Այսօր Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ինստիտուտի դահլիճում հանձնվեցին Հայաստանի գրողների միության մրցանակները 2019 թվականին հրատարակված լավագույն գրքերին։
Թումանյանի մրցանակը հանձնեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, քանի որ մեծ լոռեցու մրցանակը Հայաստանի գրողների միությունը սահմանել է հայրենակցական միության հետ համատեղ։
Սերգո Երիցյանը ներկայացնելով մրցանակը և մրցանակակիրներին, ասաց,որ թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը հոբելյանական տարում հրատարակել մի քանի գիրք և դրա գագաթնակետը «Հովհաննես Թումանյան» հիմնարար աշխատությունն է՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծին՝ ներկայացնելով նրա կյանքը և գրական ժառանգությունը։
Թումանյանական մրցանակի է արժանացել նաև Ավիկ Իսահակյանի «Վերնատան զավակները»,ուր հեղինակը այդ հետաքրքիր ու ինքնատիպ գրական խմբի գործունեությունը՝ներկայացնելով յուրաքանչյուր անդամի և նախևառաջ մեծն Թումանյանին։ Իր խոսքում Ավիկ Իսահակյանը իր համար մեծ պատիվ է արժանանալ Թումանյանի անունը կրող մրցանակին։
«Առիթ եմ ունեցել շփվելու Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի, դուստրերի,թոռների հետ դեռևս այն ժամանակ,երբ նրանք նոր էին տեղափոխվել Թբիլիսիից և ապրում էին Աբովյանի փողոցում,դեռ չէին տեղափոխվել այսօրվա թանգարանի շենք,որը իսկական թումանյանական օջախ դարձավ։ Պայծառ ու ջերմ հիշողություններ ունեմ նրանց հետ հանդիպումներից»,-ասաց Ավիկ Իսահակյանը։
Իր ելույթում Հայաստանի գրողների միության նախագահ Էդիկ Միլիտոնյանը բարձր գնահատեց մրցանակի արժացած աշխատանքները՝ ավելացնելով, որ նման գրկանագիտական որոնումները պետք է շարունակել՝ բացահայտելով մեր գրողների ստեղծագործական ժառանգությունը։
«Նման մրցանակի արժանի է նաև Իրմա Սաֆրազբեկյանի «Օլգա Թումանյան» բավականին հետաքրքիր ու ուշագրավ ուսումնասիրությունը ՝նվիրված Թումանյանի կնոջը՝ Օլգային։ Թոռնուհին ձգտում է բացահայտել իր մեծ տատի կերպարը, ականատեսի ու հետազոտողի ջանասիրությամբ՝ ձգտելով կերտել մեծն Թումանյանի կողակցի և նրան 10 զավակ պարգևած կնոջ հարոստ կերպարը»,-մեր թղթակցի հետ զրույցում ասում է բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
Տեղեկանում ենք նաև,որ Թումանյանի թոռնուհին տպագրության է պատրաստել «Թումանյանը՝ քննադատ» գիրքը, որը նրա գրական ժառանգության անբաժանելի մասն է կազմում։ Այս օրերին Հայաստանում չէ Սուսաննա Հովհաննիսյանը և ժամանակակից կապի միջոցով արագ տեղեկացավ մրցանակի մասին՝ հայտնելով իր շնորհակալությունը, քանի որ ցանկացած գնահատանք,որը կրում է մեծ Թումանյանի անունը ոգևորում է իրեն։ Իսկ Սերգո Երիցյանը կես-կատակ,կես-լուրջ հիշեցրեց խոստացած հաջորդ գրքի վերնագիրը՝«Թումանյանը՝թամադա»։
Կարինե Տիտանյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի