Հայազգի վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանը ապրիլի 4-ին առաջին անգամ ելույթ կունենա Պրահայի 02 Univers մարզահամերգային դահլիճում։ Նրա Թագավորական ավտոտնակ/ The Royal Garage/ շոու ծրագիրը Եվրոպական շրջագայության ընթացքում կներկայացվի նաեւ չեխ հանդիսատեսին։
ՙԹեեւ 25 տարի առաջ եմ եղել Պրահայում, բայց երբեք ելույթ չեմ ունեցել։ Ապրիլի 4-ին առաջին անգամ կներկայանամ իմ նոր ծրագրով՚՚,- այս մասին այսօր Արա Մալիքյանը հայտարարեց Պրահայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես միշտ համերգային ծրագիրը կլինի բազմազան, կկատարի ինչպես իր ստեղծագործությունները, այնպես էլ դասական (Չայկովսկի, Բախ) ու ժամանակակից կոմպոզիտորների գործեր(Լեդ Զեփելին), և իհարկե, նաեւ հայկական երաժշտություն։
Նա նշեց, որ ինքը քաջատեղյակ է Պրահայի երաժշտական կյանքին, որ դասական երաժշտության լավագույն ավանդույթներ կան, և իհարկե, քաջատեղյակ է չեխ կոմպոզիտորներ Դվորժակի, Յանաչեկի, Սմետանայի , Սուկի ստեղծագործություններին, որոնք քանիցս կատարել է։
Լրագրողներից մեկը նրան նմանեցրեց Պագանինիի հետ, ինչին հայ երաժիշտը պատասխանեց, որ իհարկե, շատ կցանկանար նմանվել վերջինիս, սակայն Պագանին նման է հայելուն, որքան մոտենում ես, միեւնույն է, չես կարողանում հպվել։ Նրա ասելով, ոչ մեկը չի կարող դառնալ Պագանինի։
՚՚ Նա ըստ էության առաջին ռոք աստղն է համաշխարհային երաժշտության պատմության մեջ, որը կարողացավ ջութակի հանդեպ նման հետաքրքրություն առաջացնել եւ մարդիկ սկսեցին գնալ իր համերգներին՝ տեսնելու նրա նվագելու արվեստը՚՚,- ասաց Արա Մալիքյանը։
Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցումին, Արան նշեց, որ իր ծրագրերում անընդհատ անդրադառնում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններին, ծանոթ է հայկական էթնիկ երաժշտությանը։ Իր բոլոր ստեղծագործություններում նաեւ օգտագործում է հայկական մեղեդիներ։
Արա Մալիքյանը խոստովանեց, որ իր ճամփորդությունների ընթացքում ինքը ներշնչվում է ամենատարբեր հանդիպումներից, նոր երաժիշտների հետ շփումներից, նոր երկրների մշակույթից։
Իսկ թե ինչու է Մալիքյանի նոր ծրագիրը կոչվում ՚՚ Թագավորական ավտոտնակ ՚՚(Ռոյալ Գարաժ՚՚) ,երաժիշտը հիշեց, որ իր առաջին ելույթները 8 տարեկանում ունեցել է Բեյրութում՝ պատերազմական տարիներին, երբ հոր խնդրանքով հարեւանների համար նվագել է ավտոտնակում։ Եվ այն ուրախությունը, որ տեսել է հարեւանների աչքերում, հասկացել է, որ պետք է երաժիշտ դառնա ու երջանկություն պարգեւի մարդկանց, որպեսզի մարդիկ մոռանան պատերազմները։
Գովազդային այցով Պրահայում գտնվող հայ երաժիշտը երեկ այցելել է նաեւ Սուրբ հոգի հայկական եկեղեցի եւ հանդիպել հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ,իսկ երեկոյան հանդիպել է Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին։
ՕՐԵՐ ամսագրին տված հատուկ հարցազրույցը կհրապարակենք մեր ամսագրի առաջիկա համարում։
Ի դեպ, նրանք, ովքեր այս օրերին գնեն Արա Մալիքյանի ապրիլի 4-ի Պրահայի համերգի տոմսերը, կարող են շահել մոտոցիկլետ, որը խաղարկվում է համերգի գովազդային արշավի շրջանակներում։
ՕՐԵՐ
Արա Մալիքյանի հանդիպումը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ
Արա Մալիքյանը ՕՐԵՐ ամսագրի խմբագիրներ Աննա Կարապետյանի եւ Հակոբ Ասատրյանի հետ
Արա Մալիքյանը եւ Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը