Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մալյանը անցան երկրորդ փուլ
Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին ԱՀ Նախագահի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 104 հազար 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728 կամ 73.5%-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նրա խոսքով՝ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %-ի կողմից ոչ ճիշտ են լրացվել քվեաթերթիկները:
Այսպիսով՝ Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %-ն է բաժին հասնում, Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %-ը, Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող կամ 0.2 %, Դավիթ Բաբայան՝ 587 ընտրող կամ 0.8%, Բելլա Լալայան՝ 162 ընտրող կամ 0.2%, Արայիկ Հարությունյան՝ 36076 կամ 49.26 %, Հայկ Խանումյան՝ 962 ընտրող կամ 1.3%, Դավիթ Իշխանյան՝ 1873 ընտրող կամ 2.56 %, Վահան Բադասյան՝ 743 ընտրող կամ 1%, Մասիս Մայիլյան՝ 19360 կամ 26.4%, Աշոտ Ղուլյան՝ 1683 ընտրող կամ 2.3%, Ռուսլան Իսրայելյան՝ 368 ընտրող կամ 0.5%, Աշոտ Դադայան` 198 ընտրող կամ 0.3%, Մելսիկ Պողոսյան՝ 141 ընտրող կամ 0.2%:
Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 ձայները, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի երկրորդ փուլը:
Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին:
Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո»,– ասաց Արզումանյանը։
Քաղաքական ուժերը ստացել են հետեւյալ ձայները .
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
- «Միասնական հայրենիք» կուսակցություն– 17365 կողմ ձայն կամ 23,63%
- «Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
- «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն– 4717 կողմ ձայն կամ 6,4%
- Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք– 29688 կողմ ձայն կամ 40,4%
- Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
- Արցախի ժողովրդավարական կուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
- Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%
Անվավեր է ճանաչվել 2418 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 2,3%–ը
Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։