Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 2-ին Պրահայի Լիխտենշտենյան պալատում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի եւ հանրածանոթ վիրտուոզ դաշնակահար Նարե Արղամայնանի փառահեղ համերգը։ Բարձրաճաշակ չեխ հանդիսատեսը, պետական ու հոգեւոր պաշտոնյաները, օտարերկրյա դիվանագետներն ու հայ համայնքի ներկայացուցիչները մեկ ժամից ավելի վայելեցին Կոմիտասյան  երաժշտությունը։

Երեկոն, որն անցկացվեց Չեխիայում Հայաստանի դեսպանության կազմակերպությամբ, ողջույնի խոսքով բացեց դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Նա անդրադարձավ Կոմիտաս վարդապետի թողած ժառանգությանը եւ նրա 150-ամյա հոբելյանին, որը նշվում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությամբ։

Անզուգական Հասմիկ Պապյանն անսահման սիրով ու ջերմությամբ ներկայացրեց Կոմիտասի լավագույն ստեղծագործությունները, որոնց թվում նաեւ մեծ երգահանի կողմից գերմաներենով երկու երգ /Ապրիլ, Զովի անդորրը/, որ տեղ են գտել դեռեւս  2005թ թողարկված ,,Նվիրում Կոմիտասին,,  ձայնասկավառակում։ Իսկ ,,Հայաստան,, երգի կատարումը դահլիճին ստիպեց ոգեշնչվել եւ հուզվել։

Համերգի երկրորդ մասում  տաղանդաշատ Նարե Արղամյանյանը մեկ շնչով  ներկայացրեց Կոմիտասյան մեղեդիները՝ Սարաջյանի, Անդրիասյանի մշակումներով, ինչպես  նաեւ Դելլալյանի, Բաբաջանյանի եւ իր հեղինակային ստեղծագործությունները։ Երեկոն ավարտվեց ,,Վաղարշապատի պարի,, հոգեցունց կատարմամբ։ 

Ներկաները համերգից հետո վայելեցին հայկական գինին եւ իրենց հիացական տպավորությունները կիսեցին համաշխարհային բեմի հայ վարպետների հետ։ Երեկոն նվիրում էր ոչ միայն Կոմիտասին, այլեւ՝ չեխահայությանը։ 

Հ.Ա. ՕՐԵՐ