Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կարեւոր դեր կատարեց Մնա՛ տանը կոչը

Սուրբ Աթոռում,  համատեղության կարգով նաև Պորտուգալիայում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը  պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

ՕՐԵՐ-  Իտալիան դարձավ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախը։ Եթե հետադարձ հայացք նետենք, ինչի՞ց սկսվեց վարակի տարածումը եւ մի՞թե ժամանակին հնարավոր չէր այն կանխել։ Ո՞րն էր պատճառը, որ Իտալիայի կառավարությանը չհաջողվեց արագ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Այո, Իտալիան Եվրոպայի առաջին երկրներից էր, որտեղ հայտնաբերվեցին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր, իսկ այս պահին համարվում է Եվրոպայում վարակվածների թվով  երրորդ երկիրը: Վարակի առաջին դեպքերը գրանցվեցին դեռևս հունվարի 30-ին, ինչից հետո իտալական կառավարությունը ձեռնարկեց վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես, անմիջապես դադարեցվեց օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ, և երկրում մտցվեց վեցամսյա արտակարգ դրություն։ Այնուհետև, կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց կառավարությունը ստիպված եղավ առավել խստացնել սահմանափակումներն՝ ընդհուպ մինչև երկրի ողջ տարածքը կարանտինային՝ «կարմիր գոտի», ինչպես իրենք իտալացիներն են ասում, «ձոնա ռոսսա»  հայտարարելով։ Պետք է նշել սակայն, որ Իտալիան բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ Եվրոպայում ամենաշատ թեստավորում կատարած երկիրն է, և եթե խոսում ենք Իտալիայի՝ որպես Եվրոպայում վարակի տարածման օջախ դառնալու մասին, ապա պետք է հաշվի առնել, որ վարակվածների այդպիսի մեծ քանակի հայտնաբերումը կապված էր նաև թեստավորման մեծ ծավալների հետ:

Իսկ ինչու՞ չհաջողվեց արագ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը․ գուցե պատճառն այն է, որ սկզբնական փուլում բնակչության շրջանում չկար վիրուսի՝ այդչափ վտանգավոր լինելու պատկերացումը։ Եթե շատ եվրոպական երկրներում աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը հիմնականում շտապում են տուն, ապա Իտալիայում այդպես չէ։ Լինելով շատ ջերմ և անմիջական ժողովուրդ՝ յուրաքանչյուր իտալացու կյանքի անբաժանելի մաս է «ապերիտիվո» երևույթը, երբ իտալացիները հարազատների կամ ընկերների հետ միասին մեծաքանակ խմբերով երեկոյան հավաքվում են մեկ գավաթ գինու շուրջ՝ շփվելով և քննարկելով օրվա նորությունները: Գուցե, այս մշակույթը ևս իր որոշակի ազդեցությունն ունեցավ վարակի տարածման արագության վրա: Սակայն, պետք է նկատի ունենալ որ համավարակի տարածման առաջին ամիսներին որևէ կառավարության չի հաջողվել կանխարգելել այն, որևէ կառավարություն պատրաստ չէր նման աղետի դեմ համապարփակ ու արդյունավետ պայքար մղել։

ՕՐԵՐ- Ինչպիսի՞ն էր իտալացիների եւ կառավարության համագործակցությունը։ Մի մասը քննադատում էր կառավարությանը, մյուս մասը՝ ժողովրդին, որ անկարգապահ է։ Ի՞նչ  քայլեր է ձեռնարկել  կառավարությունը, որպեսզի  մեղմի վարակի տարածումը, եւ ապագայի ի՞նչ կանխորոշումներ կան։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Կարելի է ասել, որ իտալական իշխանությունների և ազգաբնակչության միջև կապի ու հաղորդակցության արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աննախադեպ ճգնաժամի, ինչպես այժմ բոլորն են ասում, առաջին փուլը։ Դրա հաղթահարման նպատակով կառավարությունը ձեռնարկեց աննախադեպ միջոցառումներ, որոնցից ամենակարևորն ու ամենաարդյունավետը, հավանաբար, կառավարության «Մնա՛ տանը» կոչն էր։ Կարծում եմ, այդ փոխըմբռնման ու համբերատարության արդյունքն է, որ այսօր իտալացիներն աստիճանաբար կարողանում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին․ դուրս գալ փողոց, գնալ աշխատանքի, հանդիպել իրենց հարազատներին, օգտվել մարզասրահներից, զբոսնել այգիներում, իհարկե, այս ամենն առողջապահական անվտանգության նորմերի պահպանմամբ։

Առաջիկայում սպասվում է Իտալիայի ռեգիոնների միջև ազատ տեղաշարժի և ԵՄ ու Շենգեն գոտու երկրների հետ հաղորդակցության վերականգնում, ինչը թերևս հավելյալ ռիսկեր կարող է պարունակել։ Հուսանք, որ դրանք կհասցվեն նվազագույնի, կլինեն կառավարելի և կշրջանցվի վարակի բռնկման երկրորդ ալիքը։

ՕՐԵՐ-Իտալահայերի շրջանում  նույնպես կային վարակվածներ։  Հայտնի է արդյո՞ք  վարակված հայերի թիվը,  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Համագործակցել եք արդյո՞ք համայնքային կառույցների հետ։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Այո, մեր տվյալներով, ցավոք, Իտալիայում բնակվող հայերի շրջանում ևս կային վարակվածության դեպքեր։ Չի կարելի բացառել, սակայն, որ վարակվածների թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ դեսպանությունը տեղեկացված է եղել միայն այն վարակվածների մասին, ովքեր կապ են հաստատել մեզ հետ:

Գտնվելով մեկուսացման մեջ ու ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, վարակվածները բոլորն ապաքինվել են, իսկ նրանցից երկուսն արդեն վերադարձել են Հայաստան ու միացել իրենց ընտանիքներին։

Համայնքային կառույցների, անհատների, Վենետտոյում մեր պատվավոր  հյուպատոսության հետ համագործակցության անհրաժեշտությունը զգացվեց երբ համավարակի տարածման ամենավտանգավոր փուլում Հայաստանի ԱԳՆ-ի հետ համակարգելով կազմակերպում էինք մեր քաղաքացիների տարհանումը վիրուսի էպիկենտրոն հանդիսացող երկրի հյուսիսային շրջաններից և նրանց վերադարձը հայրենիք։ Իտալիայի փռված տարածքով մեր քաղաքացիների տեղակայված լինելը պահաջում էր օգտագործել բոլոր հնարավորը, այդ թվում՝ համայնքային ներուժը։ Այս գործընթացում կարևոր էր նաև Իտալիայի կենտրոնական ու ռեգիոնալ իշխանությունների հետ համագործակցությունը։

ՕՐԵՐ-Հռոմում գտնվող Հայաստանի  զույգ դեսպանությունները ներկայացված են ոչ միայն Սուրբ Աթոռում եւ Իտալիայում, այլեւ Պորտուգալիայում եւ Մալթայում։ Քանի որ այս օրերին Դուք համակարգում եք նաև Իտալիայում Հայաստանի դեսպանության աշխատանքները համավարակի դեմ պայքարի շրջանակներում, մինչեւ նոր դեսպանի նշանակումը, կխնդրեի նաեւ պատասխանել Իտալիային եւ Մալթային նվիրված հարցերին։ Ինչպիսի՞ն է այս երկրներում համավարակի դեմ պայքարը եւ տեղի հայության վիճակը։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Կարող եմ նշել, որ Մալթայի կառավարության կողմից ներդրված հակահամաճարակային միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքը։ Մտցվել էին տեղաշարժի խիստ սահմանափակումներ, այս պահի դրությամբ փակ են օդանավակայանը և նավահանգիստները։  Մեր ունցած տեղեկություններով այսօր Մալթայում նույնպես կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հունի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Մալթան որակվել է որպես օրինակելի երկիր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։

Համավարակի դեմ պայքարի պորտուգալական մոդելի հիմքում է ընկած նաև արագ արձագանքման մեխանիզմն ու բնակարաններում բուժօգնություն ցուցաբերելու կարողությունը։ Սա հնարավոր է դարձնում հիվանդանոցներն ու մասնավորապես վերակենդանացման բաժանմունքներն օգտագործել միայն ծանր դեպքերի համար։ Իհարկէ, դժվար է ասել, թե որն է արդյուանվետ մոդելը կամ տալ գնահատականներ, քանի որ ամեն երկիր ունի իր մոտեցումները, տարբերվող սոցիալական միջավայրը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը և այլն։

Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ այդ երկրներում մեր հայրենակիցների հետ և պարբերաբար թարմացնում ենք նրանց իրավիճակի մասին մեր տեղեկատվական բազան և այդ մասին իրազեկում Երևանին։ Այս օրերին Մալթայում և Պորտուգալիայում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են դիմել մեզ ամենատարբեր հարցերով, մասնավորապես, Հայաստան վերադարձի նպատակով խորհրդատվություն ստանալու համար։

ՕՐԵՐ-Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Իտալիայում եւ ներկայացված երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիներին։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Պետք է նշել, որ  ճգնաժամային օրերին դեսպանությունն աշխատել է արտակարգ ռեժիմով։ Մինչ օրս էլ գործում են շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարներ, խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվում Իտալիայում և հավատարմագրման մյուս երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, լինեն նրանք թե՛ մշտական բնակության իրավունք ունեցողներ, թե՛ ուսանողներ, և թե՛ զբոսաշրջիկներ ու աշխատանքի նպատակով գործուղվածներ։ Մշտապես թարմացվում է տեղեկատվությունը դեսպանության ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում։

Համավարակի բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ դեսպանությունն աջակցել է Հայաստանի Հանրապետության շուրջ 160 քաղաքացու՝ կազմակերպել և աջակցել նրանց վերադարձը Հայաստան, այդ թվում՝ երկու հատուկ չվերթների իրականացմամբ: Այս օրերին  դեսպանությունը շարունակում է կապ պահպանել այս կամ այն պատճառով հատուկ չվերթի հնարավորությունից չօգտված, սակայն Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների հետ՝ տալով նրանց անհրաժեշտ խորհրդատվություն, այդ թվում՝ նորացված տեղեկատվության տրամադրում առկա տարանցիկ չվերթների մասին և մատուցում հյուպատոսական այլ ծառայություններ։

ՕՐԵՐ- Եթե ամփոփելու լինենք վերջին երեք ամիսների համավարակի դեմ իտալական  պայքարի փորձը, կարելի է ասել, որ Իտալիան արդեն ավելի է պատրաստ համավարակի սպասվելիք երկրորդ ալիքին։ Ինչպիսի՞ գնահատակններ կան այս խնդրի առնչությամբ։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ-Մեր կարծիքով այս ամիսների ընթացքում Իտալիան իրապես հսկայական փորձ է կուտակել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ Շատ երկրներ հենց Իտալիայի փորձն են համարել արդյունավետ և սկսել են կիրառել իրենց երկրներում: Գնահատականները տարբեր են ու նույնիսկ իրարամերժ։ Միանշանակ է, որ այսօր էլ Իտալիայի կառավարության կողմից ձեռնարկվում են քայլեր համավարակի հնարավոր երկրորդ ալիքը կանխելու նպատակով, սակայն հասկանալի է նաև, որ ամեն ինչ կախված չէ միայն կառավարություններից, կարևոր է այստեղ յուրաքանչյուրիս պատասխանատվության գիտակցումը։ Ժողովրդավար հանրության պարագայում, նմանօրինակ ճգնաժամային իրավիճակում պատկան մարմինների կողմից ձեռնարկվող քայլերի նկատմամբ հավատի կամ վստահություն դրսևորումն ամենակարևոր գործոնն է։

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ Եվրոպական  անկախ ամսագիր

Պրահա