Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 

Մայիսի 21-ին առցանց «Ազգ»-ում https://www.azg.am/AM/news/1008?fbclid=IwAR0BcP0GhoDdvXaC-VJC4VX8mP1M7RV4KJIZUY1uGBbnXif55vQi5wSGb6w ներկայացրել էինք Գերմանիայում երկարամյա մասնագիտական գործունեություն ծավալող մանրէաբան, համաճարակաբան, շրջակա միջավայրի հիգիենայի, հիվանդանոցային հիգիենայի մասնագետ Համբարձում Մերկերյանի հետ մեր՝ ամիսներ առաջ հեռավար հարցազրույցի առաջին մասը: Նախքան զրույցի երկրորդ մասը ստորեւ հրապարակելը, ծանուցենք, որ թեեւ դոկտոր Մերկերյանը գերզբաղված առօրյա ունի՝ ծառայում է ԳԴՀ տարբեր քաղաքների բուժհաստատություններում, սակայն ժամանակ առ ժամանակ հեռախոսով կապվում է մեզ հետ՝ իրազեկ դառնում համավարակի վերաբերյալ հայաստանյան անցուդարձին: Նրա համար չափազանց տարօրինակ է Հայաստանի այն հատուկենտ բժիշկների կարծիքը, որոնք հորդորում են քիթն ու բերանը ծածկող դիմակի միջոցով չպաշտպանվել Covid-19-ից: Համբարձում Մերկերյանին անծանոթ է դրամական խրախուսմամբ դիմակի դեմ քարոզ իրականացնող որեւէ բժշկի, անհատի խոսք Գերմանիայում, ինչի մասին ֆեյսբուքյան գրառմամբ ակնարկել էր Գերմանիայում բնակվող ուռուցքաբան, արյունաբան Տարոն Սարիբեկյանը: Իր բազմամյա պրակտիկայում չի հանդիպել, համավարակի օրերին Գերմանիայում չի լսել, թե դիմակի օգտագործումն ալերգիայի պատճառ կարող է լինել, ինչը տարբեր հարթակներից լսելի է դառնում այս օրերին Երեւանում: Մերկերյանին զարմացնում է Հայաստանում այն անհատների վարքը, որ զանազան պատճառաբանություններով խուսափում են քիթ-բերանը ծածկել: Գյոթթինգենաբնակ Համբարձում Մերկերյանի համար հանրությանը հանձնարարելի դիմակի լավագույն տարբերակը բամբակյա կտորից երկտակ պաշտպանական ամենամատչելի միջոցն է, որ հնարավոր է տանը կարել: Իսկ դրա, ինչպես մյուս դիմակների արդյունավետությունը կարելի է ստուգել ամենապարզ միջոցով. Փակ տարածքում դիմակը ծածկած փչել 15-20 սմ հորիզոնական հեռավորությամբ մոմի բոցը: Եթե կրակը չի տատանվում, ուրեմն դիմակն անհրաժեշտ պաշտպանական արդյունավետությունն ունի:

Գերմանիայի Յենա քաղաքը Covid-19-ից դիմակով պաշտպանվելու լավագույն օրինակն է: Այնտեղի բնակիչները քիթ-բերանը ծածկելու առաջամարտիկ եղան այն ժամանակ, երբ դաշնային իշխանությունները դեռ նման հորդոր չէին հնչեցրել: Հունիսի 10-ին հրապարակվեց Մայնցի համալսարանական հետազոտության արդյունքը, ըստ որի հաստատվեց, թե Թյուրինգիա երկրամասի հիշյալ քաղաքը զրոյացրել է վարակակիրների թիվը՝ շնորհիվ պաշտպանական այդ միջոցի՝ դիմակի:

