Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 29ին Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հաղորդում է  «Արմենպրես»ը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,- ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ շփումների մեջ է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և շեշտադրել՝ լարվածության թուլացման կարևոր քայլերից է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովումը:

«Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:  

Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Էմանուել Մակրոնն ուրախությամբ նկատել է, որ արդեն մեկ տարի է, ինչ կատարված է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր դարձնելու իր խոստումը:

«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան իր քաղաքականության հիմքում դրել է ռևիզիոնիզմը. «Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ստի, ժխտողականության ու ռևիզիոնիզմի հիման վրա»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին: Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: