ՊՐԱՀԱ- Չեխահայությունը բացառիկ կազմակերպվածությամբ նշեց ապրիլի 24-ը։ Հազարավոր հայեր Չեխիայի տարբեր շրջաններից եկել էին մայրաքաղաք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Առավոտյան հայկական խաչքարի եւ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղիկների զետեղումից հետո, կեսօրից հետո Սուրբ Յիլիի եկեղեցում սկսվեց հոգեհանգստյան պատարագը, որ մատուցեց Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Իր քարոզում դիմելով ներկա չեխահայությանը, նա կոչ արեց միասնաբար ոգեկոչել մեր զոհերին, որոնք ապրիլի 23-ից այլեւս դասվել են սրբերի շարքը։ Կարճատեւ ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուրարտու հայ-չեխական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։