Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած հայկական բանաձեւը, որով ճանաչում եւ դատապարտում է հայկական ցեղասպանությունը: Վերջապես տասնյակ տարիների համահայկական ջանքերից եւ պայքարից հետո, Միացյալ Նահանգների Սենատով եւս ճանաչվում եւ դատապարտվում է Ցեղասպանության իրողությունը:

Այսպիսով կազմաքանդվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքերը, ավարտին է հասնում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարի այս առաջին շրջանը եւ սկիզբ է դրվում հաջորդ առավել խորքային փուլի, որն է՝ պահանջատիրության, հայրենազրկման, եւ փոխհատուցման փուլը, որը իր բնույթով լի է հնարավորություններով եւ միեւնույն ժամանակ բացահայտ ու անհայտ վտանգներով:

 

Պայքարի հետագա հաջողությունը եւ հայոց հաղթանակի ապահովումը ուղղակիորեն կախված է ողջ հայության կազմակերպվածության եւ պատրաստակամության մակարդակից:

Ժամանակն է Հայկական իրավունքների հաստատման, վերականգման եւ հատուցման հարցում խելք խելքի դնել եւ մշակել համատեղ ու կուռ համահայկական ռազմավարություն եւ ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի հաղթանակի վերջնական հաստատումը եւ ցեղասպանության հետեւանքների ամբողջական վերացումը կազմում են մեկը մյուսին կապակցված անքակտելի մի շղթա եւ հանդիսանում են հայության համար ամենամեծ մարտահրավերները: Այս հարցում անթույլատրելի է մասնատվածությունը եւ հատվածապաշտությունը, հարկավոր է ողջ հայության, ոչ միայն տեսլականի եւ ընդհանուր նպատակների նույնականացումը, այլ նաեւ կազմակերպվածության եւ կազմակերպչական հարցերի միասնությունը:

 

Եվրոպայի հայերի համագումար

12 դեկտեմբեր 2019

Շվեդիա