Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Անցել է 75 տարի: Իրողությունները հուշ են դարձել, հուշերը` զանգվածային սխրանքներ, առասպելական հերոսությունները`պատմություններ: Խորհրդային երախտապարտ ժողովուրդը արժանին է մատուցում Հայրենականի հերոսներին` սուրբ մասունքների պես հավաքելով արժանահիշատակ դեպքերին վերաբերվող պատմություններ, որպեսզի ոչինչ չմոռացվեր, ոչ ոք չմոռացվեր ...

Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային միության մարշալ Ժուկովը. «1941-1945թթ. պատերազմի հաղթանակում հայ ժողովուրդը ծանրակշիռ ավանդ է ներդրել սկսած շարքային, վերջացրած մարշալով իրենց անուններն անմահացրեցին չխամրող փառքով»:

Ներկայացնենք մի շատ հետաքրքիր  ու յուրահատուկ մշակութային ծրագիր,որը կազմակերպել է  Եղիշե Չարենցի անվան Գրականության ու  արվեստի թանգարանը: Թանգարանն իր  ֆեյսբուքյան  էջում ներկայացրել է Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած հայ մտավորականներին։ 

Ահա «Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են  Երկրորդ Համաշխարհային պատերազմին։  Իհարկե, պետք է նշել, որ սա ամբողջական ցանկը չէ։ 

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ (1909- 1990) Սարգսյան Շահենի տոհմում եղել են հայտնի աշուղներ, որոնց մոտ սովորել է գուսան Շահենը։Նա 1937-1941թթ․ եղել է Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլի մեներգիչ: 1967 թվականին ստացել է «ՀԽՍՀ ժողովրդական արտիստի» կոչում:
Շահենի պապը կռվել է Անդրանիկ զորավարի ջոկատում, հայրը Առաջին աշխարհամարտի տարիներին զորակոչվել է բանակ, իսկ Շահենը Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին։
Պատերազմի ավարտից հետո ղեկավարել է «Շահենի քնար», «Երևան» և «Շիրակ» անսամբլները։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Մոսկվայում կայացած ստուգատեսներին,իսկ 1939 և 1956 թթ․՝ Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին։1982թ․ Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։
Գրել է ավելի քան 500 երգ։

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ (1912-1942)  Բանաստեղծ Թաթուլ Հուրյանը Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել : Բանաստեղծին Հուրյան գրական անունով է կնքել Եղիշե Չարենցը: Երիտասարդ բանաստեղծը կամավոր գնացել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել 1942 թվականի հունիսի 21-ին Սևաստոպոլի համար մղված մարտում: Իր ստեղծագործությունները ռազմադաշտից ուղարկելով Բաքվի «Կոմունիստ» հայկական թերթին` բանաստեղծը գրում է. «Սևաստոպոլի պարիսպների տակ դաժան մարտեր են գնում, որ ո՛չ գրել կարելի է, ո՛չ պատկերացնել, տեսնել է միայն պետք և ապրել»: Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած սխրանքների համար Թաթուլ Հուրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի» կոչմանը:

ՇԱՀԵՆ ԹԱԹԻԿՅԱՆ (1924-1992) Արձակագիր, սցենարիստ Շահեն Թաթիկյանը ավելի քան երկու տասնյակ գրքերի և սցենարների հեղինակ է: 1942-45թթ․ նա մասնակցել է Հայրենական պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է: 1968-1971 թթ․ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրենն ու գլխավոր խմբագիրը, 1977-1980թթ․՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Հեղինակի սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են «Ապրեցեք երկար», «Արշակը» և «Ոսկի և հող» ֆիլմերը: Պատերազմական տարիներն են արտացոլված նրա «Երիցս խաչվածը» (1985թ․) վեպում։ 1985թ․ արժանացել է «ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը։«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ (1905-1980) Գրող, լրագրող, արձակագիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողը և արկածային ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ: 1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ վիպակների հիման վրա Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները:

ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆՅԱՆ (1920- 2005) Հայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ Գևորգ Արմենյանը 1941- 1945թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայելով կապի հատուկ գնդում՝ Կերչից հասել է Հարավսլավիա, Հունգարիա, իսկ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայում։ Պատերազմի տարիներին հեղինակել է մի շարք երգեր։ Գրել է երաժշտություն ֆիլմերի համար («Նվագախմբի տղաները», «Տերտերին ուխտը»): Կոմպոզիտոր դառնալու երազանքը Գ․Արմենյանին վիճակվեց իրականացնել միայն պատերազմի երկար ու ձիգ ճանապարհն անցնելուց հետո։ 1953 թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ 1958թ․ մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1968-1970 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ կարգի», «Բելգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալներով։

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (1922-1995) Լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը ավելի քան չորս տասնյակ լեզվաբանական և գրականագիտական աշխատությունների հեղինակ է: 1940 թվականին նա զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը (1995թ․) եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

ՄԱՐԱՏ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ (1925-1991)  Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարատ Մարինոսյանը ծնվել է 1925թ. նոյեմբերի 7-ին Երևանում: Ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցը: 1942-44 թթ. տասնյոթ տարեկան հասակում կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1944թ. ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է: Արժանացել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմ» շքանշանների: Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում՝ որպես ռեժիսոր, Պարոնյանի անվ. երաժշտական և Պատանի հանդիսատեսի թատրոններում՝ գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: 1963 թ.-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1978-ից` պրոֆեսոր): Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-71թթ.՝ տնօրենը: Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (1922-1996) Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանը hեղինակ է 40-ից ավելի բանաստեղծական ժողովածուների, գրքերի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։ Նրա գործերը թագմանվել են բազմաթիվ լեզուներով:Դպրոցն ավարտելուց հետո Դավթյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն:1962-1965թթ․ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1991-1994թթ․՝ Հայաստանի գրողների միության նախագահ։
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով։

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ (1924-2002) Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը հինգ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Գրողը 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» և «Կարմիր աստղի» շքանշաններով:Պատերազմի թեման արծարծվել է գրողի արձակ գործերում՝ «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն», «Խաղաղություն պատերազմից առաջ» և այլն:1959-1962թթ․ Մ. Սարգսյանը եղել է «Գրական թերթ»-ի, իսկ 1962-1970թթ․՝ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը։

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ (1923-1999) Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Էդվարդ Ջրբաշյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցել են Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑ (1913 - 1990) Հայրենական մեծ պատերազմը ընդհատեց կոմպոզիտոր Արամ Սաթունցի ուսումնառությունը Բաքվի կոնսերվատորիայում։ Պատերազմի առաջին իսկ օրերից նա խորհրդային բանակի շարքերում էր՝ 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի կազմում։ Հիմնական ծառայությանը զուգահեռ, կազմակերպելով 15 երաժիշտներից բաղկացած ինքնագործ նվագախումբ՝ համերգներով հանդես է եկել զինվորական ստորաբաժանումներում։ Համերգներում հնչում էին նաև Սաթունցի՝ պատերազմի տարիներին գրած երգերը։ Տարիներ անց կոմպոզիտորը կասի․ «Ես երգով եմ գնացել մարտի և մարտը շահել եմ երգով»։ Արժանացել է «1941 - 1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով և «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (1919-1998) Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինը հեղինակ է ավելի քան հինգ տասնյակ գրքերի և բանաստեղծական ժողովածուների: 1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ էլ վիրավորվել է։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ (1920-1998) Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղ․ Սարյանը ծնվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի կոնսերվատորիայում և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1939թ․ զորակոչվել է Սովետական բանակ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մինչև ավարտը մասնակցել է մարտական գործողություններին,ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրների ազատագրմանը։ Ծանր ու դժվարին մարտերը խոչընդոտ չեն հանդիսացել երաժշտությամբ զբաղվելուն։ Ղեկավարել է զորագնդի ինքնագործ նվագախումբը, գրել երգեր։ Արժանացել է «Մարտական ծառայությունների համար», «Մարտական կարմիր դրոշ» մեդալների և «Կարմիր աստղ» շքանշանի։Պատերազմի ավարտից հետո Ղ․ Սարյանը ընդունվել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիա։ 1955-1956 թթ․ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, 1960-1986թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային, գործիքային և վոկալ ստեղծագործությունների։

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ (1915-1998) Գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերո Խանզադյանը բազմաթիվ պատմվածքների, վեպերի հեղինակ է: 1941թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ, կռվել է Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, Արևմտյան Պրուսիայում, մասնակցել է Քյոնիսբերգի գրավմանը, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» և «Կարմիր աստղի»շքանշաններով և մարտական բազմաթիվ մեդալներով։ Այդ տարիների արձագանքը եղավ 1950 թվականին հրատարակած «Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր» վեպերը և պատմվածքները: Սերո Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ․)պատմավեպը։

ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ (1915-1971) Բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր և խմբագիր Գուրգեն Բորյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թերթի թղթակից էր: Այդ տարիներին լույս են տեսել նրա «Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Հրացոլք» ժողովածուները: Նա հեղինակ է նաև մի շարք պիեսների, որոնք բեմադրվել են Հայաստանի և ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների թատրոններում։ Բորյանի ամենահայտնի գործը «Սարոյան եղբայրներ» կինոսցենարն է, որի համար հեղինակը 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ (1910-1965) Արձակագիր, հրապարակախոս «Նահապետը» և «Կարոտը» վիպակների հեղինակ Հրաչյա Քոչարը Հայրենական պատերազմի մասնակից է, 1941-1945 թվականներին նա ծառայել է ԽՍՀՄ բանակում: Հայրենական պատերազմի թեման արտացոլում է գտել նրա ստեղծագործություններում․ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Հեղինակի՝ «Գեներալի քույրը» պատմվածքը, թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Հրաչյա Քոչարը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով:

ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆԻ
Արձակագիր Զարեհ Որբունին (Էոքսյուզյան) ծնվել է 1902թ Օրդուում (Տրապիզոնի նահանգ): Նախնական կրթությունը ստացել է տեղի «Մովսիսյան» վարժարանում: Հայրը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից հետո մայրը 4 զավակների հետ կարողացել է փախչել Սևաստոպոլ, Ղրիմ, իսկ 1 տարի անց տեղափոխվել Պոլիս, որտեղ Զարեհը սովորել է Պերպերյան վարժարանում (1919-1922)։ 1922 թվականից Որբունին և իր ընտանիքը ապաստանել են Ֆրանսիայում:
1920-ական թվականներից եռանդուն մասնակցություն է ունեցել ֆրանսահայ գրական-մշակութային կյանքին: Նրա առաջին ստեղծագործությունը «Գարուն» վերնագրով լույս է տեսել Վահան Թեքեյանի խմբագրած «Ժողովրդի ձայն» թերթում:
Պետրոս Զարոյանի հետ կարճ ժամանակաընթացքում հրատարակում է «Նոր հաւատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցում է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին («Նաւասարդ», «Նոր գիր», «Մշակոյթ», «Անահիտ», «Զուարթնոց», «Զանգու», «Կեանք եւ արուեստ», «Մենք», «Անդաստան» և այլն)։ «Հալածուածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը՝ «Փորձը» վերնագրով, լույս է ընծայել 1929 թվականին։ Հետագայում լույս տեսան նաև մյուս երեք հատորները («Թեկնածուն», 1967, «Ասֆալթը», 1972, «Սովորական օր մը», 1974)։
1939թ. զորակոչվել է ֆրանսիական բանակ, գերի ընկել, 1945թ. ազատվել է: 1946 թվականին մասնակցել է Սովետահայ գրողների երկրորդ համագումարին: Մահացել է 1980թ-ին՝ Փարիզում:

Գարիկ Ավետիսյան

Երեւան