Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Թութքից ու ճաքից ազատվելու նորարարական մեթոդներ

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը՝ համապատասխան արդի բժշկության պահանջներին: Այստեղ ներդրվել են քիչ ինվազիվ վիրաբուժության  նորարարական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը դարձնում են ավելի արդյունավետ: Իսկ թե ի՞նչ մեթոդներ են դրանք և ինչպե՞ս են օգնում, մանրամասնում է «Էրեբունի» բկ կոլոպրոլտոլոգիական ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Որքան վաղ եք դիմում, այնքան վիրաբուժական միջոցներն էլ լինում են պակաս ինվազիվ և առավել արդյունավետ

Կոլոպրոկտոլոգը զբաղվում է հաստ և ուղիղ աղու հիվանդություններով՝ թութք, ուղիղ աղու ճաք, պարապրոկտիտ, պոչուկի էպիթելյալ ուղիներ, հաստ և ուղիղ աղիների ուռուցքներ։

 Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո: «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանն իր պրակտիկայում ներդրել է թութքի բուժման նորագույն, քիչ ինվազիվ մեթոդներ, որոնք միջազգայնորեն ընդունվել են որպես բուժման ամենից արդյունավետ միջոցներ: «Թութքը զարգանում է 4 աստիճանով։ 1-ին և 2-րդ աստիճաններում մենք կիրառում ենք թութքային (հեմորոդիալ) հանգույցների լատեքսային լիգավորում։ Այս պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում, քանի որ մեր օրգանիզմն ունի 3 թութքային հանգույց, անհրաժեշտ է, որ պացիենտը 3 անգամ յոթօրյա ընդմիջումներով ընդամենը 10-15 րոպեով այցելի մեզ և վերջնականապես ազատվի այդ տհաճ հիվանդությունից։ 3 –րդ աստիճանում մենք կատարում ենք տրանսանալ հեմորոդիալ դեարտերիլիզացիան (THD)։  Ի դեպ, THD վիրահատություններ Հայաստանում կատարում ենք միայն մենք։ Սա քիչ ինվազիվ մեթոդ է և համարվում է թութքի բուժման  ամենաանցավ ու արագ մեթոդը, որը փաստացի օգնում է 1 օրում ազատվել թութքից: Միայն թե և՛ այս, և՛ լատեքսային լիգավորման մեթոդներով բուժվելու համար պետք է բժշկին շուտ դիմել թութքի առաջացման նախնական փուլերում, որովհետև 4-րդ փուլում արդեն մենք այլընտրանք չունենք. բուժում ենք միայն ավանդական վիրահատական միջամտությամբ, որը ռադիկալ վիրահատական մոտեցում է»։

Չնայած որ մարդիկ գիտեն վաղ դիմելիության առավելությունների մասին, միևնույնն է շարունակում են դիմանալ ցավին, բժշկին այցելությունը անընդհատ հետաձգել։ Պատճառները թե՛ֆինանսական են, թե՛ հոգեբանական. մարդիկ ամաչում են իրենց հիվանդությունից։

Պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ տարածվածությամբ 2-րդ տեղում ուղիղ աղու կամ հետաքցի ճաքն է, ասում է բժիշկ Շահանզարյանը. «Այս հիվանդությունը բավական լայն տարածում ունի Հայաստանում: Չնայած որ յուրաքանչյուր դեֆեկացիայի ակտի ժամանակ այս  հիվանդները ցավեր են ունենում՝ սովորաբար դիմանում են ցավին, իսկ մասնագետին դիմում են ուշ և արդեն բարդացումներով: Ճիշտ է՝ հետանցքի ճաքը կյանքի համար վտանգավոր հիվանդություն չէ, ուռուցք կամ թարախակույտ չէ, բայց այն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեջ անգամ վախ է առաջանում  դեֆեկացիայի ակտից»:

Surgitron- սարք, որը մեծ արդյունավետությամբ բուժում է պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ

 Ուղիղ աղու կամ հետանցքի ճաքի բարդացած փուլում բժիշկը  դիմում է վիրահատական միջամտության, որը «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիական բաժանմունքում իրականացվում է Surgitron կոչվող սարքավորման օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է ռադիոալիքային սարքավորում, որի օգնությամբ հատվում և հեռացվում է ճաքը՝ առանց վնասելու հյուսվածքները: Էրեբունի բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայությունը շուտով կհամալրվի լազերային նոր սարքավորմամբ, որի կիրառությունը թույլ կտա իրականացնել ավելի արդյունավետ ու նվազ ինվազիվ վիրահատություններ:  Բժիշկ Շահնազարյանը համապատասխան վերապատրաստումներից հետո իր պրակտիկայում կներդնի լազերային վիրահատության մեթոդը՝ որակական նոր մակարդակի հասցնելով կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը։

Վաղ ախտորոշումը փրկում է կյանքը

Էրեբունի բժշկական կենտրոնը նաև հագեցած է կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու հետազոտության համար անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ձեռք է բերել «Օլիմպուս» ֆիրմայի վերջին սերնդի  կոլոնոսկոպ, որն ունի 3D վիզուալիզացիա և հնարավորություն է տալիս հետազոտող բժշկին համատեղել հետազոտությունն ու բուժումը՝ հետազոտության ընթացքում մինչև պոլիպներն անմիջապես հեռացնելով:  «Հաստ աղիքում բարորակ գոյացությունները՝ պոլիպները, 99 % դեպքերում դառնում են չարորակ: Բայց պոլիպները սովորաբար շատ դանդաղ են զարգանում, և օրգանիզմում զգացնել չեն տալիս: Դրանք սովորաբար հայտնաբերվում են պատահաբար՝ կոլոնոսկոպիայի ժամանակ: Բժշկության մեջ դրանք համարվում են կլինիկական «գտածո»: Մեր բաժանմունքում կոլոնոսկոպիական հետազոտության ընթացքում եթե հայտնաբերվում են մինչև 1 սմ մեծության պոլիպներ, կոլոնոսկոպի օգնությամբ այդ պոլիպները միանգամից հեռացվում են»,-ասում է բժիշկ Շահնազարյանը։  Ուռուցքաբանության մեջ կոլոռեկտալ ուռուցքները այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, գտնվում է  3-րդ-4-րդ տեղում: Վերջին տասնամյակում 10 անգամ հաճախացել է կոլոռեկտալ ուռուցքով հիվանդացությունը: Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղով  հիվանդացությունը  կազմում է 100.000 բնակչին 17 մարդ: Ժամանակին կոլոնոսկոպիական հետազոտություն անցնելու դեպքում հնարավոր է խուսափել քաղցկեղից։ Ժամանակակից բժշկությունը ստեղծում է մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնց կիրառությունը բուժումը դարձնում է շատ ավելի արդյունավետ, անցավ, բարելավում է պացիենտի կյանքի որակը։ «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը, որպես ոլորտի առաջատարներից մեկը, միշտ ներդրել է բժշկական նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ իր պացիենտներին առավել լավ բժշկական օգնություն և ծառայությունների ավելի լայն ու արդիական սպեկտոր առաջարկելու համար։ Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում։