Յուրաքանչյուր տարի hայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
Մեր երկրում տոնի ավանդույթի հիմքը դրել է Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը եւ ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է 2008 թվականից:
Այսօր տոնն արդեն ժողովրդականություն է վայելում, ինչի վկայությունն է նաև արդեն մի քանի օր մարդկանցով լի գրախանութները։ Օրվան նվիրված կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում իրականացվեցին բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:
Այստեղ փետրվարի 19-21-ը անցկացվելու են արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր:
Անցկացվեցին գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացվեց «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն:
Իսկ ընդհանուր ընթերցասրահում բացվեց Ուրուգվայական անկյուն: Բացումն իրականացրեցին մեր երկրում Ուրուգվայի Հանրապետության պատվո հյուպատոս Էդուարդո Ռուզենբերգը և սիրված գրքօջախի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը:
Իր խոսքում գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը նշեց,որ այսօր շատ կարևոր օր է, երբ գրադարանն այս տոնական օրը արժեքավոր նվեր է ստանում ու բացում մեր երկրում առաջին ուրուգվայական անկյունը: Անկյունի բացումով ստեղծվելու է իսպանական թարգմանչական արվեստի կենտրոն: Սա Ուրուգվայից ստացված գրքերի առաջին խմբաքանակն է, այն դեպքում, երբ գրադարանում ընդհամենը կա երկու գիրք, որոնք թարգմանել է Կարա Չոբանյանը:
Իր խոսքում Հայաստանում Ուրուգվայի պատվո հյուպատոսն երախտիքի խոսքեր ուղղեց այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին հույս հայտնեց,որ մոտ ապագայում սիրված գրքօջախի ուրուգվայական անկյունը մոտ ապագայում կընդլայնվի ու կհամալրվի նորանոր գրքերով,որոնք կգտնեն իրենց ընթերցողներին և թարգմանիչներին՝ զարգացնելով թարգմանական ու լատինաամերիկյան գրականության արվեստը մեր երկրում:
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական ալբոմի շնորհանդեսը։ Սրա հեղինակ-կազմողը Հայաստանի Ազգային Պատկերասրահի Գեղանկարի բաժնի պատասխանատու Հայկուշ Սահակյանն է։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ մշակութային օջախի տնօրեն Արման Ծատուրյանը: Նա իր խոսքում նշեց,որ ալբոմի մտահաղացումն եղել է 2019 թ հուլիսի 14-ին Գառնիում, տեղի ունեցող համերգի ընթացքում: Վերջում նա շնորհակալություն հայտնեց ալբոմի հրատարակիչներին ու շնորհանդեսի կազմակերպիչներին:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց ալբոմի հեղինակներին՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք հայ մյուս երախտավորների ալբոմների հրատարակությանը:
Շնորհանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Երևանի Պետական Կամերային Երգչախմբի երգիչ-երգչուհիները: Շնորհանդեսի վերջում խոսեց ալբոմի հեղինակը՝Հայկուշ Սահակյանը: Նա իր ելույթում խոսեց ալբոմի ստեղծման ու կառուցվածքի մասին՝նշելով, որ այն ներկայացված է գեղարվեստի լեզվով: Այստեղ ներկայացված են հայ մեծերի՝Կոմիտասի ու Թումանյանի և Կոմիտասի դիմանկարները, նրանց ստեղծագործությունները: Առկա են նաև չհրատարակված նյութեր, քանդակներ, գեղարվեստի նմուշներ ի վերջո մի շարք արվեստագետների հուշերը նրանց մասին: Իր ելույթն նա ավարտեց ալբոմի շնորհանդեսի հրատարակիչներին ու կազմակերպիչներին ուղղված երախտիքի խոսքերով:
Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի անձնական ֆոնդի բացումը և ցուցադրումը:
Այսպիսով՝ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին: Եռօրյա տոնավաճառի առանցքային միջոցառումը գրքի ցուցահանդես-վաճառքն է. ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թվականի «Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների» մրցույթի մրցանակակիրների հետ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, 2019 թվականի մանկապատանեկան հեքիաթի միջազգային մրցույթի ամփոփում, շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, թեմատիկ խաղ-վիկտորինաներ, ցուցահանդեսներ, վինիլային երաժշտական ունկնդրումներ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր, էքսկուրսիաներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, թեյախմություն:
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, շեշտադրվեց «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ կիրականացվեն նաև թումանյանական մոտիվներով միջոցառումներ:
Փետրվարի 21-ին կազմակերպվելու են Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված լեզվաբանական-խաղ, զրույցներ, պատանիներին հասցեագրված միջոցառումներ տոնավաճառին մասնակից առանձին հրատարակիչների կողմից:Տոնավաճառի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 21-ին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի,
Երևանի Քաղաքապետարանի Իսահակյանի անվան գրադարանի