Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մարտի 29-ին կորոնավիրուսային վարակից (COVID-2019) մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ Դեռ մի քանի օր առաջ Օ-դը-Սեն դեպարտամենտի  նախագահ 75-ամյա Դևեջյանը հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։ Այս մասին հաղորդել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Օ-դը-Սեն դեպարտամենտի Թվիթերի միկրոբլոգը։
Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։

Պատրիկ Դեւեջյանի հետ վերջին անգամ հանդիպեցինք 2019-ին փետրվարին Փարիզում ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ժողովի օրերին, որի ընթացքում նրանց հանձնվեց  ՀԲԸՄ «Պողոս Նուբար» մրցանակը, բարձրագույն պարգևը, որ ՀԲԸՄ-ն շնորհում է համայնքի այն անդամներին, ովքեր օգնում են մյուսներին և անդադար աշխատում ի նպաստ հասարակության:

Նախկինում իրավաբանից մինչև նախարար, պատգամավորից մինչև քաղաքապետ, իսկ այժմ՝ Hauts de Seine General Council-ի նախագահ Դևեջյանը ճանաչում է ձեռք բերել փաստաբանի իր փայլուն կարիերայի շնորհիվ՝ հանրային ծառայության 35 տարիների ընթացքում՝ անխոնջ առաջ մղելով մարդու իրավունքները:

«Ցեղասպանությունն անձամբ վերապրած հայ հորից սերող Պատրիկը տպավորիչ կարիերա է ձևավորել պետական բազմամյա ծառայության ընթացքում, սակայն երբեք հետ չի կանգնել ձայնազուրկներին պաշտպանելու իր առաքելությունիցե, - իր խոսքն սկսեց ՀԲԸՄ նախագահ Սեդրակյանը, - «Նրա գործունեությունը հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի թողած ժառանգությանը, ինչպես նաև վերապրածների և Հայոց հարցի առաջամարտիկների կորովինե: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարադատության հասնելու նրա անսասան վճռականությունը 2016 թվականին հանգեցրել է հոլոքոսթի մասին Ֆրանսիայի գործող օրենքի ընդլայնմանը՝ քրեականացնելով ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ ստրկացում որակված բոլոր իրադարձությունների ժխտումը կամ նսեմացումը: Իր քարոզչական ջանքերի համար հռչակվելով որպես համաշխարհային հայ քաղաքացու օրինակ, Դևեջյանը պատվի արժանացավ հանրային ծառայության ոլորտում հայ առաջնորդներին աջակցելու և ուղի հարթելու համար:

Պատասխանելով ՕՐԵՐ ամսագրի հարցին, թե ինչ նշանակություն ունի իր համար ՀԲԸՄ մրցանակը, Պատրիկ Դեւեջյանն ասաց. ՙԴա վկայում է այն փաստի մասին, որ սփյուռքահայերի նոր սերունդը, միաժամանակ, ինտեգրված է իր երկրում և հավատարիմ է իր ակունքներին։ Այդպես նա, Շառլ Ազնավուրի ասած, միաժամանակ, 100 տոկոսով ազգային են ու 100 տոկոսով հայ։ Եվ դա Հայաստանի ամենամեծ օգուտն է»։

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Պատրիկ Դեւեջյանի հարազատներին ու բարեկամներին։ 

Պատրիկ Դեւեջյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։ 

 

ՕՐԵՐ

Լուսանկարը՝ Հ.Ասատրյանի/ՕՐԵՐ/