Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է թավջութակահար Գրիգոր Առաքելյանը 

Նոյեմբերի 5-ին ժամը 21.30-ին պորտուգալական Սինտրա քաղաքի Ազգային պալատում տեղի կունենա հայտնի թավջութակահար, հայկական վիոլայի վարպետ կատարող Գրիգոր Առաքելյանի եւ  Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ,,Կոնսոնանսիա,, լարային նվագախմբի համերգը։ 2016 թվականին պորտուգալացի եւ հայ երաժիշտներից կազմված նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է ջութակահարուհի Ելենա Ռյաբովա-Մխիթարյանը։

Համերգի կազմակերպիչներն են Պորտուգալիա-Հայաստան միությունը եւ Սինտրայի քաղաքապետարանը՝ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ։ Համերգի նախօրեին ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է անվանի թավջութակահար Գրիգոր Առաքելյանը։

 

-Նոյեմբերի 5-ին նախատեսվում է Ձեր ելույթը պորտուգալական Սինտրայում։ Ինչպե՞ս իրականացավ այդ գաղափարը եւ ինչո՞ւ Կոնսոնանսիա նվագախմբի հետ։

- Անցյալ տարի ինձ դիմեց ,,Կոնսոնանսիա,, նվագախմբի ստեղծող և ղեկավար Ելենա Ռյաբովա-Մխիթարյանը, որին ծանոթ եմ միայն Ֆեյսբուքով։ Նա առաջարկեց այսպիսի մի երաժշտական համագործակցություն։ Ինքս տարբեր նվագախմբերի հետ իրականցրել եմ նման ծրագրեր։ Ուստի, ուրախությամբ համաձայնվեցի իրականացնել մի համերգ, ուր պիտի հնչեն հայ երաժշտության, ըստ իս լավագուն նմուշները նոր, թարմ մատուցմամբ՝ Կոմիտասի գործերը, նաև հայ միջնադարից եկած եղանակները իմ մշակումներով լարային նվագախմբի համար։

 

- Դուք նվագախմբին ծանոթ էիք, արդեն նվագել եք միասին։ Պորտուգալիայում առաջին անգամ եք ելույթ ունենում։

 

  • Պորտուգալիայում հանդես եմ գալու առաջին անգամ։ Նվագախմբին լսել եմ միայն ձայնագրություններով։ Այսպիսի ծրագիր իրականացրել եմ Նիդերլանդներում Պարնասուս նվագախմբի հետ, ԱՄՆ-ում Հարավային Կարոլինայում՝ Aiken Civic Orchestra-ի հետ, և իհարկե Հայաստանում։ Նման ծրագրով հանդես եմ եկել նաև տարբեր երգչախմբերով Կանադայում և Նիդերլանդներում։ Անչափ ուրախ եմ այս հրավերի համար, քանի որ սա նոր հնարավորություն է, նոր լսարան, նոր երկիր, ուր պիտի հնչեն հայ երաժշտության ամենաարժեքավոր շերտերը։

 

- Դուք ոչ միայն նվագում եք, այլեւ ստեղծագործում եք եւ համերգի ծրագրում ընդգրկել եք թե Կոմիտասի, թե Ձեր ստեղծագործություններից։ Ինչպե՞ս եք կատարել ծրագրի ընտրությունը։

 

  • Այս ծրագիրը մտքիս մեջ հասունացել է տարիների ընթացքում։ Միշտ ձգտել եմ ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները գործիքային համույթներով, քանի որ նրան ժամանակին չի հաջողվել գրել նաև նվագախմբի համար։ Ամենակարևորը ինձ համար կոմիտասյան մտածելակերպի տարածումն է, ինչին ձգտում եմ նաև սեփական մշակումներում և ստեղծագործություններում։ Ծրագրի ընտրությունը կատարել եմ որոշակի սկզբունքով. ներառել հայ երաժշտության տարբեր տեսակները-հոգևորը, ժողովրդական երգերը, պարեղանակները։ Եվ այս բոլորի ծագումը պետք է լինի դարերի խորքում, երբ դեռ շատ չէին օտար ազդեցությունները։

 

- Խնդրում եմ ներկայացնել նաեւ այն գործիքը՝ Viola da gamba-ն, որով նվագում եք, ինչով է այն տարբերվում դասական թավջութակից։ Հայերեն ինչպե՞ս եք այն անվանում։

 

  • Նվագարանիս ստեղծումը տեղի ունեցավ 1993 թ. - ին։ Տեսնելով մեր հայտնի հայ վարպետ Մարտին Երիցյանի ստեղծած քեմանիները, որոնք ունեն ջութակի չափը, առաջարկեցի նրան պատրաստել գործիք իմ նախընտրած չափերով և լարվածքով։ Լինելով թավջութակահար և սիրելով թե քեմանիները, թե եվրոպական viola da gamba- ն, առաջարկեցի ստեղծել թավջութակից մի քիչ փոքր նվագարան, որ պիտի ունենա չորսի փոխարեն վեց լար։ Հայերեն գործիքն անվանեցինք ջութ, քանի որ դեռ 10-րդ դարում ունեցել ենք այսպիսի նվագարան։ Սակայն միջազգային ասպարեզում հասկանալի լինելու նպատակով այն անվանում եմ հայկական վիոլա (Armenian Viola). Վիոլան ցույց է տալիս իր ընտանիքը - viola da gamba, viola d'amour, viola pomposa, հայկականն էլ՝ ազգային պատկանելիությունը։ Ինչպես, օրինակ՝ French horn։  Հայկական վիոլան մինչ այսօր հնչել է բազմաթիվ բեմերում, միջնադարյան երաժշտության փառատոններում Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆում։

 

-Մի փոքր ձեր մասին, ո՞րտեղ եք ծնվել, ավարտել ,ո՞րտեղ եք աշխատում։ Բացի Հայաստանից, ո՞րտեղ եք հանդես գալիս ելույթներով։

 

  • ‌Ծնվել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանի մոտ, և կոմպոզիցիայի բաժինը՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մոտ։ Աշխատում եմ իբրև ազատ ստեղծագործող՝ բազմազան ծրագրերով հանդես գալով տարբեր երկրներում։ Ներկայացնում եմ հայկական երաժշտություն և եվրոպական բառոկկո հայկական վիոլայով։ Ելույթներով հանդես եմ եկել տարբեր փառատոններում՝ Paris Radio France, Festivals Thoronet, Pontoise, Monaco Central Cathedral, Quebec International Sacred Festival, Athens Baroque Festival, ինչպես նաեւ Գերմանիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Բելգիայում։

 

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

orer.eu