Համալսարանական 120 նվագախմբերի շարքում
Եվրոպական համալսարանական նվագախմբերի ցանցը 2020 թվականի ապրիլին ,,Ամսվա նվագախումբ,, է ճանաչել Պրահայի Կարլի համալսարանի ուսանողական նվագախումբը, որի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է դոկտոր Հայկ Ութիջյանը։ Եվրոպայում գործող 120 համալսարանական կամ ուսանողական նվագախմբերի համակարգող կենտրոնը նման որոշում է կայացնում արդեն չորրորդ անգամ։ Այս անգամ պատիվը տրվել է չեխական համալսարանական նվագախմբին՝ մեր հայրենակցի ղեկավարությամբ։
Այս պատվին նվագախումբը արժանացել է ոչ միայն մոտ 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքի, այլեւ վերջին տարիների ու հատկապես 2020 թվականին ծրագրած համերգների համար։
Նվագախումբը հիմնադրվել է 2001 թվականին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ եւ Հայկ Ութիջյանի անխոնջ աշխատանքի շնորհիվ։ Նվագախմբից զատ ստեղծվել է նաեւ երգչախումբ, որոնք ի դեպ կատարում են նաեւ հայկական երգեր ու մեղեդիներ։
Համաեվրոպական ցանցն իր կայքէջում ներկայացրել է ոչ միայն նվագախմբի ու երգչախմբի ստեղծման պատմությունը, այլեւ անցած տարիների կարեւոր համերգները, դրանց ձայնագրությունները, ինչպես նաեւ լուսանկարները զետեղված են կայքէջում։
Երգչախմբի ու նվագախմբի անդամները, դիրիժորներ Հայկ Ութիջյանն ու Կատարինե Մանասովան երախտապարտ են ոչ միայն Կարլի համալսարանի ղեկավարությանը տարիների տեւական աջակցության համար, այլեւ Հլավկա հիմնադրամին, որ հովանավորել են կարեւոր ելույթների իրականացումը։
Հիրավի, դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարած երկու երաժշտախմբերը դարձել են ոչ միայն Պրահայի, այլեւ Չեխիայի մշակութային կյանքի անբաժանելի մասը, քանզի նրանց ելույթները չեն սահմանափակվում միայն համալսարանական շրջանակներում, այլ ընդգրկում են Պրահայում կատարվող պետական ու համահանրապետական միջոցառումներում, լինի դա Պրահայի ամրոցում պետական տոների օրերին, թե Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի բացմանը կամ Թավշյա հեղափոխությանը նվիրված ձեռնարկներին։ Հայ Ութիջյանի ղեկավարությամբ երիտասարդ երաժիշտները, որոնք իրականում սովորում են համալսարանի ամենատարբեր ֆակուլտետներում՝ երաժշտությունից մինչեւ բժշկություն եւ ֆիզիկա, փիլիփոսայությունից մինչեւ մաթեմատիկա, բազմիցս հանդես են եկել նաեւ եվրոպական այլ քաղաքներում։
Հիշարժան է նաեւ նվագախմբի ու երգչախմբի ելույթները հայկական ձեռնարկներին, եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված երեկոյի ընթացքում՝ Սուրբ Վիտի տաճարում։
Նվագախմբի ու երգչախմբի որոշ ելույթներ կարող դիտել հետեւյալ հղումներով՝
Մարտինու https://youtu.be/htqPBHsxLmE
Կոմիտաս https://youtu.be/Tebk4gmYTH0
Շնորհավորում ենք նվագախմբին նման գնահատականի համար եւ մաղթում նորանոր հաջողություններ։
ՕՐԵՐ
Նվագախմբի ու երգչախմբի ելույթը հարազատ համալսարանի գլխավոր դահլիճում՝ Կարոլինիումի մեծ սրահում
Կարլի համալսարանի նվագախմբի ու երգչախմբի ելույթը Պրահայի գեղեցկագույն եւ հանրահայտ դահլիճներից մեկում՝ Ռուդոլֆինումում