Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

ՎԱՐՇԱՎԱ.-  2020 թ. փետրվարի 4-ին Վարշավայի սրտում գտնվող Թագավորական ամրոց-թանգարանի «Թիթեղյա կտուրով» պալատի սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումը, որը կազմակերպվել էր «Լեհ-հայկական» հիմնադրամի կողմից՝ Թագավորական ամրոց-թանգարանի աջակցությամբ, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո։ Այս մասին հաղորդում է Լեհաստանի Հայկական հիմնադրամը։ 

 

Թագավորական ամրոցի Արևելյան գորգերի հավաքածուի «Թերեզա Սահակյան» հիմնադրամի սրահում բացվեց լեհահայ նկարչուհի Ադել Հայրապետյանի «Կոմիտաս» շարքի նկարների ցուցահանդեսը, որին հաջորդեց Կոմիտասի ստեղծագործությունների երաժշտական մշակումների լեհական “Sol et Luna” խմբի համերգը։


Մշակութային երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, ով հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի գործունեության, կենսագրական և ստեղծագործական ուղին։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև «Լեհ-հայկական» հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանը, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ինչպես նաև Թագավորական պալատի ներկայացուցիչը։


Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին և համերգին ներկա էին Լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը, միջոցառմանը մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Պիոտր Սվիտալսկին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեհաստանի պետական և հասարակական մի շարք կազմակերպությունների և լեհահայ համայնքի ներկայացուցիչներ։


Նշենք նաև, որ միջոցառման համար ընտրված սրահներում մշտական ցուցադրության է ներկայացված հայազգի Գևորգ և Թերեզա Սահակյան ընտանիքի գորգերի հարուստ հավաքածուն, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական գորգերը:

 

Նկարները՝ SHS Studio

 

ՕՐԵՐ