Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին

Հարց. Լիբանանում առկա քաղաքական, հասարակական, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինչպիսի՞ն է տեղի հայ համայնքի վիճակը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԳ նախարարությունը կամ Բեյրութում Հայաստանի դեսպանությունը այդ ուղղությամբ։

Պատասխան. Լիբանանում հայ համայնքը սահմանադրորեն մաս է կազմում պետության ինստիտուցիոնալ համակարգի և բարեկամ Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական-հասարակական ճարտարապետության մեջ հանդես է գալիս որպես երկրի քաղաքական կյանքի ինքնուրույն դերակատար ու միավոր։ Որպես երկրի օրինակելի քաղաքացիներ` լիբանանահայերը խորապես նվիրված են Լիբանանին և հավասարապես կիսում են երկրի ամբողջ բնակչության թե՛ ձեռքբերումները, թե՛ դժվարությունները

Բնականաբար, Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հայ համայնքին հուզող համահայկական խնդիրների հանդեպ, այդ թվում հաշվի առնելով այն սոցիալական խնդիրները, որոնց այսօր առերեսվում է նաև լիբանանահայ համայնքը: Վերոնշյալ հարցերը պարբերաբար քննարկվում են, հնարավորության սահմաններում՝ ձեռնարկվում են աջակցության որոշակի քայլեր, որոնց մի մասին հանրությունը տեղեկացվում է:

Լիբանանյան իշխանությունների և երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ իմ փոխշփումներին զուգահեռ՝ ինքս մշտական կապի մեջ եմ Լիբանանահայ համայնքի կրոնական, քաղաքական ու հասարակական շրջանակների ղեկավարների հետ։ Պարբերաբար քննարկվում են համայնքին առնչվող հարցեր։ Բացառություն չեն կազմում նաև վերջին օրերի միջադեպերը։

Հարց. Վերջին օրերի միջադեպեր ասելով` նկատի ունեք Բեյրութում կասկածելի անձանց կողմից կազմակերպված թուրքական դրոշներով հավա՞քը, որի շրջանակներում թիրախավորվեց լիբանանահայ լրագրող, և հրապարակ նետվեցին հայերի դեմ ատելություն և միջէթնիկական անհանդուժողականություն սերմանող կարգախոսներ։

Պատասխան. Թեև այս հյուրընկալ հողում հայկական ներկայությունն ունի դսրավոր պատմություն, Լիբանանահայ համայնքը հայտնի չափով ցեղասպանության արդյունք է, և ատելության խոսքի յուրաքանչյուր նշանակալից դրսևորում առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս։ Կրոնական, էթնիկ, ռասայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար, և վստահ եմ, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը, և ոչ միայն լիբանանահայությունը, խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների դեմ։ Այդ նույն տրամաբանությունն էր ընկած Լիբանանում հայ քաղաքական երեք կուսակցությունների՝ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ համատեղ հայտարարության հիմքում, ինչն ինքնին խորապես գնահատելի և ողջունելի երևույթ է:

Հավելեմ, որ համայնքում խուճապային տրամադրություններ չկան, դեսպանությունն, իր հերթին, մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու է հետևել հետագա զարգացումներին։