Փետրվարի 20-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Յուրի Դավթյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի պետական երաժշտանոցի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։
Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թ. հունիսի 10-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938 թ. ընդունվել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-1952 թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և տեսության բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գեորգի Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում որպես ստաժոր: 1953 թ․-ից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես դիրիժոր, 1980-2000 թթ․ եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա. Բաբաևի «Արծվաբերդ», Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ. Վերդիի «Տրավիատա», Գ. Եղիազարյանի «Սևան», Ս. Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» երաժշտաբեմական ներկայացումները: 1962-1963 թթ․ վարպետության դասընթացներ է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-1966 թթ․ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-1970 թթ․ և 1992-1994 թթ․ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն:
Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում:
Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ:
Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր: 1969 թ․-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979 թ․-ից՝ պրոֆեսոր): 1972 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին:
Փետրվարի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը և այլք:
Նախարար Արայիկ Հարությունյանը Յուրի Դավթյանին համարում է դիրիժորական դպրոցի երևելիներից մեկը: «Գոյություն ունեցող դիրիժորական դպրոցը նաև նրա շնորհիվ է կայացել: Լավագույն մասնագետները և վարպետներն առնչություն են ունեցել Յուրի Դավթյանի հետ, նրա ձեռքի տակով են անցել: Կարծում եմ` մեծ կորուստ է բոլորիս համար: Հիմա նրա աշակերտները պետք է իրենց լավագույնս դրսևորեն՝ այդ դպրոցը պահպանելու և շարունակելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ 2019 թվականի միջոցառումների ժամանակ առիթ է ունեցել ծանոթանալու և շփվելու դիրիժորի հետ:
Դաշնակահար Զարուհի Թոփչյանն օպերայի և բալետի թատրոնում աշխատանքի ընդունվելու օրվանից ճանաչել է ՀՀ ժողովրդական արտիստին և շատ գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել նրանից: «Նրա հումորը, նրա վերաբերմունքը աշխատանքին, նրա կողմից մշակած երաժշտության տակտերը… Պետք է աշխատենք, որ Յուրի Դավթյանի հիշողությունը մնա սերունդների մեջ: Ներկայացնենք դիրիժորի ձայնագրությունները և գրքերը, որպեսզի ճանաչեն նրա աշխատանքը»,- ասաց Թոփչյանը:
Հայտնում ենք մեր ցավակցությունները Յ․ Դավթյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեծ երաժշտի արվեստը գնահատող երաժշտասերներին։
orer.eu