Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Գրախոսության փոխարեն

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը ընթերցողին է հասցրել «Չինական առասպելներ և լեգենդներ» գիրքը, որը ընդգրկում է բարեկամ ժողովրդի դիցաբանության լավագույն նմուշները։ Գուցե  զուգադիպություն է, բայց ժողովածուն վկայում է այն մեծ տոկունության ու ամուր հոգեկերտվածքի մասին, որը թույլ է տվել դարերի ընթացքում հաղթահարել ամենատարբեր դժվարություներ և արհավիրքներ։ Հնավորությունը օգտագործենք և մեր զորակցությունը արտահատենք մեր բարեկամ ժողովրդին, որի հետ դարերով անցած և համատեղ գոյության փորձված ճանապարհ ունենք։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատան աջակցությամբ և դրանք իրենց տեղը կգտնեն Հայաստանի դպրոցների գրադարաններում։ Գիրքը կազմել և տպագրության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որի խոսքն էլ ներկայացնում ենք ստորև։

 

Տողերիս հեղինակի հետաքրքրության շրջանակում է չինական գրականությունը հնարավորինս հայերենի վերածելու և հայ ընթերցողին հասցնելու առաքելությունը: Այս նպատակով անընդհատ որոնումների մեջ եմ՝ եղածը ուսումնասիրելու, հասկանալու և նոր քայլեր կատարելու առումով:

Վերջերս, երբ իմ հերթական պրպտումների ծիրում հայտնվեցին չինական առասպելները և լեգենդները, ինձ որոնումներս տարան հասցրին 19-րդ դարի վերջը, կոնկրետ՝ 1895 թվականը: Այդ ժամանակ Թիֆլիսում գործող Մ.Շարաձեի տպարանը լույս է ընծայել «Չինական առասպելներ» գիրքը՝ Տիրուհի Կոստանյանցի թարգմանությամբ: Այդ տարիներին Տիրուհի Կոստանյանցը արդեն ճանաչված թարգմանչուհի էր, և, դատելով գրքի վերջում բերված ցուցակից, «Չինական առասպելները» նրա 15-րդ թարգմանությունն է: Պետք է ենթադրել, որ չինական առասպելները թարգմանվել են ռուսերենից, կա նաև այս իրողությունը հաստատող այլ աղբյուր:

Թարմանչուհին գրքի համար ընտրել է չինական հինգ առասպել, հինգ հետաքրքիր սյուժե բարոյախոսական թեմաներով, որոնք կարող են ուղերձներ լինել մեր ժամանակակիցնե- րին, անգամ պետական այրերին և գործիչներին, որ օրենքը, կարգուկանոնը նույնը պետք է լինեն բոլորի համար («Կուզիկ Լիէու»): Հաջորդ առասպելի («Աշխատության հրեշտակը») հերոսը մի սկզբունք ունի. միայն եռանդուն, տոկուն աշխատանքով կարելի է հասնել հաջողության: Իսկ «Երկու եղբայր» առասպելի հերոսները ցույց են տալիս, որ ինչ գժտություններ էլ առաջ գան եղբայրների միջև, երբեք արյունը ջուր չի դառնում: Մեկ այլ դեպքում էլ «իմաստուն խորհրդատուն» ավելին է անում, քան իրական ժառանգները, քանի որ դրան հասնում է նպատակային և սեփական քայլերով: Եվ վերջապես «Սիու-Լիէն»՝ չինական իշխանի աղջիկը, առասպելի հերոսի դերում պատրաստ է կյանքը զոհել իր հոր ազատության համար: Այսպիսի բովանդակային զարգացումները և լուծումները ընթերցողին մղում են նոր խոհերի և մտորումների, նաև գործնական մոտեցումների:

