2000 թվականից ի վեր մանկական աշխատուժը կրճատվել է 94 միլիոնով։ Այս նվաճումն այժմ սպառնալիքի տակ է։
ՆՅՈՒ ՅՈՐՔ, ԺՆԵՎ 12-ը հունիսի, 2020թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նոր տվյալների, կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով մեծացել է միլիոնավոր երեխաների՝ որպես մանկանան աշխատուժ օգտագործվելու ռիսկը։ Վերջին 20 տարիների առաջընթացի ֆոնին այս բնագավառում կարող է գրանցվել ցուցանիշի առաջին աճը։
Կորոնավիրուսը և մանկական զբաղվածությունը․ Ճգնաժամ, ժամանակն է գործել զեկույցի համաձայն, 2000 թվականից ի վեր մանկական զբաղվածության ցուցանիշը նվազել է 94 միլիոնով, սակայն այդ ձեռքբերումն այժմ վտանգված է։ Այն երեխաները, ովքեր արդեն օգտագործվում են որպես մանկական աշխատուժ, կարող է ավելի երկար ժամեր աշխատեն վատթարացած պայմաններում։ Նրանցից շատերին կարող են դրդել աշխատանքի վատթարագույն ձևի, ինչը զգալի վնաս է հասցնում նրանց առողջությանն ու անվտանգությանը։
«Քանի որ համավարակը ընտանիքի անդամների եկամուտներին մեծ հարված է հասցնում, առանց աջակցության, շատ երեխաներ կարող է որպես մանկան աշխատուժ օգտագործվեն»,- նշել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը (Guy Ryder)։ «Սոցիալական պաշտպանության ծառայությունները ճգնաժամի օրերին կենսական նշանակություն ունեն, քանի որ օգնության ձեռք են մեկնում ամենախոցելի մարդկանց։ Մանկական զբաղվածությանը վերաբերող մտահոգության առարկա հանդիսացող խնդիրների ավելի լայն ինտեգրումը կրթության, սոցիալական պաշտպանության, արդարադատության, աշխատաշուկայի, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի գործողությունների պլաններում կարևորագույն փոփոխություն կարող է լինել»:
Ըստ զեկույցի, կորոնավիրուսի պատճառով կարող է աճել աղքատության ցուցանիշը, հետևաբար՝ կարող է գրանցվել նաև մանկական զբաղվածության աճ, քանի որ գոյություն պաշտպանելու համար ընտանիքները դիմում են հնարավոր բոլոր միջոցներին։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեկ տոկոսային կետով աղքատության աճը որոշ երկրներում հանգեցնում է մանկական զբաղվածության 0,7 տոկոսանոց աճի։
«Շատ ընտանիքների համար ճգնաժամային իրավիճակներում մանկական աշխատուժը ֆինանսական դժվարությունների հաղթահարման մեխանիզմ է դառնում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Քանի դեռ աղքատությունը աճում է, դպրոցները փակվում և դպրոցներում իրականացվող սոցիալական ծառայությունները նվազում, ավելի շատ երեխաներ են ստիպված լինում աշխատել։ Աշխարհը կորոնավիրուսային համավարակից հետո վերաիմաստավորելու մեր տեսլականին զուգընթաց՝ մենք պետք է համոզվենք, որ երեխաներն ու իրենց ընտանիքները ունեն անհրաժեշտ գործիքներ՝ ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար։ Որակյալ կրթությունը, սոցիալական պաշտպանության ծառայությունները և ավելի լավ տնտեսական հնարավորությունները կարող են փոխել խաղի կանոնները։
Բնակչության խոցելի խմբերը, ինչպիսիք են ստվերային տնտեսությունում աշխատողներն ու աշխատանքային միգրանտները, ամենաշատը կտուժեն տնտեսության անկումից։ Աճ գրանցած ոչ ֆորմալ աշխատանքն ու գործազրկության մակարդակը, և ընդհանրապես կենսապայմանների վատթարացումը, առողջապահական համակարգի ցնցումներն ու ոչ բավարար սոցիալական պաշտպանության համակարգերը պակաս ճնշումներ չեն։
Հայեցակարգն առաջարկում է մի շարք միջոցառումներ՝ աճ գրանցած մանկական զբաղվածության սպառնալիքի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ ավելի համապարփակ սոցիալական պաշտպանության համակարգ, աղքատ տնային տնտեսությունների համար վարկերի տրամադրման դյուրին մեխանիզմներ, մեծահասակների համար արժանավայել աշխատանքի խթանում, երեխաներին դպրոց վերադարձնելու նոր միջոցառումներ, այդ թվում՝ ուսումնական վարձավճարների վերացում, և ավելի շատ ռեսուրսներ աշխատանքի տեսչական ստուգումների և իրավապահ մարմինների համար։
ԱՄԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակում են սիմուլյացիոն մոդել` դիտարկելու կորոնավիրուսի ազդեցությունը մանկական աշխատանքի վրա ամբողջ աշխարհում: Մանկական աշխատուժի վերաբերյալ նոր գլոբալ գնահատականները կհրապարակվեն 2021 թվականին: