Ապրիլի 24-ին համավարակի պայմաններում Ծիծեռնակաբերդում անցակացվեց երկու հրաշալի նախագիծ, որոնցից առաջինը սկսվեց դեռեւս ապրիլի 23-ի երեկոյան, իսկ այնուհետեւ շարունակվեց ապրիլի 24-ից-25-ը։ Համայն հայությունը Ծիծեռնակաբերդի միջոցառումներին հետեւեց հեռվից՝ միաժամանակ մոտ 1 միլիոն հայերի ազգանունները գրվեցին հուշահամալիրի սյուներին։
Այդ նախագծերից մեկի՝ լուսային ձեւավորման մասին ՕՐԵՐ-ին պատմեց C-squared ընկերության հիմնադիր Կառլեն Մադոյանը։
Լուսանկարում՝ ձախից աջ Հայկ Զաքոյանը, Կարեն Վարդանյանը, Կառլեն Մադոյանը եւ Տիգրան Բայրամյանը
- Դեռեւս 2015 թվականին ցանկացել էիք այս նախագիծը իրականացնել, սայկայն չէր ստացվել։ Ո՞րն էր պատճառը։
-2015-ին մենք ոչ մի կերպ չկարողացանք այդ գաղափարը հասցնել այն մարդկանց, որոնք պետք է որոշում կայացնեին։ Հիմնականում ներքին օղակներում խոչընդոտեցին եւ այդպես մնաց։
-Ո՞րն էր այս մտահղացման գլխավոր էությունը։ Որքան գիտեմ հեղինակը Կարեն Վարդանյանն է։ Ովքե՞ր են ձեր թիմում։
- Այո, Կարեն վարդանյանն է հեղինակը։ Նա Հայաստանի լավագույն լուսային դիզայներներից մեկն է։ Մենք այս ոլորտում ենք բավականին երկար ժամանակ, Կարենը՝ մոտ 20 տարի։ Հիմնականում բոլորս ունենք տեխնիկական կրթություն։ Նաեւ մեր մյուս ընկերները՝ Հայկ Զաքոյանը եւ Տիգրան Բայրամյանը նույնպես մեր թիմից են։
- Որքանո՞վ ձեզ հաջողվեց իրականացնել հիմնական գաղափարը։ Արդյո՞ք ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես նախապես ծրագրել էիք։
- Իրականում մենք ավելի մասշտաբային ծրագիր էինք նախատեսել, հուշարձանի ամբողջ երկայնքով էլ պետք է լուսային ձեւավորում լիներ, սակայն անձրեւի պատճառով ստիպված պետք է այդ ամենը ծածկեինք, իսկ դա հավելյալ ֆինանսական միջոցներ էր պահանջում։ Բացի այդ ծախսն ավելի շատ կլիներ, քան իրական տպավորությունը։ Ուստի մենք չպնդեցինք, որ այն ամբողջությամբ իրականցնենք։
Իրականում, բոլորիս մոտ կար հայ ժողովրդի նկատմամբ կատարված անարդարության զգացողությունը, որ 105 տարի առաջ կատարվել է եւ մարդասպանը դեռեւս չի ընդունել իր մեղքը։ Այդ հոգու ճիչն էր, բողոքն էր պետք արտահայտել։ Լույսը թեեւ ձայնային ոչ մի տարր իր մեջ չէր ներառում, բայց շատ ավելի հնչեղ էր, քան կարող էր որեւէ խոսք կամ ձայն արտահայտել։ Արդյունքում դա շատ տպավորիչ էր եւ հուզական։ Մեր ցանկությունն էր, որ համավարակի պայմաններում, քանի որ մարդիկ չէին կարող այցելել հուշահամալիր, նրանց կողմից մի հոգու ճիչ բարձրացնեինք դեպի երկինք։ Նույնիսկ դժվար է բառերով արտահայտել այդ զգացումը։
- Ինքներդ ընտանեկան պատմություն ունե՞ք ցեղասպանության հետ կապված։
-Այո, իմ նախապապերն էլ Արեւմտյան Հայաստանից են։ Հայրական կողմից պապերս Կարսից են՝ Բաշքադիկլար եւ Փիլվարի գյուղերից, մայրական կողմը՝ Վանից եւ Ալաշկերտից։ Նրանց անուններն էին Եղիշե Գրիգորյան եւ Մարիամ Գրիգորյան։ Մարիամի նախնիները եղել են Բագրատունյաց իշխանական տոհմից։
-Որքա՞ն ժամանակում իրականացրեցիք այս նախագիծը։
-Շատ արագ կատարվեց այդ ամենը։ Ապրիլի 18-ին ներկայացրել ենք գիտության եւ կրթության նախարարություն, ապա կառավարության նիստում հաստատել են, ամսի 21-ին սկսել ենք աշխատանքները եւ 22-ին ավարտել ենք եւ միացրել։ Այդ օրը, քանի որ շատերը դեռ չգիտեին նախագծի մասին, լուսավորումը տեսնելով , ասում էին այլմոլորակայիններն են իջել Ծիծեռնակաբերդում։
Մեր ծրագիրն ամբողջությամբ իրականացրեցինք մեր գործընկեր կազմակերպությունների օգնությամբ՝ 20-30 աշխատակիցներով։ Օգտագործել ենք 180 լուսավորության սարք։ Իհարկե, եղանակային պայմանները՝ անձրեւը ստիպեց, որ պաշտպանիչ սարքեր օգտագործենք։ Բայց երբ միացրեցինք, շատ հետաքրքիր տեսարանների ականատես եղանք։ Երբ հուշարձանի կրակի մոտ կանգնած նայում էինք վերեւ, ուր բոլոր լույսերը ուղղված էին երկնքի մեկ կետի, թվում էր այդտեղից լույսի կաթիլներ են իջնում ներքեւ։ Շատ տպավորիչ տեսարան էր։ Իսկ երբ անձրեւը դադարեց, համալիրի շրջապատի անտառներից թիթեռները եկան դեպի այդ լույսը, եւ մի աննկարգելի տեսարան էր, երբ թիթեռները պտտվում էին լույսի մեջ։
Սա նույնպես շատ խորհրդանշական էր։
