Մրցանակը հանձնվել է ՅՈՒՆԻԴՈ կազմակերպության տարեվերջյան հանդիսության ընթացքում
Վիեննաբնակ հայտնի բարերար, բարի կամքի դեսպան դոկտոր Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը 2019-ի դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ) կողմից արժանացել է հատուկ պատվավոր մրցանակի՝ այդ կազմակերպությունում աշխատած 25 տարիների անբասիր եւ նվիրյալ գործունեության համար (1971-1996թ.)։ Տարեվերջյան տոնակատարության ընթացքում ՅՈՒՆԻԴՈ-ի գլխավոր տնօրեն Լի Յոնգն իր ելույթի ընթացքում բարձր է գնահատել դոկտոր Ճգնավորյան-Ազենբաուերի գործունեությունը, նշելով, որ նա գլխավորել է կազմակերպությունը ամենադժվար տարիներին, մեծ թափ հաղորդելով նրա գործունեությանն ու զարգացմանը։ Գլխավոր տնօրենը տիկին Արշալույսին է հանձնել ,, Ողջ կյանքի վաստակի մրցանակը՝ նվիրումի ու նվիրվածության համար,, /'Lifetime Achievement Award for Dedication and Devotion'' / եւ մաղթել նորանոր հաջողություններ։
Հիշեցնենք, որ դոկտոր Ճգնավորյան-Ազենբաուերը առաջին կին պաշտոնյան է, որ բարձր պաշտոն է զբաղեցրել ՅՈՒՆԻԴՈ-ում՝ դառնալով գլխավոր տնօրենի արդյունաբերության գծով առաջին տեղակալ։ 1996 թվականին թոշակի անցնելուց հետո, մինչեւ 2013 թվականը, նա աշխատել է կլիմայի եւ շրջակա միջավայր գծով խորհրդական։
Հայտնի են նաեւ նրա ընտանիքի բարեգործական ծրագրերը, որոնք իրականացվել են ոչ միայն ավստրիահայ համայնքում, այլեւ Հայաստանում, մասնավորապես՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում։
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը շնորհավորել է Դր. Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերին եւ հույս հայտնել, որ նա կշարունակի իր ջանքերը ներդնել ավստրիահայ համայնքի զարգացման գործում՝ իր ստեղծագործական տաղանդով, բարի կամքով և հայրենասիրությամբ:
ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում առողջություն եւ երկար տարիների հայանպաստ գործունեություն։
ՕՐԵՐ