Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2011 թվականից անընդմեջ ամեն տարի գերմանական Շտուտգարտում անցկացվում են Բադեն-Վյուրթեմբերգի հայկական մշակույթի օրեր։ Մենք արդեն անդրադարձել ենք այդ մեծ մշակութային հրավառության որոշ դրվագների, բայց ինչպես  ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց  ձեռնարկի կազմակերպիչներից,Բադեն-Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ  Տեր Տիրատուր Սարդարյանը, հայ անվանի կոմպոզիտոր  Ռոբերտ Ամիրխանյանն աննկարագրելի գեղեցիկ ու փիլիսոփայական երաժշտության  է նվիրել  Շտուտգարտի Հայ Մշակույթի Օրերին։

,,Այս հիմներգը, որն այս տարի առաջին անգամ հնչեց Շտուտգարտի Լիդերհալե համերգասրահում  տաղանդավոր հայեր՝ սոպրանո Հրաչուհի Բասենցի ու Վյուրթեմբերգի Կամերային Նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ղազարյանի կատարմամբ, չպետք է մնա միայն այստեղ Շտուտգարտում, այլ պիտի տարածվի ամբողջ աշխարհով մեկ, ոգևորելով ամեն մի հայի, պահպանելով իր սրբազան ավանդությունը, գիտակցելով իր անցած ճանապարհը, լիահույս շարժվել առաջ, կերտելով երազ երկիրը Հայաստան,,- ասաց Տեր հայրը։ 

Ստորեւ ներկայացնում ենք հիմներգի տեքստը։ 

Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ

Խոսք և երաժշտություն՝Ռոբերտ Ամիրխանյանի

Իմ սիրելի Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին`
որպես իր ջանքերով Շտուտգարդում կայացող
„տիրատուրյան երեկոներ“ մշակութային օրերի հիմներգ:
Սիրով եւ հարգանոք` Ռոբերտ Ամիրխանյան
___

Հավատում եմ քեզ, հպարտ իմ ժողովուրդ,
Քեզ, որ պատմության մահաշունչ օրերում,
Տոկացել ես հար, հաղթել հերոսացել,
Ջինջ երազը քո վառ ես միշտ պահել,
Քեզ, որ առաջինն ես հասկը սերմանել,
Քեզ, որ առաջին հուր գինին ես քամել,
Խոյանքով անդուլ շենշող քո հանճարի
Առնացել ես հար սրի դեմ չարի։
Հայաստան, մեր տուն, մեր հույս ու լույս երազն ես,
Քարից քամված մեր արցունքն ու հին վերքն ես։
Փորձության մեջ ամբարած կենսառատ բարին
Ու լույս հոգիդ քանդակել ես խաչքարին։
Հայաստան մեր տուն, մեր ծուխն ու շեն օջախն ես,
Անձեռակերտ լուսածին շող թագն ես։
Թող շենանա նորոգվի քո կյանքի ճամփան,
Քարե քնքշանք մեր անուշ Հայաստան։

Հավատում եմ քեզ, որ հողմերում վրդով
Դարերից բերած քո խորհին խորհրդով,
Դու նորից պիտի հառնես քո Նարեկով,
Մկրտվես քո հին խաչքարիդ լույսով։
Հրդեհվես պիտ դեռ քո Չարենցյան ոգով,
Մատյանով քո Սուրբ, ու սիրո տաղերով,
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
Հավատում եմ քեզ իմ հայ ժողովուրդ։
Հայաստան, մեր տուն, մեր հույս ու լույս երազն ես,
Քարից քամված մեր արցունքն ու հին վերքն ես։
Գողթան երգիդ վարարուն հույզն ու խինդը վառ,
Թող ավետեն նոր կյանքիդ երազն անմար։
Հայաստան մեր տուն, մեր ծուխն ու շեն օջախն ես,
Անձեռակերտ լուսածին շող թագն ես։
Քո նոր կյանքով փարատիր, հին վերքերը քո,
Ծաղկիր հավերժ իմ անպարտ Հայրենիք։

Թող շենանա նորոգվի քո կյանքի ճամփան։
Ծաղկիր ազատ իմ հպարտ ժողովուրդ։
Ծաղկիր ազատ իմ հպարտ Հայրենիք։