Եվրոպայի հնագույն տպագրատներից մեկը՝ 1892 թվականին հիմնադրված СРПСКА КЊИЖЕВНА ЗАДРУГА (ՍԵՐԲԻԱՅԻ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ) հրատարակչությունը «Փոքր գրադարան» մատենաշարով լույս է ընծայել բանաստեղծ Գագիկ Դավթյանի ստեղծագործությունների ժողովածուն «ПРЕПИРКА С JОВОМ» («ՎԵՃ ՀՈԲԻ ՀԵՏ») խորագրով:
Գիրքը Գ. Դավթյանի «Свидание времен» («Ժամանակների ժամադրություն») ռուսերեն ժողովածուից և «Poésie contemporaine Arménienne» («Արդի հայ պոեզիա») ֆրանսերեն անթոլոգիայից ճաշակավոր ընտրությամբ թարգմանել է սերբ անվանի բանաստեղծուհի, մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ Լյուբիցա Միլետիչը: Տպագրությունը նախաձեռնել և մեկենասությունը ստանձնել է Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, նյութական սիրահոժար օժանդակություն են ցուցաբերել Սերբիայում Հայաստանի Պատվո հյուպատոս Պրեգրադ Տոմիչը, սերբահայեր և հայ համայնքի սերբ բարեկամներ:
Վերջին տարիներին Լյուբիցա Միլետիչը բազմիցս եղել է Հայաստանում, այցելել Արցախ, ուղեգրություններով և էսսեներով հանդես եկել սերբական մամուլում, հրատարակել հայկականությամբ համակված բանաստեղծությունների «Ветрови Арарата» («Արարատի հողմերը») գիրքը, որը Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում, արժանացել է ընթերցողի ջերմ ընդունելությանը: Երկու բանաստեղծների համագործակցության արդյունքում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Բելգրադում հրատարակվել է «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որում ներկայացված են 28 հեղինակների ստեղծագործություններ:
Ի դեպ այս գիրքը նույնպես հովանավորել է Սերբիայի հայ համայնքի նախագահ Ս. Այվազյանը: Ինչպես անթոլոգիայի, այնպես է Գ. Դավթյանի սույն գրքի խմբագիրն է ճանաչված բանաստեղծ Դրագան Լակիչևիչը:
Շապիկին օգտագործված է նկարիչ Ժիրայր Աղավելյանի «Աստղապար» կտավը, ձևավորումն իրականացվել է ЦРНО МАРКОВИЋ գրաֆիկական ստուդիայում: Հայ բանաստեղծի գրքի հրատարակությունը նշանակալի քայլ է հայ-սերբական գրական-մշակութային կապերի հետագա խորացման ճանապարհին:
Ավելացնենք, որ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին համարում Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները լույս էին տեսել չեխերեն թարգմանությամբ։
orer.eu