Հունիսի 6-ին՝ հայաստանյան ժամանակով 11:00-ին, կմեկնարկի «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը կդարձնեն ամենաքննարկվող թեման:
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ: Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբ ներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը:
Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին:
2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը:
Մասնակիցները հնարավորություն կունենան Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանագներից, Կանադայից, Ռուսաստանից, Արաբանական Միացյալ Էմիրություններից հայրենադարձվածներից լսել պրակտիկ ու արդիական խորհուրդներ,
իսկ Հայաստանի պետական ոլորտային կառույցների ներկայացուցիչներից՝ տեղեկանալ հայրենադարձության վերաբերյալ պետական մոտեցումների և առկա արտոնությունների մասին:
Մասնակցության համար խնդրում ենք այցելել հղմամբ՝ https://bit.ly/2XavJDs:
Ֆորումի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Repat Armenia հիմնադրամի ֆեյսբուքյան էջ կամ պարզապես հետևելով Imagine Armenia Lebanon Online Forum-ի թարմացումներին:
***
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով: