Իսպանիայում տեղի ունեցած Ապրիլքսանչորսյան միջոցառումները ՕՐԵՐ –ի հետ զրույցում ամփոփեց Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը։
Նրա ասելով, կորոնավիրուսի (Քովիդ 19) համաճարակի հետևանքով Իսպանիայում հաստատված արտակարգ դրության պատճառով Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման նախապես ծրագրված միջոցառումները ենթարկվեցին փոփոխության եւ կատարվեցին առցանց։ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունները ստեղծել էին ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/105AniversariodelGenocidioArmenio և համապատասխան հեշթեգ #MemoriayJusticia1915։
Ապրիլի 24-ի երեկոյան ժամը 21-ին տեղի ունեցավ մոմավառություն` հայերի բնակարաններում, այնուհետեւ ղողանջեցին տարբեր եկեղեցիների զանգերը Իսպանիայի տարբեր բնակավայրերում ու քաղաքներում, ինչպես նաև կատարվեց լուսանկարների և տեսահոլովակների առցանց արշավ, հնչեց եկեղեցական աղոթք։ Ընթացքում ֆեյսբուքյան էջից տարածվեցին նաև հատուկ ելույթներ և երաժշտական կատարումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին։
Այս առցանց միջոցառումներին միացան սենատորներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ, օտարերկրացի մտավորականներ, իր մասնակցությունը բերեց հանրահայտ ջութակահար՝ իսպանաբնակ Արա Մալիքյանը, նաև այլ արվեստագետներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ, մտավորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ։
Միլանից միացավ պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն, իսկ Հայաստանից` ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը։ «Թվիթեր»-ով իրենց զորակցությունը հայտնեցին Կատալունիայի ինքնավար մարզի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը։ Հատուկ ուղերձով հանդես եկավ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը։
Նախատեսված միջոցառումներին մասնակցեցին նաեւ հայեր և Իսպանիայում բնակվող այլ քաղաքացիներ։ 105-րդ տարելիցը խորհրդանշող պաստառով լուսանկարվածների թիվը գերազանցել է 450-ը, իսկ հեշթեգը տարածողների թիվը 500-ից ավելի։
Այն հարցին, թե որքանո՞վ հաջողվեց այս ծրագիրը եւ ի՞նչ արձագանք ունեցավ իսպանացիների շրջանում, Տաթեւ Սուլյանը պատասխանեց. ,, Ծրագիրը կարողացավ իր շուրջը համախմբել Իսպանիայի տարբեր քաղաքներում հաստատված հայերի, որոնք իրենց տարածքային միջոցառումների շեմը անցնելով՝ մասնակցեցին համաիսպանական այս նախաձեռնությանը։ Լուսանկարների արշավին մասնակցողների թվում էին նաև Իսպանիայի սահմաններից դուրս ապրող հայեր և օտարազգի բարեկամներ։ Տարբեր տարիքի մարդկանց մասնակցությունը ցուցյ տվեց, որ պայքարը շարունակվնում է եւ ավագ սերնդից փոխանցվում է Իսպանիայում ծնված սերնդին, որոնք հիշում են, հիշելու են ու պահանջելու են։ Իսպանիայում ապրող հանրությունը մի անգամ ևս տեղեկացավ Հայոց Ցեղասպանության մասին, հարցադրումներով փորձեց իմանալ՝ թե Իսպանիան ճանաչե՞լ է Հայոց Ցեղասպանությունը կամ ոչ և ինչո՞ւ։ Պետական այրերի և այլ ազգի ներկայացուցիչների մասնակցությունը իր հերթին Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատպարտման նոր համախոհներ ապահովեց, որոնք հետագային նույնպես մասնակցելու են այսպիսի նախաձեռնությունների ու արշավների,,։
ՕՐԵՐ