Մերկերյանի հիշեցմամբ անդրադառնանք եւս երկու օրինակի: Գերմանիայում մայիսի սկզբին արտոնվեց եկեղեցի հաճախել՝ հիգիենայի կանոնները պահպանելու խիստ հորդորով: Մայիսի 10-ին Մայնի Ֆրանկֆուրտի մկրտչական (բապտիստական) եկեղեցական արարողությունից հետո Covid-19-ի վարակի բռնկում եղավ՝ 200 հոգու դրական ախտորոշումն հաստատվեց: Հայտնի դարձավ պատճառը՝ առանց տարածություն պահպանելու, առանց դիմակի երգել էին: Վարակակիրների ավելի նվազ թիվ՝ 44 հոգի գրանցվեց, երբ Բրեմերհաֆենի հոգեգալստականների եկեղեցում արարողությունն ընթացավ հիգիենայի կանոնները պատշաճ չպահպանելով: Գյոթթինգենում բարձրահարկ մի շենքում վարակի բռնկում եղավ վերջերս՝ 170-ից ավելի մարդ դրական ախտորոշվեց: Պատճառը երկար ժամանակ չէին հստակեցնում՝ կրոնական, այլատյացության, խարանի հնարավոր շահարկումներից խուսափելու պատճառով, բայց ԶԼՄ- ներին հայտնի դարձավ, որ Ռամադանի տոնակատարության ժամանակ բազմանդամ ընտանիքներում արհամարհել են համավարակի դեմ հիգիենայի կանոնները, մասնավորապես նարգիլե են ծխել՝ բերանից բերան փոխանցելով վարակը: Ստորեւ Համբարձում Մերկերյանի հետ մեր զրույցի շարունակությունը:

 

-Դոկտոր Մերկերյան, այսօր անբաժան իր է անձնական հեռախոսը, պարտադի՞ր է այն ախտահանելը:

-Կարելի է Pril- ով (աման լվանալու հեղուկ օճառ-Ան. Հ.) շատ վիրուսներ ոչնչացնել, ինչպես օրինակ HIV- ի վիրուսը: Կորոնայի եւ այլ վիրուսների պարագային կարեւոր է մեխանիկական հեռացումը՝ բոլոր կոշտ առարկաներու մակերեսները կարելի է օճառաջրով սրբել: Առաջ հիվանդանոցների մեջ ախտահանող նյութը կփչեին, ադիկա մինակ չի բավեր, դրանից հետո պիտի սրբելով հեռացնել, մակերեսը մաքրել, քանի որ սրբած ատենը շատ բակտերիաներ եւ վիրուսներ կոչնչանան: Իսկ տունի մեջ առանց ախտահանիչ նյութի, մինակ օճառաջուրով սրբելը կբավե: Եթե դուրսեն ներս եկած ատենը, կոշիկները դուռին առջեւը հանենք, մուճակով (հողաթափ) պտտինք, իսկ մուճակով փողոց չելլենք, հիգիենան կպահպանվի: Հիվանդանոցին մեջ շատ ըսած եմ ծնողներուն, թե երեխաներին ուշադրություն ընեն, գետինները մաքուր չեն նստելու համար: Շատերը կըսեին՝ կուզենք, որ մեր երեխան միկրոբներով մեծնա, ադիկա շատ սխալ է: Իմին ըրածս ինֆեկցիոնի կանխարգելումն է: Այժմ իմ մեծ խնդիրն ան է, որ հիվանդանոցներուն մեջ զգույշ ըլլան՝ կորոնային պատճառով Իտալիայեն Գերմանիա եկած բուժվողներուն հետ բակտերիա եկած կըլլա, ուրիշ հիվանդներու չանցնի:

-Հայերիս ո՞ր սովորություններն են, որ մանավանդ այս պայմանների համար կարող են վտանգավոր լինել եւ պիտի հրաժարվենք դրանցից:

- Թուրքիայի ծերերն օրինակ, մեր՝ հայերիս մեջն ալ ասիկա կա, «աչք չառնե» կըսեն, վերջն ալ թու, թու, թու կըսեն: Ատիկա շատ- շատ վտանգավոր բան մըն է: Կրնա ըլլալ, օրինակ, գան մեծին ըսեն՝ «թու, թու, թու, կորոնայեն հեռու մնացեր ես», եւ եթե լավ չի լսեր, մոտենան, թուքն էլ վրան գա...շատ-շատ վտանգավոր է: Տունի մեջ չհավաքվին թող, դուրսը նստին, մաքուր օդին, իրարից հեռավորություն պահելով սուրճ խմեն: Հայաստանում հետաքրքրասիրություն կա՝ եթե նորածին կա, անպայման կուզեն տեսնալ, այցելել: Պիտի նախապես ըսվի, թե հեռախոսոսվ կամ սկայպով ալ կրնան խոսիլ, պայման չէ անպայման տեսնվիլը:

-Համավարակի չսաստվող ընթացքն անընդհատ ստիպում է վերահսկել մեր գործողությունները: Մի բան անում ենք, հետո կասկածում՝ ճի՞շտ էր, սխա՞լ էր: Մարդ արարծը որքա՞ն զգույշ կարող է լինել:

-Մարդը հիվանդ ընելը դյուրին չէ: Մարդը կրնա պայքարիլ: Ամեն բան խորհելով պիտի ըլլա՝ խնձոր է, պիտի լվանաս, նոր ուտես, մարդոց հետ քիթ- քթի չպիտի նստիս: Երիտասարդները պիտի պաշտպանեն տարեցներուն, որոնք բարձր ճնշում, տարբեր հիվանդություններ ունին, տարածություն պահեն, շատ կարեւոր է պատուհան բացել, տունն օդափոխելը, որ վիրուսները երթան:

Դռները կրնանք արմունկով բանալ, իսկ եթե հանրային զուգարանում ենք, ձեռքերը լվանանք, թղթե սրբիչով չորցնելուց հետո այդ թուղթով բանանք դուռը, վերջը թափենք: Հիվանդանոցն ըլլանք, հոնտեղը ախտահանող հեղուկ կա: Կրնանք բռնակն ալ անոր միջոցով սրբել: Եւ ընդհանրապես անոր միջոցով տարբեր առարկաներ սրբել, բայց օրինակ չմոռնանք, որ հրահանը (կրակվառիչը) չենք կրնար սրբել, կբռնկի: Մենք հիվանդներին կըսենք՝ մի ծխեր կամ ուշադրություն ըրե, որ ձեռքդ լվաս, ալկոլով մի սրբեր, թե չէ կբռնկիս: Թեեւ գիտնականները ծխելու վերաբերյալ բան չեն ըսած, բայց ես ըլլամ՝ ա՛ս վայրկյանիս կկեցնեմ: Նախ՝ բերանն առնելն արդեն վտանգ է, ադկե զատ՝ թոքերուն համար վնասակար է:

-Շատ լավ իմանալով, որ գիտնականների եւ բժիշկների համար դժվար է երեւի հաստատել կամ հերքելը, բայց ՝ոմանք ասում են՝ գրիպի նման «3 օր կուգա, 3 օր կերթա» խոսույթը ամիսներով պատկերացնենք՝ 3 ամիս կուգա, 3 ամսեն կերթա:

-Գրիպի համար կըսեն 3 ամիս կուգա, 3 ամսեն կերթա, բայց ասիկա նոր վիրուս մըն է: Չենք կրնար ըսել, քանի որ ամեն օր դեռ նոր բան մը կսորվինք: Հարյուրեն 100 հայտնի է, որ առանց ախտանիշ կրնա ըլլալ: Անոր համար հիվանդանոցների բժիշկ, բուժքույր, բոլորը ստիպված են իրար պաշտպանելու, եթե մեր բժիշկներն ու բուժքույրերը հիվանդանան, հիվանդներուն ո՞վ պիտի նայի: Նորմալ՝ այլ հիվանդություններ կան, հիվանդները հիվանդանոց չեն երթար, ըլլալիք բան չէ:

-ԳԴՀ հիվանդանոցների բարձրորակ պատրաստությունը դրվատեցին:

