ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը:
Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։
ԱԳ նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ:
Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալՆոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ: Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով: Դեսպանության հետ մշտական կապի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող տարաբնույթ հարցերին տեղում տրվել են և՛ հյուպատոսական, և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև ամերիկահայ համայնքի ռեսուրսը: Հայտնում ենք, որ վերջին օրերին դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն էր հայտնել վերադառնալ ՀՀ: Վերջիններիս խորհուրդ էր տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին էր: Մարտի 27-ից սկսած ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը «Aeroflot» ավիաընկերության միջոցով, ուստի վերոնշյալ ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Չնայած դասերի չեղարկված լինելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայր կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են: Նշենք, որ ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ: Հայտնում ենք, որ վերջիններիս առջև ԱՄՆ-ը լքելու պահանջ չի դրվել, ուստի նրանք շարունակում են իրենց կեցությունը հյուրընկալ ընտանիքներում: Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան տեղի չի ունեցել մարտի 27-ի ամսաթվով գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով: Միաժամանակ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ կողմից օդային տարածք մուտքի և օդային հաղորդակցության առնչությամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը՝ թռիչքների բացակայության պատճառով: Չվերթների վերսկսման պարագայում դեսպանությունը ջանքեր կձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար: Հայտարարությունը հասանելի նաև հետևյալ հղումով։ |