Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Արդաշ Կակաֆեան
1941 Մոսուլ, Իրաք - 1999 Փարիզ, Ֆրանսիա
«Անվերնագիր», 1960-70-ականներ
Թուղթ, գունավոր վիմատպություն

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը 2019թ. նոյեմբերի 28-ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ ներկայացնելով ընտրանի արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից: Սա Կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցադրությունն է:

 

20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից ընտրված շուրջ 60 արվեստանմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում:  Ցուցադրությունը սահուն կերպով ուրվագծում է անցյալ հարյուրամյակի ընթացքում արդի արվեստի զարգացումը այս գործընթացին ինտեգրված սփյուռքահայերի տեսանկյունից: Այս հեռանկարներից մի քանիսը քաջ հայտնի են Հայաստանում և արտերկրում, իսկ շատերը պետք է հայտնաբերվեն նորովի: Հավաքական կերպով, այս աշխատանքները նաև թույլ են տալիս հետազոտելու՝ ինչպես է սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը պայմանավորել արդի հայ արվեստը, որը ձևավորվում էր արևելահայ կենտրոններում 1900-ականներից մինչ 1990-ականներ:

 

«Մասնավոր կոլեկցիոների կողմից հիմնադրված կենտրոնի առաջնահերթություններից է ավելի լայն հանրության համար անհասանելի արվեստի ցուցադրումը: Այդուհանդերձ, «Տարագիրներ ու երազողներ» ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է գրաֆիկական արվեստի մի թաքնված գանձարան, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի մասնագետները ծանոթ չեն Հայաստանում և որոնցից շատերը երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2019թ. նոյեմբերի 29-ից մինչև  2020թ. մարտի 1-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

ՕՐԵՐ

 Մելինէ Քոչար-Օհանեան
1909 Օսմանյան Կայսրություն (?) -1969 Փարիզ, Ֆրանսիա
«Աղավնիով կինը», 1950-ականներ
Թուղթ, գուաշ, մատիտ

Էտկար Շահին
1874 Վիեննա, Ավստրիա - 1947 Փարիզ, Ֆրանսիա
«Ծեր մուրացկան կինը եկեղեցում»,
նկարազարդում Գյուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր» վեպի համար, 1928
Ճապոնական թուղթ, օֆորտ, չոր ասեղ
21,6x16 սմ