Փետրվարի 16ին 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր Գերման Ավագյանը։ Անհավատալի լուրը միանգամից տարածվեց սոցիալական ցանցերով։ Լրագրողական ընտանիքը սգում է իր լավագույն զինվորներից մեկի անսպասելի կորուստը։
Նա Հայաստանի անկախության տարիների լավագույն վավերագրողներից էր։ Գերմանը ոչ միայն առանձնանում էր իր լուսանկարչական պատմություններով, այլեւ անդրադառնում էր սոցիալական նշանակություն ունեցող հարցերին, հանքարդյունաբերության խնդիրներին, բանակին ու զինվորներին, հաշմանադմներին ու հիվանդներին։ Նա ամենուր էր....
Տաղանդավոր լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին:
Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը:
Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան.
«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունը միանում է բոլոր ցավակցություններին եւ իր վշտակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։
ՕՐԵՐ