Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը

 

Մարտի 11, 2020թ., Երևան. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը մարտի 13-ին, ժ. 16:00-ին Կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:

 

Երկու ամիս տևողությամբ աշխարհի ամենաինտելեկտուալ խաղերից մեկի՝ շախմատի մրցաշարի ընթացքում պատանիները կմրցեն իրենց նախընտրած արվեստագետների հետ: Նախագծի հաջորդ՝ ստեղծագործական փուլում, խաղում պարտված մասնակիցներն իրենց նախընտրած գեղարվեստական միջոցներով կպատկերեն հաղթանակ տարած մասնակցին:

Որպես նախագծի ամփոփում տեղի կունենա խաղում պարտված մասնակիցների ստեղծագործությունների ցուցադրություն ԳԱԿ-ի «Պատկերասրահ Մեկ»-ում:

Արդյունքում՝ հաղթանակը դառնում է երկուստեք. հաղթում է թե՛ պարտված նկարիչը, ում աշխատանքը ցուցադրվում է և թե՛ բուն հաղթողը, ում պատկերում են:  

 

Մրցաշարն ուղիղ եթերով կհեռարձակվի ԳԱԿ-ի Facebook-յան էջում:

 

«Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ակտիվորեն շարունակում է  իր նախաձեռնությունները: Մեկնարկում է մեր պատանիների կողմից մշակված ևս մեկ յուրօրինակ նախագիծ՝ «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների»: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանիներին այս նախագծի շրջանակներում իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցելու արվեստագետների հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում կստեղծվեն նոր արվեստանմուշներ և կիրականանա յուրահատուկ ցուցահանդեսային նախագիծ»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

***

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը 13-16 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որը  ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով կառուցել շարունակական հարաբերություններ  պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը: