Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սփյուռքահայ համայնքների հետ  իրականացվող ծրագրերում փոփոխություններ կատարելու մասին տեղեկատվություն 

 

           

  1. Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնական նյութերի մշակում, ձեռքբերում և տրամադրում.

           

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման գործընթացը: Այս փուլում ընթանում է 2020թ. բյուջեի հաշվին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում սփյուռքին կներկայացվի ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2019թ. դեկտեմբերին և 2020թ. ձեռքբերման արդյուքում տնօրինության տակ գտնվող նյութերի ամբողջական ցուցակ՝ վերջնական հայտերը հավաքագրելու և ամառվա ընթացքում առաքումները կազմակերպելու նպատակով:

 

  1. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում.

 

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կայանալու է հեռավար ձևաչափով՝ նույն նախապես հայտարարված 6 ուսումնական ծրագրերով (մանկապարտեզ, մեկօրյա դպրոց, տարրական ուսուցում, հայոց լեզու և գրականություն, լրացուցիչ կրթություն և հայոց պատմություն): Ուսումնական ծրագրի մշակումը մրցույթով ստանձնել է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Այժմ ընթանում են ուսումնական ծրագրի նոր ձևաչափին հարմարեցման խմբագրական, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքները: Ուսումնական ծրագրերում տեղ են գտնելու նաև հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդիկայի, տարբեր էլեկտրոնային հաթակներից օգտվելու և նոր ստեղծված պայմաններում այլ արդիական դարձած թեմաներով դասընթացները: Դասընթացներին առցանց գրանցվելու, անցկացման ժամկետների և ժամանակացույցի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ: Ակնկալում են ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Բոլոր նախապես մասնակցության համար դիմած ուսուցիչների դիմումները ուժի մեջ են:

 

  • Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր.

 

Իր ընթացակարգով է շարունակելու սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր: Այն կսկսվի հուլիս ամսին: Դիմորդները փաստաթղթերը կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Մնացած բոլոր մանրամասների մասին հայտարարությունը կտեղադրվի ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում հունիս ամսվա առաջին տասնօրյակում:

 

  1. Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն.

 

Մոտենում է իր առաջին փուլի ավարտին Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Հունիսին կազմակերպիչները կամփոփեն տեղեկություններ մրցույթին դիմած դպրոցների և անհատների մասին և որոշում կկայացնի մրցույթի հետագա ընթացի ժամկետների և կարգի վերաբերյալ: Հաշվի առնելով այն փաստը, որ դպրոցները աշխատել են առցանց, և երեխաները ուսուցչի լիարժեք ուղղորդման և աջակցության հնարավորություն չեն ունեցել, հնարավոր են այլ լուծումներ՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում: Հնարավոր է, որ կազմակերպիչները առանձին-առանձին կապ կհաստատեն մասնակիցների հետ՝ խորհուրդներ տալու և հետագա համատեղ աշխատանքն իրականացնելու համար:

 

Միաժամանակ հայտնում ենք, Համահայկական կրթական խորհրդաժողովն այս տարի չեղարկվում է և տեղափոխվում է 2021թ., իսկ Համահայկական բնագիտական օլիմպիադան այս տարի չեղարկվում է և կանցկացվի պլանավորված 2022թ.:

 

Սակայն ստեղծված իրավիճակում, համագործակցության ոլորտում կորուստները նվազագույնին հասցնելու, ինչպես նաև առաջացած իրական կրթական պահանջները բավարարելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ այս ընթացքում նախաձեռնում է կամ աջակցություն է ցուցաբերում մի շարք նոր ծրագրերին:

  1. Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ նախաձեռնվել է սփյուռքահայ ուսուցիչների համար հայոց պատմության թեմաներով առցանց դասախոսությունների շարքը: Դասախոսությունների առաջին շարքը նախատեսում է 15 թեմաներ (30 դասաժամ)՝ Հայոց պատմության վերաբերյալ /թեմաների ցանկը կցվում է/: Առցանց դասախոսության ավարտից հետո տեսագրությունը տեղադրելու է կայքէջում՝ բաց օգտագործման համար: Նախապես գրանցված և դասախոսությունների ամբողջական շարքին մասնակցած, ինչպես նաև դասախոսությունից հետո առաջադրանքներ կատարած ուսուցիչներին տրամադրվելու է համապատասխան վկայական: Բացի բուն դասախոսությունից կայքէջը պարունակելու է լրացուցիչ տեղեկություններ ներկայացված թեմաների վերաբերյալ, որոնք կարող են մեթոդական օժանդակ նյութ հանդիսանալ ուսուցիչների համար: Գրանցման համար կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին
  2. Ս.թ. օգոստոսին կանցկացվի առցանց 3-օրյա կոնֆերանս՝ նվիրված COVID-19 վարակի պայմաններում սփյուռքում կրթական գործընթացի հիմնախնդիրներին: Կոնֆերանսին կարող են մասնակցել ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված բոլոր կազմակերպությունները և դրանց ներկայացուցիչները, ուսուցիչները: Նախատեսված է առավելագույնս շեշտը դնել առցանց կրթության կազմակերպման պայմաններում միասնական կրթական չափորոշիչների իրագործման հնարավորությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (գնահատում, փորձի փոխանակում, վկայականների տրամադրում և այլն) և ազգային կրթության ոլորտում ընդգրկվածության ընդլայնմանը: Հատկապես հետաքրքրական է իմանալ, թե ինչպիսի դժվարություններին են հանդիպում սփյուռքի ներկայացուցիչները և ուսուցիչները՝ Հայաստանում թագավարակի պայմաններում հեռարձակված կրթական և մշակութային ծրագրերից օգտվելիս, ինչ օգուտ կարելի է քաղել առցանց կրթության հնարավորություններից և այլն:

Սփյուռքի հետ համատեղ օրակարգը ձևավորելու ընթացակարգի, կոնֆերանսին մասնակցելու պայմանների մասին հայտարարություն կտարածվի ս.թ. հուլիս ամսին

 

Բոլոր նորությունների և նոր նախաձեռնությունների մասին ՀՀ ԿԳՄՍՆ կտեղեկացնի լրացուցիչ: