ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9-ը հունիսի, 2020թ.: Քանի որ գրեթե 1,2 մլրդ դպրոցականներ շարունակում են տուժել դպրոցների փակումից, կորոնավիրուսային համավարակի բերումով առերեսվելով հեռավար ուսուցման դժվարությունների հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ գործիքակազմի և տեխնոլոգիաների անհամաչափ բաշխումը սպառնում է խորացնել համաշխարհային կրթական ճգնաժամը:
«Դպրոցների չգործելու դեպքում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու նյութերը խիստ անհամաչափ են բաշխված։ Ճիշտ այդպես, տանը ուսման հետ կապված սահմանափակ աջակցություն ունեցող երեխաները կրթություն ստանալու համար գրեթե միջոց չունեն: Ուսուցման համար մի շարք գործիքների և ինտերնետային կապի տրամադրումն արագ կազմակերպելը յուրաքանչյուր դպրոցի և յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտություն է», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենկինսը (Robert Jenkins): «Կրթական ճգնաժամ գոյություն ուներ դեռ մինչև կորոնավիրուսային համավարակը։ Հիմա մենք ականատեսն ենք լինում է՛լ ավելի անհանգստացնող և խորացող կրթական ճգնաժամի»։
Հեռավար ուսուցման հասանելիությանը վերաբերող վերջին տվյալներ՝
Համացանց
- Աշխարհի 71 երկրներում բնակչության կեսից ավելին ինտերնետային կապ ունի։ Չնայած այս անհամամասնությանը, հաշվետու 127 երկրների կառավարությունների 73 տոկոսը, քանի դեռ դպրոցները չեն գործում, կրթություն տրամադրելու համար գործածում է առցանց հարթակներ:
- Աֆրիկայի երկրների մեծ մասում բնակչության մեկ քառորդից էլ պակաս մասը ինտերնետային կապ ունի:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 14 երկրներից ստացված տվյալների համաձայն տանը ինտերնետային կապ ունեցող դպրոցականներն ընթերցելու ավելի բարձր հմտություններ ունեն, քան այն երեխաները, ովքեր տանն ինտերնետային կապ չունեն:
Հեռուստատեսություն
- Թեև ոչ բոլորին է այն հասանելի, հեռավար ուսուցումը կազմակերպելու հարցում հեռուստատեսությունը կառավարությունների կողմից գործածվող հիմնական հարթակն է։ Հաշվետու 127 երկրների 4-ից 3-ը հեռուստատեսությունը գործածում են որպես կրթության աղբյուր երեխաների համար: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ավելի քան 90 տոկոսը, իսկ Հարավային Ասիայի երկրների՝ 100 տոկոսը հեռուստատեսությունն օգտագործում է որպես հեռավար կրթության մատուցման միջոց:
- 88 երկրների տվյալներով երկրներից 40-ում քաղաքաբնակ երեխաները առնվազն երկու անգամ ավելի հավանական է, որ տանը հեռուստացույց ունենան, քան գյուղաբնակ երեխաները։ Ենթասահարյան Աֆրիկայում անհավասարությունն ամենամեծն է։
Ռադիո
- Ռադիոն կառավարությունների կողմից կրթություն տրամադրելու համար օգտագործվող երրորդ ամենատարածված հարթակն է, քանի դեռ դպրոցները չեն գործում։ Հաշվետու 127 երկրների 60 տոկոսը գործածում է այս մեթոդը: Ռադիոյի առկայության թիվը տարածաշրջաններում մեծապես տարբերվում է: Հարավային Ասիայում 5 տնային տնտեսություններից միայն 1-ն ունի ռադիո՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծոցի երկրների տնային տնտեսությունների 4-ից 3-ի հետ համեմատած:
SMS / բջջային կապ / սոցիալական մեդիա
- Երկրների ավելի քան կեսը օգտագործում են կարճ հաղորդագրությունները (SMS), բջջային կապը կամ սոցիալական մեդիան՝ որպես կրթության այլընտրանքային համակարգ։Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաշվետու երկրների 74 տոկոսը գործածում են հենց այս հարթակները: Հաշվետու 127 երկրների գրեթե կեսը տրամադրում են տուն տանելու տպագիր ռեսուրսներ և միայն 11 տոկոսն է տնային այցեր իրականացնում:
Էլեկտրաէներգիա
- Հսկայական անհավասարություն կա ամենահարուստ և ամենաաղքատ տնային տնտեսությունների միջև: Քանի դեռ դպրոցները փակ են, կրթություն տրամադրելու գրեթե բոլոր տեխնոլոգիաներն էլեկտրաէներգիա են պահանջում։ Այնուամենայնիվ, տվյալներ հավաքագրող 28 երկրներում ամենաաղքատ քվինտիլի տնային տնտեսությունների միայն 65 տոկոսն ունի էլեկտրաէներգիա՝ համեմատած ամենահարուստ քվինտիլի տնային տնտեսությունների 98 տոկոսի հետ:
Գլոբալ առաջընթաց հեռավար ուսուցման հասանելիության բնագավառում։
Կորոնավիրուսային համավարակի բռնկումից ի վեր շատ երկրներում կրթական համակարգերը արագորեն վերափոխվեցին՝ հեռավար ուսուցմամբ երեխաներին աջակցելու համար, այդ թվում՝
- Մոնղոլիայում հեռուստատեսությունը հեռավար ուսուցման հիմնական միջոցն է եղել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատել է կառավարության հետ՝ հեռուստատեսային դասընթացներ տրամադրելու գործում՝ նախակրթական և տարրական կրթության կրթական նյութեր պատրաստելով տիվաերեն և ղազախերեն լեզուներով՝ ազգային փոքրամասնությունների երեխաներին հասանելի լինելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ առցանց ուսումնական նյութեր պատրաստելու համար` հեռավոր շրջաններում, որտեղ հեռուստատեսությունը կամ ինտերնետային կապի հասանելիությունը սահմանափակ է, տարրական դասարանցիների ուսմանն աջակցելու համար։
- Ղրղզստանում երեխաները կարող են հեռավար ուսուցում ստանալ առցանց հարթակների, ազգային երեք հեռուստաալիքների և բջջային կապի երկու անվճար հավելվածների միջոցով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցել է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար կրթական նյութեր մշակելու ու տրամադրելու հարցում` ապահովելով, որ հեռակա ուսուցման բոլոր դասերը հասանելի լինեն նաև ժեստերի լեզվով: Բոլոր դասերի ենթագրերը տրամադրվում են նաև ուզբեկերենով և տաջիկ փոքրամասնությունների լեզուներով, որպեսզի ոչ մի երեխա կրթությունը բաց չթողնի։
- Ուրուգվայում Plan CEIBAL-ի և ANTEL հեռահաղորդակցական ընկերության միջև փոխգործակցությունը հասանելի է դարձրել պետական կրթական նյութերը՝ առանց տվյալների սպառման:
- Ջամայկայում կրթության նախարարությունը դասընթացներ է հեռարձակում բոլոր մակարդակներում` ազգային հանրային հեռուստատեսության, ռադիոյի, առցանց հարթակների և WhatsApp-ի միջոցով: Աշխատանքներ են տարվում նաև ամենախոցելի 210 աշակերտներին պլանշետներ տրամադրելու համար, որոնք հագեցած կլինեն կրթական նյութերով և ինտերնետային կապ կունենան։
- Մեքսիկայում Սովորում ենք տանը կառավարության ռազմավարությունը հեռավար կրթության ծառայություններ է մատուցում ազգային հեռուստատեսության, ռադիոյի և թվային ալիքների միջոցով: Այն հիմնված է ազգային ուսումնական ծրագրերի վրա:
- Վիետնամում որոշ ուսումնական պլաններից դուրս են եկել որոշ թեստեր և մոդուլներ, իսկ մյուսները հետաձգվել են մինչև հաջորդ ուսումնական տարի՝ աշակերտներին հնարավորություն տալով բաց թողնված ուսումը լրացնել ողջ հաջորդ տարվա ընթացքում և նվազեցնելով ուսման հետ կապված ճնշումները և սոցիալ-հոգեբանական սթրեսը