Երբ գրում եմ այս տողերը, ձեռքիս է այդ եզակի հրատարակության գիրքը իր 124-ամյա պատմությամբ և 104 էջ շարադրանքով՝ ամեն մի առասպելի մուտքի նկարազարդումով ու վերջին էջի խորհրդանիշով: Ու բնական է, որ շարադրանքը դասական հայերենով է կատարված, բայց որպեսզի ընկալելի և հասկանալի լինի առանձնապես դպրոցահասակ երեխաների համար, նպատակահարմար է այն ներկայացնել ժամանակակից հայերենով՝ բայց հավատարիմ մնալ այդ թարգմանության ոգուն և էությանը:

Մեր որոնումները, իհարկե, չպետք է բավարարվեին այսքանով, քանի որ բոլորս գիտենք, որ չինական առասպելները և լեգենդները, նաև ավանդազրույցները հարուստ ու բազմազան են: Դրանք ընդգրկուն են և առնչվում են աշխարհի, կյանքի և մարդկության ստեղծմանը՝ նաև այդպիսով ներկայացնելով հնագույն պատմություն և քաղակրթություն ունեցող Չինաստանը իր բազմազան մշակութային ժառանգությամբ։ Եվ բնական է, որ մեզ են հասել չինական ինքնատիպ առասպելներ ու լեգենդներ, ավանդազրույցներ, որոնցում հստակ երևում է, թե հնագուն Չինաստանում ինչպես են պատկերացրել ու ներկայացրել աշխարհի ստեղծումը, կառավարումը, այդ ամենի արտահայտումը դիցաբանության էությամբ, բովանդակությամբ ու ոգով, երբ վերջին հաշվով հաղթում են ճշմարիտը և բարին՝ կյանքի և իրականության զարգացումը բերելով մարդկային լավագույն հատկանիշների դրսևորման մակարդակին։

Եվ պատահական չէ, որ առաջին հերթին առասպելներ են ծնվում Պան-հուի՝ աշխարհը ստեղծողի, Նյուվեի՝ մարդկանց արարողի կամ պարզապես Ֆուսի մասին, ով մարդկանց բարի գործ է սովորեցնում՝ ձուկ որսալ... Առասպելաբանությունը չի մոռանում Հունի և Յուի մասին, ովքեր պայքարում են ջրհեղեղների դեմ։ Եվ այսպես շարունակ: Երբ առասպելների ու լեգենդների հերոսները չինական իրականության հնագույն ժամանակների ոգու և էության, զարգացումների պահպանիչներին են ներկայացնում և այն հզոր ուժերը, որոնք մարդկանց շրջանում լինելության, պայքարելու և հաղթելու լավագույն կարողություններն ու հատկանիշներն են սերմանում: Բնական է նաև այն իրողությունը, որ առասպելների և լեգենդների հիմնական հերոսները առանձնանում են իրենց հնարամտությամբ, նպատակասլացությամբ, հզոր լիցքերով ուժով ու հրաշագործությամբ և նմանօրինակ հատկանիշներով, որոնց շնորհիվ էլ իրականացվում է չին ժողովրդի զարգացումը և առաջընթացը։ Գուցե և հենց այս առումով էլ ժողովրդի կողմից ստեղծված են բազմազան առաքելություն իրականացնող հերոսները։ Օրինակ՝ Ցզաո-վանը օջախի իշխանն է, օջախի աստվածը, Ցզի-հունը մանուշակագույն կույսն է, Շենշունը՝ աստվածային վիշապ է, որը վերահսկում է եղանակը, Յույցյունը անընդհատ հանգստացնում է ծովը։ Ամեն մի նման հերոս յուրահատուկ հրաշագործ է, որը աջակցում է մարդկային լավագույն հատկանիշների պահպանությանն ու կայացմանը։

Գաղտնիք չէ նաև այն իրողությունը, որ չինական առասպելները և լեգենդները համարվում են հնագույններից մեկը աշխարհում։ Դրանք գրի են առնվել դեռևս «Շու ցզին» («Պատմության գիրք») աշխատությունում (մ.թ.ա. 3-րդ դար)։ Այստեղ նկարագրվում է Չինաստանի կյանքը լեգենդար Յաո կայսեր օրոք։ Չինական առասպելաբանությունը ավելի ամբողջական է արտահայտվում «Շան հայ ցզին» («Լեռների և սարերի կատալոգ») աշխատությունում՝ գրված անհայտ հեղինակի կողմից III-II դարերում։ Այստեղ տեղ գտած ստեղծագործություններում ժանրին բնորոշ հերոսների և նրանց գործողությունների ներկայացումից բացի մեծ տեղ է տրվում Հին Չինաստանի աշխարհագրությանը, բուսական և կենդանական աշխարհի նկարագրությանը, բժշկությանը և տիեզերքին առնչվող տեղեկատվության օգտագործմանը, դրանով իսկ Չինաստանը ներկայացնելով ավելի ամբողջական և համակողմանի։ Նաև այսպես չինական առասպելների և լեգենդների հերոսները և գործող անձինք ավելի ու ավելի մոտիկ էին կանգնում կյանքին՝ կտրված չլինելով իրականության դժվարություններից։ Հենց նման իրավիճակներում ներկայացվող հերոսներն իրենց հրաշագործությունները կատարում էին իրենց միջավայրերի ամբողջական ներկայացմամբ ու նկարագրությամբ։ Այլ խոսքով՝ առասպելների և լեգենդների հերոսները՝ աստվածները, կայսրերը, իշխանները, հրաշագործները, ոգիները և կախարդական էակները, մեզ տանում են իրենց հանելուկային աշխարհներով, ինչ-որ չափով բացում դրանք՝ մատնանշելով բոլոր ժամանակների անհրաժեշտ համամարդկային արժեքները։ Չես կարող չհամաձայնել նաև այն մոտեցման հետ, որ չինական առասպելաբանությունը պատկանում է մարդկային մշակույթի բարձրագույն օրինակներին, քանի որ այն իր մեջ պարունակում է հարուստ արժեքային մոտեցումներ։ Բովանդակալից ու տպավորիչ են ներկայացվող պատմությունների շարադրանքը, ասելիքը, մտածողությունը, փիլիսոփայությունը, նկարագրությունների կոնկրետ հասցեականությունը և նպատակամետությունը։

Չմոռանանք, որ առասպելները և լեգենդները ոչ միայն իրենց արտահայտությունն են գտել գրավոր աղբյուրներում, այլև փոխանցվել են շուրթից շուրթ, սերնդից սերունդ՝ հարստացնելով ու հղկելով այդ ինքնատիպ ժողովրդական գրականության նմուշները։ Հենց նման ճանապարհով են այդ ստեղծագործությունները դառնում համաժողովրդական՝ դառնալով իրենց մշակույթի և ինչ-որ տեղ նաև ապրելակերպի անբաժանելի մասը՝ բարձր գնահատելով այն կենսափիլիսոփայությունը, որն արտահայտված է դրանցում։ Այստեղ տեղին է նշել, որ գրքի տպագրությանը իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ հանձինս արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի, որը «Չինական ժամանակակից պատմվածքներ» գրքի շնորհանդեսի ժամանակ տողերիս հեղինակին ասաց. «Սպասում եմ հաջորդ գրքին»։

Ամիսներ անց այդ նոր գիրքը ընթերցողի սեղանին է։

 

Հ.Գ. Ես էլ իմ զորակցությունը եմ հայտնում չին ժողովրդին կորոնովիրուսի դեմ պայքարում, մանավանդ, որ ի դեմս չինական դիցաբանության գործ ունենք անպարտելի ու  բարի հերոսների ու նրանց հավաքական ոգու ու էության հետ։ Նման իրավիճակներում մեր բարեկամ ժողովուրդը միայն հաղթանակներ է տարել...

 

Սերգո Երիցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր