Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՄԱՅԻՍԻ 11-ԻՑ ՀԵՏՈ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ԴԱՐՁՅԱԼ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ

Երկրամասերի ղեկավարների հետ տեսախորհրդակցությունից հետո երեկ երեկոյան Բեռլինում ավարտվեց կանցլեր Մերկելի, Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերի եւ Համբուրգի քաղաքապետ Փեթեր Չենչերի (Peter Tschentscher) մամլո ասուլիսը, որի ժամանակ հայտնի դարձավ, թե երկրի բնակիչների միջեւ շփման սահմանափակման կարգը պահպանվում է, իսկ որոշ փոփոխություններ Գերմանիայում կկիրառվեն մայիսի 11-ից հետո:

Թեեւ ազատությունները վերականգնելուն միտված փոփոխությունները նորմալ՝ բնականոն կյանքին վերադառնալու քայլեր են, բայց չպետք է մոռանալ, թե այս նորմալը կրում է կորոնայի թելադրանքը, բնականոնի այլ պատկեր այժմ չկա, հնչեց ասուլիսի ժամանակ: Նկատելի է մնում, որ սահմանափակումները թուլացնել- ազատականացնելու առաջնահերթությունների առումով երկրամասերի ղեկավարների միջեւ ընդգծված տարբերություններ կան: Մանավանդ գաստրոնոմիական ոլորտը վերաբացելու անհրաժեշտություն են տեսնում ոմանք, իսկ ազատ դեմոկրատներն ու ձախերը սուր քննադատություն են հնչեցնում կառավարության հասցեին՝ հստակ ծրագիր չներկայացնելու համար: Բայց փոխանցենք երեկվա ասուլիսից հայտնի դարձած՝ բոլորի հավանությանն արժանացած ընդհանուրը, որ դարձյալ ժամանակի առումով՝ որ օրվանից սկսյալ կկիրառեն, որոշելու իրավունքը վերապահված է տեղական մարմիններին:

Նախ՝ կարտոնվի մուտքը խաղահրապարակներ, կենդանաբանական, բուսաբանական այգի, ցուցասրահներ, թանգարաններ, հուշավայրեր, բայց՝ մարդկանց կուտակումներ չեն լինի, սահմանափակ թվով այցելուները պիտի պահպանեն սոցիալական հեռավորություն, չմոռանալով հիգիենայի կանոնները: Համավարակը նոր առաջադրանք է ստեղծել հատկապես փոքր, պատմական շենք- շինությունների համար, որ ստիպված են տարածություն պահպանելու, հիգիենայի կանոններն իրացնելու նպատակով փոփոխություններ կատարել: Նման միջոցառումներն ի կատար ածելուն է ուղղված 10 միլիոն եվրո ներառող սատարման կարճաժամկետ ծրագիրը:

Ասուլիսից պարզ դարձավ, որ արտերկրում արձակուրդն անցկացնելու մտադրությունը դեռ իրականություն դառնալու հեռանկար չունի, փոխարենը խորհուրդ տրվեց ընտրել երկրի հանգստավայրերը:

Մարդաշատ, զանգվածային բնույթի միջոցառումները հետաձգվել են մինչեւ օգոստոսի 31, բայց արտոնվել են ընտանեկան կազմով անցկացնել կնունքի, հարսանեկան, հոգեհանգստի, թաղման արարողություններ: Կանցլեր Մերկելը հատուկ հիշեցրեց՝ «Կարգուկանոնին խստիվ հետեւելն անհրաժեշտություն է»:

Որոշում է ընդունվել հիգիենայի կանոնների պահպանման պարագայում արտոնել եկեղեցական, հոգեւոր արարողությունները: Սրա վերաբերյալ (առայժմ ոչ բազմաձայն) տարաձայնություն լսվեց գերմանական եկեղեցական միջավայրից: Ի՞նչ վճիռ է կայացրել գերմանահայոց թեմը:

Երեկ ի պատասխան մեր հարցի, առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը հաղորդեց, թե գերմանահայոց թեմում մինչեւ մայիսի 20- ը կշարունակեն պահպանել ժամերգություններն ու կիրակնօրյա պատարագները դռնփակ անցկացնելու՝ համավարակի պատճառով ձեւավորված կարգը՝ նախընտրելով հավատացյալների հետ հեռավար հաղորդակցվելու անվտանգ միջոցը: Գերմանահայոց առաջնորդը հաստատեց, թե ժողովրդի հոծ ներկայություն ենթադրող հոգեւոր միջոցառումները կշարունակեն տարածել առցանց՝ ուղիղ հեռասփռման միջոցով: Ինչ վերաբերում է արարողություններին, ապա դրանք՝ պսակ, մկրտություն, հոգեհանգիստ, թաղում կշարունակվեն իրականացվել սահմանափակ անձանց ներկայությամբ, ինչպես համավարակի պատճառով ձեւավորված կարգուկանոնի պահանջով, մինչ այս պահը 5- 6 հոգու ներկայությամբ իրականացրել են: Եթե որեւէ մեկն ուզում է հաղորդություն ստանալ, կարող է այցելել եկեղեցի: Մայիսի 20- ից հետո պարզ կդառնա թեմի գործողությունների առաջիկա ծրագիրը:

Ինչ վերաբերում է աշակերտների ուսուցումը դպրոցներում կազմակերպելուն, ապա մանկապարտեզների, մարզասրահների վերաբացման հարցի հետ մեկտեղ սա կքննարկվի կանցլերի՝ երկրամասերի ղեկավարների հետ հաջորդ տեսախորհրդակցությանը՝ մայիսի 6- ին: Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասում որոշել են մայիսի 11- ին վերականգնել տարրական դասարանի աշակերտների դպրոց հաճախելը: 2 մետր հեռավորություն պահպանելու կարգից ելնելով՝ աշակերտներին կընդունեն հերթափոխով: Նույն երկրամասում անցյալ շաբաթվանից կամավոր սկզբունքներով, քննական առարկաների սահմանափակ պարապմունքներ անցկացրեցին ավարտական 12- րդ դասարանի աշակերտների հետ՝ պահպանելով հիգիենայի կանոններն ու միմյանց միջեւ 2 մետր տարածություն պահպանելու կարգը: Դասերն անցկացվեցին հերթափոխով:

Մայիսի 6- ին կանցլերի եւ երկրամասային ղեկավարների տեսաքննարկումից հետո առավել հայտնի կդառնա՝ մայիս, հունիսին աշակերտները կհաճախե՞ն դպրոց, թե՞ կշարունակվի կրթության հեռավար տարբերակը: Այդուհանդերձ սահմանվել է, որ հունիսի 22- ից շուտ ամառային արձակուրդ չի լինի:

Մի բան հստակ է՝ մեր ճանաչած դպրոցը Գերմանիայում այլեւս չկա: Սրա մասին առավել հանգամանալից՝ առաջիկայում:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

ԱԶԳ