-Հոստեղ որքան մեծ պատրաստություն տեսան մեր հիվանդանոցները, փառք տիրոջ, դեռ պարապ են, մահճակալներն ազատ են դեռ: Կրնա ըլլալ, որ սահմաններեն դուրս ելլալն արգիլելն օգնեց: Թեսթ ընելը շատ է: Վտանգը հետեւյալն է՝ եթե առանց ախտանիշների վարակված է, կրնա վարակել ուրիշները առանց զգալու: 7 օր վերջը կրնա շունչի քիչ մը դժվարություն ունենալ: Իսկ 10 օր վերջն ալ անանկ կըլլա, որ ստիպված է ինտենսիվ մտնալ: Գերմանացին սկիզբեն տունը կմնա, շատ կարեւոր է, որ վիրուսիկ հիվանդության ժամանակ մարդ հանգիստ ընե: Պիտի մարմինը վիրուսին վարժվի, ինչպես մեր ծնողները կըսեին, թե մեկ օր առանց տաքության պիտի տունը մնանք, որ մարմինը կրնա հիվանդության դեմ պայքարիլ: Հիմա կրնա ըլլալ շուտ կարանտինի ղրկելով ծանր վիճակին չեն գար: Գերմանիա ծերերը եւ քրոնիկ հիվանդները շատ կանոնավոր իրենց հասանելիք դեղամիջոցները միշտ ընդունած են, հոստեղը ամեն բան ապահովված է: Կրնա ըլլալ Իտալիան ադ վիճակին հասավ, քանի որ հիվանդներու հանդեպ ծառայությունները բավարար չէին: Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, անոնց խորհելակերպն ուրիշ տեսակ է: Ադչափ ալ ապուշ պիտի ըլլա մարդ, որ լուրջի չառնե: Անգլիան ըսավ՝ ձգենք ամեն մարդ թող ունենա, վերջը կնայինք, Շվեդիան ալ նույնը ըրավ, բայց քիչ մը խորհելով, ավելի խելացի: Բորիս Ջոնսոնը, երբ հիվանդ եղավ, հազը սկսավ, ուշադրություն չըրավ, տունը չմնաց, հանգիստ չըրավ, անոր համար վատացավ: Սպասեց, հոգնեցավ: Ամերիկան սուտ խոսեցավ, Թրամփին մարդ չի կրնար վստահիլ: Ամերիկա իսպանացիներն ու սեւերը ամենեն շատ կվարակվին՝ աղքատ են, բժշկի չեն երթար, քրոնիկ հիվանդությունները շատ են: Բայց Գերմանիան ալ վախ ունի, քանի որ կըսեն, թե վարակի նոր ալիք պիտի գա դեռ:

Ես Tropenmedizin-ի կազմակերպությունների մեջն եմ (Zentrum fuer Reisemedizin - Ճամփորդական բժշկության գերմանական կենտրոն եւ արեւադարձային երկրների հիվանդությունների կանխարգելման եւ առողջության պահպանման գերմանական, միջազգային տարբեր կազմակերպություններ-Ան. Հ.) ինծի 15 օրը մեկ լուր կուգա, թե աշխարհքի որ կողմը ինչ հիվանդություն կա: Ես հունվարին արդեն գիտեի, որ Չինաստանի մեջ ասանկ վարակ կա, գրությունը դեկտեմբերի վերջին եկավ:

- Իսկ ինչու՞ ավելի վաղ լուրջ չդիմակայեցին:

-Ես ալ չեմ գիտեր: Շատ բարկացած եմ: Երկու օր է հեռախոսիս վրա պաշտպանիչ դիմակի առաջարկ կուգա՝ «գինը այսչափ է, պատվիրեցեք հիմա»: Ինչո՞ւ, ո՞ւր մնացին, կառավարությունը խրախուսեց՝ 40 միլիոն օգնություն պիտի տան անոնց, որ պիտի արտադրեն, թող սկիզբեն ընեին: Առաջին օրեն հիվանդանոցներն ըսին՝ չունինք:

-Գիտնականների մեղավորությունը չէ՞ նաեւ, որ ասում էին, թե պաշտպանիչ դիմակը չի օգնում:

-Ադիկա սխալ էր: Անոնց մեջն ալ փոլիթիկներ կան: Ես վիրոլոգ չեմ, բայց խելքս կպառկի քիչ մը, որ եթե վիրուս մը բերանեն կանցնի, ի՞նչ պիտի ընես: Հիվանդանոցն ըսած եմ, եթե պաշտպանիչ դիմակը չըլլա, եւ հիվանդը գա, առջեւնիս նստի, քովը չեմ երթար, քանի որ ես ալ պիտի ունենամ ադ վիրուսը:

-Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի պարագան:

-Իտալիան եւ Իսպանիան օրինակ կրնան ըլլալ, որ նույնը Հայաստանի մեջ ալ չպատահի: Երկու երկիրներու մեջ ալ ծեր մարդիկ շատ կան, 65 տարեկանեն բարձր: Անտեղի պայմանները Հայաստանին նման են՝ տունին մեջ երիտասարդներն ու տարեցները միասին կապրին, բազմանդամ են ընտանիքները: Իտալիայեն, Սիցիլիայեն հիվանդներ ունինք, որ քրոնիկ հիվանդները պետք եղած բժշկական կոնտրոլի տակ չեն: Հարուստ ազգականներ ունին Գերմանիա, կուգան, հոս կոնտրոլ (բուժքննություն) կանցնին, դեղերը կառնեն, կերթան: Բժշկությունը, լաբորատորիաները լավ զարգացած են ադ երկիրներուն մեջը, բայց նորեն ալ կառավարությունը կամ նրանք, որ որոշում պիտի կայացնեին, ուշադրություն չդարձուցին՝ կարծելով, թե իրենց երկիրն ադիկա չի պատահիր: Այդ միջոցին վիրուսը տարածվեցավ: Երիտասարդներն առողջ մնացին, բայց ուրիշներու փոխանցեցին:

-Հյուսիսը Իտալիայի ավելի շատ է տառապել վիրուսից, քան հարավը, քանի որ հյուսիսում զարգացած է տեքստիլ արտադրությունը, որ մեծազանգված էժան աշխատուժ է ներկրել Չինաստանից, եւ կարծիք կա, թե հենց նրանք են բերել:

-Ադիկա ես ալ իմացա, բայց գեշը ան է, թե ինչո՞ւ կառավարությունն ու բժիշկները չանդրադարձան, որ Չինաստան ադքան վիրուս կա, ինչո՞ւ ձգեցին, որ օդանավ գա, փոխարենն առաջքն առնեին:

-Դուք ծնվել եք Պոլսում, Թուրքիան լավ եք ճանաչում: Համավարակի շատ բարձր թվեր կարծես չունի, ներկայացվածին հավատու՞մ եք:

-Ոչ: Բայց իմ կարծիքով, Թուրքիան ավելի աղվոր պաշտպանական միջոցառումներ է իրականացրել, քան ուրիշ երկրներ, օրինակ Իսպանիան, Ամերիկան: Թուրքիան Չինաստանի պես է՝ մարդը կհավատա իր երկրի կառավարության ըսածներուն, դիսկուսիոն չիկա: Էրդողանը կըսե՝ աս կընեմ, ան կընեմ: Մզկիթը գոցեցին, 65 տարեկանեն վեր երկրեն դուրս չեն կրնար ելլալ: (Սահմանափակումների ժամանակ շաբաթվա մեջ մեկ օր մեկ ժամով կարող էին զբոսանքի դուրս գալ 65-ից բարձր տարիք ունեցողները- Ան. Հ.) Բայց «Հուրիեթին» մեջն ալ աշխարհեն ավելի շատ լուր կուտան, քան Թուրքիայեն: Թուրքիան դիագնոստիկի (ախտորոշման) մեջ շատ առաջ գացած է:

-Քաղաքական գործիչները հաշվի չառան գիտնականների, բժիշկների նախազգուշացումները:

- Այո, այլապես այսպես մեկեն չէր պայթի:

-Հանրային որոշ քննարկումներից հայտնի է դառնում, թե այս վիրուսը գիտնականներին վաղուց էր հայտնի, ոմանք սրա բռնկումը կանխատեսում էին տարիներ առաջ: Բայց լուրջ չեն վերաբերվել, չեն լսել նրանց ձայնը:

-Ադքան ալ լուրջ չէ, իմ կարծիքով, կրնա ըլլալ մեկուն գիտական թեզին նյութը եղած է, քիչ մը ավելի ուսումնասիրած է լաբորին մեջ:

-Կա տեսակետ էլ, որ սա կարող է որեւէ երկրի լաբորատորիայում ստեղծված լինել՝ մեկ ուրիշ երկրի «պատժելու» համար:

-Իմին արհեստս կանխարգիլելն է: Եթե որեւէ բան պիտի ըսեմ, ամեն բան միտքիս մեջը պիտի մեկիկ -մեկիկ անցունեմ:

-Ձեր կարծիքով, կարո՞ղ է նման վիրուս ստեղծված լինել լաբորատորիայում եւ այնտեղից դուրս հանվել:

-Ամեն բան կարելի է: Այս դարուս ամեն բանը կա, մարդ կրնա ուզած բանն առաջ տանիլ: Ինչպես որ երեխա կշինեն: Բայց ադանկ բան պնդելու համար, ամեն բան պիտի ուսումնասիրվի, հետո ըսվի: Բայց պիտի խորհինք՝ ինչո՞ւ այսչափ շատցավ: Անցյալ տարեվերջին գիտեին արդեն, որ Չիանաստան նման բան կա, այն ատեն թող առաջն առնեին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ գիտնականները:

-Բժիշկները Գերմանիայում ամենաշատն ինչի՞ց են դժգոհ այժմ:

-Բժիշկների ձայնը շատ չի ելներ, իրենց գործին են, մինակ կդժգոհին, որ պետք եղած պաշտպանական միջոցները չկան: Բուժքույրերն ուրախ պիտի ըլլան, որ գործազուրկ չըլլան:

-Սահմանափակումները վերացնելու մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Եթե ժամանցի վայրերը գոց ըլլան, իսկ խանութներուն մեջ դիմակ կրեն թե՛ վաճառողը, թե՛ գնորդը, հազացող, հիվանդ մարդը տանը մնա, հանգիստ ընե, վարակելիությունը կդանդաղի: Դպրոցին մասին չեմ կրնար ըսել: Եթե եկեղեցի երթանք քիթ- բերանը պաշտպանելով, հեռու նստինք իրարմե մեծ սրահներուն մեջ, կըլլա: Խաչ, ավետարան, ձեռք համբուրել չիկա: Հաղորդություն վերցնել, ձեռքով բերանը դնել չիկա: Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մեծ է, կրնան դիմակով, հեռու կանգնելով պատարագին հետեւիլ, բայց կանոնները խիստ պահելով: Իսկ խորանին վրա եղողներն ալ իրենք գիտեն՝ կուզեն դիմակը դրած թող երգեն: Նորեն կրկնեմ, ասիկա ռեսպիրատոր վիրուս է, կրնա պնեւմոնիայի հանգեցնել, ինչի պատճառով ալ որ ըլլա՝ բակտերիայի, վիրուսի, թե սունկերու, շատ վտանգավոր է: Երիտասարդն ալ, ծերն ալ կրնան ունենալ: Եթե պնեւմոնիա ունենա, հիվանդանոց երթա, պիտի ճիշտ դարմանվի, արհեստական շնչառության սարքի միջոցով: Միակ ճարը պատվաստանյութի, դեղամիջոցի արագ ստեղծելու հույսն է: Իհարկե պատվաստանյութին համար մեծ մրցակցություն կա ամբողջ աշխարհքին վրա, նույնիսկ Թուրքիան կփորձե, որ իր նյութը գովազդե, կփորձե ուրիշին ստեղծածը գեշցնել:

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

ԱԶԳ

2020-06-10 18:52:08