-Ի դեպ նման ավանդույթ կա, երբ գերեզմանի մոտ թիթեռ է հայտնվում, ասում են ննջեցյալի հոգին է ողջունում քեզ։ Այնպես որ, միգուցե մեր նահատակների հոգիներն են օդում պտտվել։
Ընդհանուր ծրագիրը բաղկացած էր երկու մասից, լուսավորության մասը եւ համերգային մասը։ Դրանք տարբեր թիմեր էին իրականցնում։
- Այո, ճիշտ եք, երկու գլխավոր բաղադրիչ է ունեցել ապրիլքսանչորսյան այս ծրագիրը։ Նախ առաջին մասը՝ ,,Լուսավառ ոգեկոչման րոպեն,, որը սկսվեց ապրիլի 23-ին ժամը 21-ին Հայաստանի եկեղեցիների ղողանջներով, այնուհետեւ քաղաքի լույսերը անջատվեցին եւ մարդիկ վառեցին հեռախոսների լապտերիկներն ու մոմերը, որին հետեւեց Ծիծեռնակաբերդի լույսերի միացումը, հուշասյունը ողողվեց կարմիր գույնով, իսկ հուշապատերը՝ կապույտով։
Ապրիլի 24ին սկսվեց ,,Ոգեկոչման գիշերը,,, որն իր մեջ ներառում էր հուշապատերին ուղարկված ազգանունների պատկերումը եւ համերգային ծրագիրը։ Սա քաղաքապետարանի գաղափարն էր եւ իրենք իրականացրեցին։
Միջոցառումից հետո ստացել ենք միայն դրական արձագանքներ, ոչ մի բացասական գնահատական չի հնչել։ Եվ դա մեր աշխատանքի գնահատականն է։ Մարդիկ զգացված էին, որ չէին կարողացել այցելել Ծիծեռնակաբերդ, բայց լիովին բավարարված էին։
-Ե՞րբ է ստեղծվել ձեր ընկերությունը եւ ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։
- Մեր ընկերությունը գործում է 2015 թվականից։ C-squared –ի C -ն լույսի արագությունն է խորհրդանշում։ Մենք փորձում ենք մարդկանց երեւակայությունը տեխնիկայի միջոցով իրականություն դարձնել։ Ունենք շատ լավ տեխնիկական եւ մտավոր բազա։ Մեր հայտնի նախագծերից մեկը արտասահմանում ենք իրականացրել, երբ ձեւավորեցինք Կազանի տոնածառը, որի վրա 100 հազարիր ավելի կառավարվող լուսային կետ կար։ Մինչ այդ միայն 50 հազար կետով տոնածառներ են եղել։ Մենք մեզ շատ չենք գովազդում։ Տարբեր երկրներում շոուներ ենք կազմակերպում, այդ թվում՝ թատրոններում։
- Այդ նախագծերը թանկ հաճույք են։
- Կախում ունեն նախագծից։ Կան նախագծեր, որոնցում կիրառվող սարքերը բավականին թանկ են։ Հայաստանի համար մեր սակագները հասանելի են։ Մենք մեր գումարները աշխատում ենք դրսի նախագծերի հաշվին, որոնք օգնում են հանրապետությունում անցկացվող նախագծերը ավելի մատչելի իրականացնել։
- Իսկ հաջորդ տարվա համար արդեն որոշել եք ի՞նչ եք ներկայացնելու։
- Ծրագրեր շատ ունեինք։ Դրանց մի մասը համավարկի պատճառով կանգնեցվեցին թե ներսում, եւ թե դրսում։ Հաջորդ տարվա համար էլ, արդեն որոշ գաղափարներ կան, բայց այդ մասին դեռեւս չխոսենք, քանի որ դրանք մշակման փուլում են։
.....................................................................................
Վերջում ավելացնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին մեկնարկեց սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը տեւեց մինչեւ ապրիլի 25-ը, ժ. 06:00-ը: Ծրագիրը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
Հանդես եկան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը եւ այլք:
Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները ներկայացան փոքր խմբերով։ Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երեւանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երեւանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։
Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն էր՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը ղեկավարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների աշխատանքային խումբը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը եւ ԲՏԱ նախարարության կապի եւ փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց՚,-նշել է Աղաջանյանը:
Նա ընդգծել է, որ սա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր եւ վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
«Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի: Հիշում ենք եւ պահանջում»,-եզրափակել է Աղաջանյանը:
Հ.Ասատրյան
ՕՐԵՐ ամսագիր
Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի եւ հեղինակների