տարածաշրջանային համագործակցության գրավական։ 

Համավարակը տարածաշրջանի համար բնութագրելով որպես ընդհանուր մարտահրավեր, այն հասցեագրելու, մեղմելու, կառավարելու հարցում դեսպանը կոչ է ուղղել երիտասարդությանը համախմբվելու և համատեղելու ջանքերը՝ կանխելու համար պատերազմները և թշնամանքը, ու հիշեցրել, որ Հայաստանը միացել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշի ավելի վաղ արված համընդհանուր զինադադարի կոչին։ Դեսպանի ելույթն ամբողջությամբ կարելի է դիտել այցելելով https://www.facebook.com/rondinecittadellapace/videos/300324431099238/ ֆեյսբուքյան էջը։

ՏԵՂԵԿԱՆՔ։ «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ Իտալիայի Ռոդինե քաղաքում հոգեբան, ակադեմիկոս, մի շարք հեղինակավոր թերթերի և ամսագրերի հոդվածների հեղինակ, գիտական և խաղաղության մրցանակակիր ֆրանկո Վակկարի կողմից: Կազմակերպության նպատակն է խթանել խաղաղության և երկխոսության մշակույթը՝ համագործակցելով մասնավորապես այն անձանց հետ, ովքեր ապրում են պատերազմող կամ հետպատերազմական երկրներում, իրականացնել խաղաղության նոր առաջնորդների վերապատրաստումը: