Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Մաեստրոն նշում է իր ծննդյան 81-ամյակը

 

Տիգրան Մանսուրյանը ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունում, Պրահա, 25.01.2020

ՉԵԽԻԱ.- ՕՐԵՐ.- Հունվարի 23-ին եւ 24-ին Բռնոյի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամերային նվագախմբի, երգչախմբի եւ օպերային երգիչներ Անյա Պետերսենի եւ Անդրյու Ռեդմոնդի, ինչպես նաեւ դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխի ղեկավարությամբ ,,Բախ եւ Մանսուրյան,, ծրագրի շրջանակներում կատարվեց Տիգրան Մանսուրյանի հանրաճանաչ ,,Ռեքվիեմը, որը 2011 թվականին գրվել է գերմանական նվագախմբի եւ Ալեքսանդր Լիբղայխի պատվերով ։

Նախօրեին, արդեն չեխական կենտրոնական լրատվամիվոցները իբրեւ շաբաթվա կարեւորագույն մշակութային իրադարձություն ներկայացրել էին ,,Ռեքվիմեի,, փայլուն կատարումը Բռնոյում, իսկ մաեստրո Մանսուրյանի եւ նրա ստեղծագործությանը անդրադարձել էին չեխական կարեւորագույն երաժշտական լրատվամիջոցները, ,,Հարմոնիե, ,,Օպերա պլույս, ,,Ակտուալնի,, ամսագրերն ու կայքէջերը։  

Համերգը կազմակերպվել էր Բռնոյի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ , եւ վայելում էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությունը։ Հայաստանի դեսպանը ոչ միայն ներկա էր առաջին օրվա համերգին, այլեւ նախօրեին կազմակերպել էր Բռնոյի հայերի եւ Մաեստրոյի հանդիպումը։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրվա կատարումը բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդունեց Բռնոյի երաժշտասեր հանդիսատեսը։ Քանի որ տոմսերը մի քանի օր առաջ սպառվել էին, կազմակերպիչները ստիպված ընդառաջ գնալով ունկնդիրների խնդրանքին, հավելյալ տոմսեր էին վաճառել։

Համերգներից առաջ հանդիսատեսի հետ կազմակերպված հանդիպումներին Մաեստրոն պատմեց իր կյանքի ու գործունեության մասին, պատասխանեց հետաքրքրող հարցերին։

Համերգից հետո, պատասխանելով ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցին, Մաեստրոն իր գնահատականը տվեց Բռնոյի համերգին։

Տիգրան Մանսուրյան. ,,Նախ ուզում եմ խոսել համերգի որակի մասին։ Դա իրոք գեղարվեստական բարձր մակարդակի հասած ապշեցնող աշխատանքի արդյունք էր։ Իրապես, թե երգչախումբը, եւ թե նվագախումբը, թե մենակատարները կատարյալ փոխըմբռման մեջ էին շնորհիվ անշուշտ ղեկավար դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխի։ Նաեւ նկատեցի, որ ունկնդիրը շատ հաղորդակից է, շատ զգայուն է, թեեւ արտաքուստ, մարդկանց դեմքերին կամ վարքագծի մեջ դա չէիք տեսնի։ Դահլիճն արտահայտեց իր վերաբերմունքը կատարողներին, հեղինակիս եւ համերգը վերածվեց մի ցնծագին արարողության՝ երաժշտություն, կատարում, ունկնդիր փոխհարաբերության մեջ։ Պետք է նշեմ նաեւ, որ կազմակերպչական կողմը՝ համերգից առաջ զրույցները, կատարումները, այնքան խնամքով ու որակով էին արված։ Շատերը ինձ հիացրին իրենց աշխատանքի մեջ, թեեւ թվում էր իրենց պարտականությունը համեստ մի աշխատանք էր, բայց ինձ զարմացրեց, թե ֆիլհարմոնիայի աշխատակիցներն որքան էին տեղեկացված, որքան էին կապված այդ ամբողջ աշխատանքի հետ։ Մենք լավ պահեր ունեցանք ամեն մեկի հետ առանձին, լինի երաժշտագետ, ֆիլհարմոնիայի ղեկավար անձ, երաժիշտ կատարողներ, թե դիրիժոր Լիբղայխը, ով ինձ համար լիովին նոր կողմով երեւաց։ Մինչ այդ մենք աշխատել էինք նրա հետ Գերմանիայում, հանդիպել եւ աշխատել էինք նաեւ Հարավային Կորեայում, եւ այս անգամ՝ Բռնոյում։ Դա մի նոր հանդիպում էր թե՛ իր կատարողական արվեստի, եւ թե՛ իմ երաժշտության հետ։ Շատ- շատ ուրախ եմ այս համերգի համար»։

Հաջորդ հարցին, թե ,,Ռեքվիեմը,, կատարվել է տարբեր երկրներում եւ տարբեր նվագախմբերի կողմից, ո՞ր կատարումն է իր համար եղել ամենատպավորիչը, Մաեստրոն պատասխանեց.

,,Անշուշտ, ամենաառաջին կատարումը, որը Լիբղայխը կատարեց Բեռլինում, դա առաջին կատարումն էր, առհասարակ գործի ծնունդն էր, որ անմոռանալի էր ինձ համար։ Այդ մեծ շարքը, որ տարբեր երկրներում կատարվել են, որոշ չափով եղել են յուրահատուկ եւ ամեն մեկն իր նկարագիր է ունեցել։ Բայց այն, ինչ որ եղավ նախորդ երկու օրերին,նախ ինձ համար շատ թարմ է, եւ սխալված չեմ լինի ասելու, որ դրանք լավագույն երեկոներն էին այս պահի իմ զգացողությամբ»։

Մաեստրո Մանսուրյանը ՕՐԵՐ ամսագրի հրավերով  եղավ  նաեւ Պրահայում, հյուրընկալվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրատանը, եւ հարցազրույց տվեց, որը կտպագրվի մեր առաջիկա համարներից մեկում։ Նա նաեւ եղավ հայկական Սուրբ Հոգի եկեղեցում, ուր նրան ընդունեց Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը՝ ծանոթացնելով չեխահայ համայնքի պատմությանը։

Մաեստրոն Պրահայից ու Բռնոյից ջերմ եւ անմոռանալի տպավորություններով մեկնեց Երեւան։

Այսօր, լրանում է Մաեստրո Մանսուրյանի 81-ամյակը,ինչի առիթով ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է սիրելի կոմպոզիտորին, մաղթում առողջություն, ստեղծագործական ծրագրերի իրականացում եւ երկար տարիներ։

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝ Բռնոյի ֆիլհարմոնիայի, Հակոբ Խոջայանի, Հակոբ Ասատրյանի

 

Կադրեր Բռնոյի համերգներից

 

ՕՐԵՐ-ի խմբագրությունում Մաեստրոն վերհիշում է 11 տարի առաջ մեր ամսագրին տված հարցազրույցը

Մաեստրոն Պրահայում 18-րդ դարի սկզբին հայ Գեւորգ Դեոդատի  կողմից բացված առաջին  սրճարանի մոտ

Մաեստրոն Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում