Եկեղեցին մեզ համար դաստիարակ է, որովհետև գիտակից և բարեվարք հավատացյալը նաև պետության պարտաճանաչ քաղաքացին է
Հոկտեմբերի 24-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանի հրավերով Վիեննայի առաջնորդանիստ Ս․ Հռիփսիմե եկեղեցի այցելեց Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ով միևնույն ժամանակ կատարում է Ավստրիայի Մշակույթի նախարարի և Կրոնից գործոց հանձնակատարի պարտականությունները։
Նախարար Շալլենբերգին ուղեկցում էին Ավստրիայի Կրոնից վարչության պետ Ֆլորիան Վելցիգը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Քրաուտը։
Ողջունելով հյուրերին համայնքի սրահում՝Հայրապետական պատվիրակն ընդգծեց քրիստոնեական հավատքի ու եկեղեցու կարևորությունը տեղի հայ համայնքի կյանքում։ «Ս․ Հռիփսիմե եկեղեցին տեղի հայության համար ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև Աստծո հետ իմ բազմաչարչար ժողովրդի զավակների հանդիպման վայր։ Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ զրկանքներ է կրել, բազում տառապանքներ են թակել նրա դուռը, սակայն անսասան իր հավատքով նա կարողացել է հաղթահարել դժվարին ժամանակները և կերտել իր լուսավոր ապագան։ Եկեղեցին մեզ համար դաստիարակ է, որովհետև գիտակից և բարեվարք հավատացյալը նաև պետության պարտաճանաչ քաղաքացին է»։
Սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրիայի կառավարությանը և իշխանություններին՝ ի դեմս նախարար Շալլենբերգի, որոնք լավագույն պայմաններն են ստեղծում և աջակցում քրիստոնեական համայնքերին Ավետարանի բարի լուրը անխափան քարոզելու և հոգևոր խնամք իրականացնելու իրենց համայնքներում։
«Երկու օրից՝ հոկտեմբերի 26-ին, միասնաբար նշելու ենք Ավստրիայի ազգային տոնը։ Սիրելի պարոն նախարար, ջերմորեն շնորհավորում եմ ամենքիս այս բարեպատեհ առիթով և աղոթում բարգավաճ, ժողովրդավար և առաջադեմ Ավստրիայի համար», - նշեց իր խոսքում Տիրան Սրբազանը: Ապա Հայրապետական պատվիրակը Ավստրիայի իշխանություններին՝ ի դեմս արտգործնախարարի, փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու լավագույն բարեմաղթանքները։
Ավստրիայի կառավարական պատվիրակությանը ողջունեց նաև Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի ատենապետ դոկտոր Վահագն Ամիրջանյանը՝անդրադառնալով հայ-ավստրիական հարաբերությունների բնականոն զարգացմանը, Ավստրիայում հայ համայնքի ակտիվ գործունեությանը մշակույթի, կրթության, ինտերգրացիայի, բազմաթիվ այլ որորտներում ունեցած ավանդին, համագործակցության արդյունավետությանը:
Ավստրիական պատվիրակությունը հանդիպման շրջնակներում նաև այցելեց Վիեննայի Հ. Շիրազի հայկական շաբաթօրյա դպրոց և Ա.Անտոնեանց մանկապարտեզ, ծանոթացավ գործունեությանը և հիմնական նպատակներին:
Իր խոսքում նախարար Շալլենբերգը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա ընդգծեց, որ տեղի փոքրաթիվ հայ համայնքը հիրավի վայելում է Ավստրիայի իշխանությունների համակրանքը։ Վերջինս արձանագրեց նաև Ավստրիայի Հայ Եկեղեցու ակտիվ մասնակցությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսությանը, ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այլևս Ավստրիայի անբաժան մասն է և միայն հարստացնում է երկրի կրոնական-մշակութային բազմազանությունը։
Արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգն ասաց, որ առաջին անգամ է այցելում հայ համայնք, և իր համար մեծ պատիվ է գտնվել առաջին քրիստոնյա ազգի եկեղեցում: Նա իր խոսքում նշեց, որ շատ տպավորված է հայ համայնքում կատարվող աշխատանքներով, որոնք միտված են հայ լեզվի, մշակույթի, կրոնի և ավանդությունների պահպանությանը և գալիք սերունդներին փոխանցելուն: Նա իր պատրաստակամությունը հայտնեց ամեն կերպ օժանդակելու հայ հայանքին և հայ եկեղեցուն:
Հանդիպմանը ներկա էին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը, Ավստրիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Անդրեաս Քհն․ Իսախանյանը, եկեղեցական վարչության անդամներ։
orer.eu